Ամրդոլու վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրդոլու վանք
Վանքային համալիր
ՏեղադրությունԲիթլիս, Բիթլիսի մարզ
ԱշխարհՏուրուբերան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերված
Ակտիվ էոչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբXIV դար
Ավերում1915 թ., Հայոց Ցեղասպանություն
##Ամրդոլու վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
##Ամրդոլու վանք (Թուրքիա)
Set01-church1.svg
38°24′ հս․ լ. 42°07′ ավ. ե.HGЯO

Ամրդոլու վանք, Ամիրդոլ, Ամիրդոլա վանք, Ամիրդոլու վանք, Ամիրօղլու վանք, Ամիրօղլու Սուրբ Հովհաննես, Ամլորդ, Ամլորդովանք, Ամլորդվովանք, Ամլորդվոց վանք, Ամլորդու վանք, Ամլորտվովանք, Ամլվսրդվո վանք, Ամրգոլ, Ամրդոլ, Ամրդոլավանք, Ամրդոլի վանք, Ամրդոլիվանք, Ամրտոլուվանք, Արմդոլ, Արմտոլ, Արմտոլու վանք, վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բաղեշ (Բիթլիս) քաղաքի հարավային ծայրամասում[1]։

Անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ անվանումը ստացել է վանքը նորոգած եղբայրներ Ամիրի և Դոլուի անուններից։ Սակայն իրականում վանքի նախնական անունը եղել է Ամլորդու և նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին։ Քանի որ Հովհաննեսի մայր Եղիսաբեթը, ինչպես գրված է Ղուկասի ավետարանի 1-ին գլխում, ամուլ էր, և ծեր հասակում է ունենում Հովհաննեսին, ուստի վերջինիս անվանում էին Ամլորդի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման ժամանակն անորոշ է։ XIV դարից հիշվել են հայ եպիսկոպոսներ։ XV դարից եղել է գրչության խոշոր կենտրոն։ Նույն դարում Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը Ամրդոլու վանքում հիմնել է հոգևոր դպրոց։ Դասավանդել են կրոնագիտություն, աստվածաբանություն և տրամաբանություն։ Կրթական գործը շարունակել են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնեցին։ Բարսեղ Աղբակեցին վերծանել է վանքի մատենադարանի իմաստասիր. գրքերը, ընդարձակել դասատունը, բարեփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաներին ավելացրել իմաստասիրությունը, ճարտասանությունը, քերականությունը։ Դպրոցը մեծ համբավ է ձեռք բերել Ներսես Մոկացու ժամանակ։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր մասերից։ Ամրդոլու վանքը ծաղկում է ապրել հատկապես XVII դ. պատմիչ-գիտնական Վարդան վարդապետ Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում։ Նրա օրոք սկսել են դասավանդել նաև հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի։ Վարդան Բաղիշեցու վախճանվելուց հետո (1704) Ամրդոլու վանքի դպրոցը չի գործել։ Վանքում բարձր մակարդակի է հասել գրչության արվեստը, ձեռք են բերվել հին ձեռագրեր, որոնք նորոգվել են։ Այդտեղ են ընդօրինակվել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց երկերը։ Մեծ հռչակ է վայելել Ամրդոլու վանքի մեծարժեք մատենադարանը։ Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած վանքի գրացուցակը։ Ամրդոլու վանքի նշանավոր սաներից են Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և այլք։ Ամրդոլու վանքի եկեղեցում են ամփոփվել Բարսեղ վարդապետը, Վարդան վարդապետ Բաղիշեցին և այլ նվիրյալներ։ Ամրդոլու վանքն ավերվել և ամայացել է 1915-ին. ձեռագրերի մի մասը և ունեցվածքը կողոպտել են թուրքերը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է երեք եկեղեցի՝ Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Համալիրի մեջ են մտել նաև մի քանի օժանդակ շինություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 221 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png