Խորեն Ա Տփղիսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Ա Տփղիսեցի
Խորեն Ա Տփղիսեցի.jpg
Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորեն Ա
128-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Խորեն Ա Մուրադբեկյան
Գահակալություն 1932-1938 թթ.
Իրավանախորդ Գևորգ Ե Սուրենյանց,
ազատ (1930-1932)
Իրավահաջորդ ազատ (1938-1945),
Գևորգ Զ Չորեքչյան (Նորնախիջևանցի)
Ծնվել է 1873 թ.
Ծննդավայր Թիֆլիս
Մահացել է Ապրիլի 6, 1938
Մահվան վայր Էջմիածին Վաղարշապատ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Այլ բարձրաստիճան պաշտոն
Armenian Apostolic Church logo.png
Հայ Առաքելական Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսներ


Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), (դեկտեմբերի 8, 1873, Թբիլիսի - ապրիլի 6, 1938,), Տփղիսեցի - Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938)։ Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1873 թվականին, Թիֆլիսում։ 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում։ 1897 թվականին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ։ 1901 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ։ 1902 թվականին ձեռնադրվել է վարդապետ։

1903 թվականի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք։ 1905 թվականին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ։ 1907 թվականի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ։

1909 թվականի դեկտռմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը։

1917 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը։ 1919 թվականին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև։

1920 թվականին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը։ Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի։

1920 թվականի դեկտեմբեր 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ։ 1923 թվականի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող։ Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ։

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–1932 թթ. ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1932 թվականի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ։

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի վերանորոգման, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։ Գլխավորել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայության ազգային հայրենասիրական ոգին պահպանելու, սփյուռքահայությանը Հայոց եկեղեցու շուրջը համախմբելու և հայրենիքին Հայաստանի հետ սերտ կապ պահպանելու ուղղությամբ։

Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։[1] Նրա մարմինն ամփոփվել է նախ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը։

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը։

Նախորդող՝
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)
Կաթողիկոս
1932–1938
Հաջորդող՝
Գևորգ Զ Չորեքչյան


Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Ստեփանյանց Ս.։ Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք. – Երևան. 1994 թ.։ 
  • Մանուկյան Ա.։ Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ. – Երևան. 1997 թ.։ 
  • «ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ» (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. Հայկական հանրագիտարան. 2005 թ. — հատոր Ա. — (հանրագիտարան).։ 

Հղումներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png