Վարդան Բաղիշեցի (ժամանակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Բաղիշեցի (այլ կիրառումներ)
Վարդան Բաղիշեցի
Ծնվել էանհայտ
Մահացել էմարտի 31, 1705(1705-03-31)
Մահվան վայրԲաղեշ, Թուրքիա
Մասնագիտությունգիտնական
Բաղեշ

Վարդան Բաղիշեցի Եղիայի (ծնված թվականն անհայտ, Խողց գյուղաքաղաք —1705 թվականի մարտի 31-ին(1704), թաղվել է Ամրդոլու վանքի եկեղեցում (Բաղեշ)), հայ ժամանակագիր, Ամրդոլու վանքի դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչը, եկեղեցական գործիչ։ Սովորել է Ամրդոլի վանքում, դարձել վարդապետ և նույն վանքի առաջնորդ (1663)։ Ծավալել է մշակութային և շինարար, աշխույժ գործունեություն։ Մեզ է հասել Վարդան Բաղիշեցիի դիմանկարը, որ նկարել է տվել Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շիրվանցի Շղթայակիրը և պահել մատուռում՝ ի հիշատակ սիրելի ուսուցչի։ Վարդան Բաղիշեցին 1669—1671 թվականներին այցելել է Հայաստանի հոգևոր կենտրոնների դպրոցները։ Եղել է Լիմում ու Տարոնում․ այստեղ Փակել է Սուրբ Առաքելոց վանքի պարտքերը, նորոգել եկեղեցու գմբեթը և վերստին շինել տվել Սուրբ Ստեփանոսի տաճարը, որ կործանվել էր Լենկթեմուրի արշավանքների հետևանքով։ Վարդան Բաղիշեցուց մեզ են հասել Ամրդոլու մատենադարանի ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցակը, ապա մի ժամանակագրություն, որն ընդգրկում է 1170-1657 թվականների Հայաստանի պատմական անցքերի համառոտ շարադրանքը, ինչպես նաև ցանկեր՝ հայ պատմիչների գործերի և օտարազգի պատմիչների հայերեն թարգմանությունների (5-րդ դարից —18-րդ դարի սկիզբ)։ Ցանկերում նշված են նաև այնպիսի պատմիչների անուններ, որոնք թեև հայտնի են, բայց նրանց պատմությունները մեզ չեն հասել․ Վարդան Բաղիշեցու ջանքերով նրանց երկերը ժողովվել են Ամրդոլու վանքում։ Վարդան Բաղիշեցու կրթել և ուսուցանել է շատ աշակերտներ, որոնցից նշանավոր են Հովհաննես Կոլոտը, Աբրահամ Քեղեցին և ուրիշներ։ Վարդան Բաղիշեցուն ներբողել է Գրիգոր Շղթայակիրն իր «Վիպասանութեան» մեջ․ նրան է ձոնվել նաև աշուղական մի երգ՝ «Գովասանք Վարդան վարդապետին Բաղի շեցլոյ, ասացեալ յաշըղներաց» խորագրով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 313 CC-BY-SA-icon-80x15.png