Jump to content

Պարթամասիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարթամասիր
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն113–114
Մահացել է՝114
ՆախորդԱշխադար
ՀաջորդողՎաղարշ Ա
ՏոհմԱրշակունիներ
ՀայրԲակուր Բ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Պարթամասիր (անհայտ - 114), Մեծ Հայքի Արշակունի թագավոր (113-114), Բակուր Բ Պարթևի կրտսեր որդին[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարթամասիրը թագը դնում է Տրայանոսի առջև (Լոդովիկո Պոլյագի, 114 թվական)

Պարթամասիրը եղել է Բակուր Բ Պարթև թագավորի երեք որդիներից մեկը[2][3]։ Մոր անունն անհայտ է։ Նա եղել է Պարթևաց դինաստիայի անդամ, հետևաբար հանդիսացել է Հայաստանի Արշակունիների տոհմի ազգականը[4]։ Մինչև հայոց թագավոր դառնալը՝ նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի։

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակուր Բ-ի գահից հրաժարվելուց հետո պարթևական գահին է բարձրացել նրա եղբայրը՝ Խոսրով Առաջինը։ Ի տարբերություն իր եղբայր Բակուրի, որը չէր ցանկանում հակամարտության մեջ մտնել հռոմեացիների հետ, Խոսրովը 113 թվականին ներխուժել է Հայաստան և գահընկեց արել Տրայանոս կայսեր կողմից հաստատված հայոց թագավոր Աշխադարին (Բակուր Բ-ի ավագ որդուն)՝ նրան փոխարինելով իր դրածո Պարթամասիրով[5][6]։ Խոսրովն, այնուամենայնիվ, ցանկացել է խուսափել Հռոմի հետ բախումից և դեսպանություն է ուղարկել Տրայանոսի մոտ՝ Պարթամասիրին որպես Հայաստանի թագավոր հաստատելու խնդրանքով[7][6]։ Չնայած բոլոր խնդրանքներին ու հորդորներին, Տրայանոսը մերժել է պարթևաց արքային և նրա գործողությունները համարել Հռանդեայի հաշտության պայմանագրի խախտում, ինչից հետո արշավանք է սկսել Հայաստանի և Պարթևստանի դեմ[8]։

114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ[9]՝ այն հետ ստանալու ակնկալիքով[10][11]։ Մերժելով Պարթամասիրի խնդրանքը՝ Տրայանոսը բռնակցել է Հայաստանը և այն վերածել հռոմեական նահանգի[12][11][13]։

Տրայանոսը Պարթամասիրին Հայաստանից հետ է ուղարկել Պարթևստան և շարունակել իր պարթևական ռազմարշավը[11]։ Պարթամասիրն ազատ է արձակվել այն պայմանով, որ պետք է լքի Հայաստանը, սակայն իրեն ուղեկցող հռոմեացիներից փախուստի դիմելու փորձի ժամանակ նրան ձերբակալել են և մահապատժի ենթարկել Տրայանոսի հրամանով[3]։ Հայաստանի հպատակեցումը երկար չի տևել. հետագայում՝ 117 թվականին Տրայանոսի մահից հետո, հռոմեական զորքերը լքել են երկիրը և Հայաստանը վերականգնել է իր անկախությունը[Ն 1]։

Դրամահատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքում Պարթամասիրի պատկերով դրամներ չեն հատվել, այնինչ Հռոմում նրա կերպարը դրոշմված է եղել որոշ դրամների վրա։ Հռոմեական մետաղադրամներում Պարթամասիրը հաճախ պատկերվում է հռոմեական կայսր Տրայանոսի հետ՝ ընդգծելով կայսրի գերակայությունը։ Առաջին հատված դրամները պատկերում են Տրայանոսի և Պարթամասիրի հանդիպումը. կայսրը ներկայացված է հաղթանակած, գերիշխող դիրքով, բարձրացած տրիբունալում, իսկ Պարթամասիրը գտնվում է ներքևում՝ ընդգծելով հռոմեական գերակայությունը, Տրայանոսի զորությունը և տարածաշրջանի նկատմամբ կայսրի վերահսկողությունը[14]։

  1. «Տրայանոսը պատրաստվել է կրկին արշավել Միջագետք, սակայն, քանի որ հիվանդությունը նրան հանգիստ չէր տալիս, նա որոշել է նավարկել Իտալիա՝ Սիրիայում թողնելով Պուբլիոս Էլիոս Հադրիանոսին և զորքը։ Այսպիսով, հռոմեացիները, նվաճելով Հայաստանը, Միջագետքի մեծ մասն ու պարթևներին, զուր ջանքեր էին գործադրել և հաղթահարել վտանգները, քանզի նույնիսկ պարթևներն են մերժել Պարթամասիրին և կրկին վերադարձել կառավարման նախկին ձևին»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mommsen, The provinces of the Roman Empire: from Caesar to Domitian, էջ. 66
  2. Potts, Araby the Blest: Studies in Arabian Archaeology, էջ. 151
  3. 1 2 Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 9. էջ 153.
  4. Farrokh, Shadows in the Desert: Ancient Persia at War, էջեր. 159-8
  5. Arnold, Thomas (1846). History of the Later Roman Commonwealth, from the End of the Second Punic War to the Death of Julius Caesar; and of the Reign of Augustus: with a Life of Trajan (անգլերեն). D. Appleton & Company.
  6. 1 2 Yarshater, The Cambridge History of Iran, Հատոր 3, էջ. 87
  7. Potts, Araby the Blest: Studies in Arabian Archaeology, էջեր. 150 և 151
  8. Bunson, A Dictionary of the Roman Empire, էջ. 303
  9. Քննական պատմութիւն հայոց: Արշակունիքի ի ժամանակի հեթանոսութեան. Պատմական ժամանակ. Բ. 1895.
  10. Mesrop, Gēorg (1915). Հայոց պատմութիւն: քննական. Փարոս հրատարակչական ընկերութիւն.
  11. 1 2 3 Bunson, A Dictionary of the Roman Empire, էջ. 313
  12. Gatʻěrchean, Hovsēpʻ (1852). Tiezerakan patmutʻiwn i skzbanē ashkharhi minchʻew tsʻmer zhamanaks: Mijin patmutʻiwn. I vans Pashtpan S. Astuatsatsni.
  13. Դիոն Կասիոս, Livre LXVIII, chapitres 17, 19 et 20 Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
  14. Alan K. Bowman, Peter Garnsey, Dominic Rathbone The Cambridge Ancient History. — Cambridge University Press, 1982. ISBN 978-0-521-26335-1
  • M. Bunson, A Dictionary of the Roman Empire, Oxford University Press, 1995
  • K. Farrokh, Shadows in the Desert: Ancient Persia at War, Osprey Publishing, 2007
  • T. Mommsen, W. Purdie Dickson & F. Haverfield, The provinces of the Roman Empire: from Caesar to Domitian, Gorgias Press LLC, 2004
  • D.T. Potts, Araby the Blest: Studies in Arabian Archaeology, Museum Tusculanum Press, 1988
  • Yarshater, The Cambridge History of Iran, Volume 3, Cambridge University Press, 1993
Պարթամասիր
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 114
Նախորդող՝
Աշխադար (անհայտ-113)
Պարթամասիր
113-114
Հաջորդող:
Վաղարշ Ա (99-140)