Աշխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աշխեն թագուհի
King Tiridates with his wife Ashkhen and sister Khosrovidukht by Naghash Hovnatan.jpg
ԺամանակաշրջանIV դար
Ծնունդանհայտ
ԾննդավայրԱլանիա
Վախճանանհայտ
Վախճան վայրԳառնու ամրոց
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀոգեգալստյան 4-րդ շաբաթ օր
ՊաշտոնՀայոց թագուհի
ԱզգությունԱլաններ
ԵրկիրStandard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք
ՈւսուցիչԳրիգոր Լուսավորիչ
ՀայրԱշխադար
ԱմուսինՏրդատ Գ Մեծ
ԶավակներԽոսրով Գ և Մահբանու Արշակունի

Աշխեն (նաև՝ սուրբ Աշխեն, անհայտ, Ալանիա - անհայտ, Գառնու ամրոց), IV դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։

Աշխենը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ սուրբ Խոսրովիդուխտի, ամենայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ հայուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։

Առաքինազարդ թագուհին կյանքի վերջում հետևելով ամուսնուն՝ թողնում է պալատական անհոգ կյանքը և մինչև մահանալը ճգնական կյանքով ապրում է Գառնի ամրոցում։ Հայ Եկեղեցին Տրդատ Գ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յայսմավուրք, ԿՊ, 1730, էջ 323։
  • Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, 3 հրտ., Երևան, 1997։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png