Արամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հայ թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամե (այլ կիրառումներ)։
Արամե
Ուրարտուի թագավոր[1]
Վանի թագավորությունը Արամեի կառավարման ժամանակ
Իշխանությունմ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2])
Ծնվել է՝մ.թ.ա. 9-րդ դար կամ անհայտ[3]
ԾննդավայրՎանի թագավորություն
Մահացել է՝մ. թ. ա. 844 կամ անհայտ[3]
ԵրկիրՎանի թագավորություն[3]
ՀաջորդողԼուտիպրի
միապետ
ՄայրՄուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ

Արամե (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 843/840), Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան մ.թ.ա. 859-մ.թ.ա. 840 (մ.թ.ա. 843[2]) թվականներին։

Ք․ա․ 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում Հայկազունիների Այրարատյան թագավորության անկումից հետո ծնունդ է առնում մեկ այլ պետական կազմավորում՝ Վանի թագավորությունը, որի առաջին թվագրվող արքան Արամ Ուրարտացին է, կամ Արամեն (մ․թ․ա․ 859-843թթ․)։ Սակայն կան աղբյուրներ, որոնք հիմնադիր-արքային։

հիշատակում են մ․թ․ա․ 860-840 թվականներին։

Արամեի մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824 կամ 825[2]) արձանագրություններում։ Նա հետ է մղել Սալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։ Արամեի մեծագործությունը հիշատակվում է Արամ թագավորի մասին ժողովրդական ավանդավեպում[4]։

Սալմանասար Գ-ի արշավանքները Արամ Ուրարտացու դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալմանասար Գ-ի քարակոթողը, որի արձանագրության մեջ նշված է Վանի թագավորության առաջին մայրաքաղաք Արզաշկունը

Ասորեստանը հենց սկզբից փորձում է վճռական հարված հասցնել նորաստեղծ Վանի թագավորությանը[2]։ Սալմանասար Գ-ն մի քանի անգամ արշավանքներ է կազմակերպում Վանի թագավորության դեմ[1]։ Իր թագավորության առաջին տարում Սալմանասար Գ-ն (մ.թ.ա. 859-825) մեծ ուժերով հարավից մի արշավանք է կատարում Վանի թագավորության վրա և գրավում, կողոպտում ու ավերում է սահմանամերձ Սուգունիա բերդաքաղաքը, 14 այլ բնակավայրեր և հասնում «Նաիրի ծովը» (Վանա լիճը)[5]։

Երկու տարի հետո՝ մ.թ.ա. 857 թվականին, Սալմանասար Գ-ն հյուսիս-արևմուտքից հարձակվելով Վանի թագավորության վրա, մոտենում և պաշարում է թագավորանիստ քաղաք Արզասկուն, Արամեն դուրս է գալիս Սալմանասար Գ-ի դեմ և Արզասկու քաղաքի մոտ տեղի ունեցած ուժեղ ճակատամարտում Արամեի բանակը պարտություն է կրում։ Դրանից հետո ասորեսանցիները գրավում ու ավերում են Արզասկու քաղաքը և Արամալի երկրամասի բազմաթիվ բնակավայրեր[6]։

Մ.թ.ա. 848 թվականին Սալմանասար Գ-ն մի երրորդ արշավանք է կատարում Վանի թագավորության վրա, որի մասին նա իր արձանագրության մեջ նշում է շատ համառոտ կերպով. «Ուրարտացի Արամի քաղաքները մինչև Եփրատ գետի (Արածանիի) ակունքը ավերեցի, քանդեցի, հրով այրեցի»[6]։ Արժանահիշատակ է Սալմանասար Գ-ի՝ «Բալավաթի դարպասի» բրոնզե թիթեղների վրա թողած արձանագրությունը։ Այստեղ Սալմանասար Գ-ն պատմում է Արամ Ուրարտացու դեմ իրականացրած արշավանքի մասին և նշում հետևյալը․ «Ուրարտացի Արամուն վախեցավ իմ հզոր զենքի դառնությունից և ուժեղ ճակատամարտից, լքեց իր քաղաքը….: Նա բարձրացավ Ադդուրու լեռները. նրա ետևից բարձրացա և ես, լեռներում ես ուժեղ ճակատամարտ տվեցի, 3400 ռազմիկների ես իմ զենքով կործանեցի, ինչպես Ադադը, հեղեղ տեղացի նրանց գլխին, լեռը կարմիր բրդի նման ներկեցի արյունով, գրավեցի նրա ճամբարը, նրա մատակառքերը, հեծյալները, նիզակները, ջորիները, ունեցվածքը և հարուստ ավար բերեցի ես լեռներից։ Արամուն փրկելով իր կյանքը, փախա անմատչելի լեռան վրա, իմ հզոր ուժով, ինչպես վայրի ցուլ, ճզմեցի ես նրա երկիրը, բնակավայրերը ավերակների վերածեցի և հրկիզեցի»։ Սալմանասար Գ-ն Վանի թագավորության վրա կատարած արշավանքներին շատ կարևոր նշանակություն տալով Սուգունիա, Արզասկու քաղաքներին գրավման տեսարանները քանդակել է տվել Բալավաթի իր պալատի բրոնզե դռների վրա, որոնք այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում։ Բարձրաքանդակներից երևում է, իր Սուգունիան և Արզասկուն կառուցված են եղել բլուրների վրա, ունեցել են պարիսպներ և աշտարակներ[6]։

Մ.թ.ա. 845 թվականին Ասորեստանի թագավորը կրկին ետ է վերադառնում և Տիգրիսի ակունքում քանդակել է տալիս իր պատկերը, որտեղ թողել է նաև մի հսկա արձանագրություն։ Այդ արձանագրության մեջ նա Ուրարտուի թագավոր է անվանում Արամեին[1]։

Մ․թ․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Վանի թագավորությունը ռազմաքաղաքականապես և տնտեսապես այնքան էր զարգացել, որ հաջողությությամբ կարողանում էր դիմագրավել ու ետ մղել Ասորեստանի հարձակումները, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղային միությունները միավորել, կանգնել դրանց գլուխ ու տալ պատմական ընթացք։ Այսպես դրվեց միասնական տերության հիմքերը։ Արամեի գործունեությունը հող նախապատրաստեց հետագայում նրա հաջորդների արտաքին քաղաքականության համար։ Արամեն հիմնականում իր պետության սահմանները տարածեց Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևմտյան ուղղություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Նիկողայոս Ադոնց «Հայաստանի պատմություն», Երևան, 1972
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36
  3. 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 151-152.
  5. «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37
  6. 6,0 6,1 6,2 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 37

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 36-37

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. В. Никольский, Клинообразные надписи Ванских царей, открытые в предлах России, «Древности восточные», 1893, том 1, в. 3, ст. 399.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հիմնադրվել է
Վանի թագավորության արքա
Արամե

մոտ մ.թ.ա. 860-840
Հաջորդող
Լուտիպրի մ.թ.ա. 840-834
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 686