Մինաս Ա Ակնեցի
Մինաս Ա Ակնեցի | |
---|---|
Մահացել է | մայիսի 12, 1753 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Մինաս Ա Ակնեցի (ծննդյան թիվն անհայտ – 1753 թ. մայիսի 12), Ամենայն հայոց կաթողիկոս 1751 թ-ի սեպտեմբերի 15-ից առ 1753 թ. մայիսի 12-ը։ Ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում։ Հաջորդել է Ղազար Ա Ջահկեցուն։
Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն։ Եղել է Մշո Սուրբ Կարապետի վանքի միաբան, ապա՝ առաջնորդ (1730-1749)։ 1749 թվականի մարտին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք։ Թեև պաշտոնավարել է ոչ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը։ Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք։ Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո, խաղաղասիրական ընթացքով։ Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Սուրբ Էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։
1751 թվականի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը ստացել է 1751 թվականի սեպտեմբերի 15-ին։ Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Սուրբ Էջմիածնի միաբանությունում բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին, սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել։ Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին՝ «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»։
Կաթողիկոսական գահին Մինաս Ա Ակնեցուն հաջորդում է Ալեքսանդր Բ Բյուզանդացին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Նախորդող՝ Ղազար Ա Ջահկեցի |
Կաթողիկոս 1751-1753 |
Հաջորդող՝ Ալեքսանդր Բ Բյուզանդացի |