Աբբաս I Սեֆի
Աբբաս I | |
---|---|
Շահ | |
Իշխանություն | 1587 – 1629 |
Ծնվել է՝ | հունվարի 27, 1571 |
Ծննդավայր | Հերաթ |
Մահացել է՝ | հունվարի 19, 1629[1][2] (57 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Մազանդարան |
Imamzadeh Habib ibn Musa (Kashan) | |
Երկիր | Սեֆյան Պարսկաստան |
Նախորդ | Մուհամեդ Խուդաբենդե |
Հաջորդող | Սեֆի I |
Տոհմ | Սեֆյաններ |
քաղաքական գործիչ, միապետ, Նահանգապետ, զորավար, պետության գլուխ և Շահ | |
Հայր | Մուհամեդ Խուդաբենդե |
Մայր | Մահդի Ուլիա |
Երեխաներ | Մուհամեդ Բաքար Միրզա, Սուլթան Մուհամեդ Միրզա, Zubaidah Begum? և Imam Qoli Mirza? |
Հավատք | շիա իսլամ |
Աբբաս I կամ Շահ-Աբբաս (պարս.՝ شاه عباس بزرگ, հունվարի 27, 1571, Հերաթ - հունվարի 19, 1629[1][2], Բեհշահր, Մազանդարան, Իրան), Իրանի արքա (շահ) 1588-ից մինչև 1629 թվական, Սեֆյանների արքայատոհմից։ Համարվում է Սեֆյան Իրանի հզորագույն իշխաններից մեկը։ Հայտնի է հայերի նկատմամբ իր կազմակերպած բռնագաղթով։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբաս I-ը ծնվել է Հերաթում (այժմյան Աֆղանստան) 1571 թվականի հունվարի 27-ին։ Արքայազն (հետագայում՝ շահ) Մուհամեդ Խուդաբենդեի երրորդ որդին էր։ Դեռևս անչափահաս հասակում նշանակվել է Խորասանի փոխարքա։ 1579 թվականին ղզլբաշները սպանել են Աբբասի մորը, իսկ 1586 թվականին անհայտ պայմաններում սպանվել է ավագ եղբայրը՝ թագաժառանգ Համզան։ 1588 թվակակին 17-ամյա Աբբասը գահ է բարձրացել այն բանից հետո, երբ իր հորը գահընկեց է արել ղզլբաշների առաջնորդներից մեկը։
Աբբաս I-ի գահակալությունից առաջ Սեֆյանների քաղաքական հենարանը Ատրպատականն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Աբբասը կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց հայ հոգևորականությանն ու վաճառականությանը, կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Շահը անխնա կերպով ճնշում էր ղզլբաշների ապստամբությունները։ Այսպես, 1596 թվականին Աբբասի հրամանով ոչնչացվեց ղզլբաշական թեքելու ցեղը։ Սակայն կային ցեղեր, որոնք հավատարմորեն ծառայում էին շահին և նրանք ստացան «շահսևաններ» անունը։ Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, 1598 թ.-ին մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխեց Սպահան։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց Եվրոպայի հետ առևտուրը՝ ներգրավելով հայ առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Պարսկաստանի արևմտյան և հյուսիսային երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց Օսմանյան կայսրության և Բուխարայի դեմ, գրավեց Լոռեսթանը, Գիլանը, Մազանդարանը և Խորասանը։ Իր իշխանությանը ենթարկեց Աֆղանստանի մեծ մասը։ 1601-1613 թթ.-ին թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի և Վրաստանի մի մասը, Շիրվանը։ 1623 թ.-ին գրավեց Բաղդադը, Մոսուլը, շիա աղանդի հետևորդների սրբավայր Քերբելան և Նաջաֆը։ Անգլիական Արևելա-հնդկական ընկերության օժանդակությամբ պորտուգալացիներին դուրս մղեց Պարսից ծոցի շրջանից, Եվրոպայի հետ առևտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բանդար Աբբաս նավահանգիստը (1623)։ Աբբասի իշխանության վերջին տարիներին Սեֆևյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։
Բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահ-Աբասը գալով իշխանության ձեռնարկեց մի շարք արմատական բարեփոխումներ՝ ուղղված կենտրոնական պետության ազդեցության ուժեղացմանը։ Շահ-Աբբաս Ա-ի զինվորական բարեփոխումները ունեին ոչ միայն տեխնիկական կազմակերպական, այլև քաղաքական նշանակություն։ Սեֆյան պետության քաղաքական և ռազմական ասպարեզում առաջատար դեր սկսեցին խաղալ ինչպես իրանական, այնպես էլ կովկասյան տարրը։ Աբբաս Ա-ի կառավարման տարիները Սեֆյան պետության համար հանդիսացան տնտեսական ու մշակութային ծաղկման տարիներ։
Գահ բարձրանալուն պես Շահ-Աբբասը առաջին հերթին ընդունեց մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են ղզլբաշական էմիրների իրավունքները և ընդլայնում են պարսկական բյուրոկրատիայի իրավունքներն ու արտոնությունները, և անցկացնում է մի շարք ռազմական և քաղաքական բարեփոխումներ։ Ձեռնամուխ լինելով ռազմական բարեփոխումների իրականացմանը՝ շահը, բանակի վերակառուցման գործը հանձնարարեց Ալլավերդի խանին, որը ծագումով հայ էր և ազգությամբ անգլիացի Անտոնիո և Ռոբերտո Շերլիի եղբայրներին, որոնք Ղազվին էին ժամանել 1598 թ., և ծառայության էին անցել շահի մոտ։ Նրանց հիմնական խնդիրներից էր ծանոթացնել ռազմական գործի վերաբերյալ եվրոպական նորույթներին և Իրանում կազմակերպել թնդանոթների ու հրազենի արտադրություն։
Ստեղծվեց մշտական զորք, որի կազմի մեջ էին մտնում հրացանակիրների (թուֆանգչիների) 12 հազարանոց կորպուսը և ղոլամների 10 հազարանոց ձիավորների կորպուսը, որը հիմնականում հավաքագրվում էր Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչներից. վրացիներից, հայերից և այլն։ Այդ հեծելազորը հավաքագրվում էր թուրքական ենիչերիների օրինակով։ Վաղ մանկության տարիներից երեխաները վերցվում էին ծնողներից և տարվում Իրան, որտեղ իսլամացվելուց հետո նրանց ուղարկում էին հատուկ զինվորական դպրոցներ։ Այդ զինվորներին կոչում էին “ղուլ”, այսինքն՝ ծառա, ստրուկ, իսկ նրանց հրամանատարին անվանում էին “ղուլլար աղասի”։ Շահ-Աբբաս Ա-ի ժամանակ ղուլլար-աղասիների շրջանում ամենաբարձր դիրք էր գրավում Ալլավերդի խանը։ Հայ ղոլամներից էին նաև Ղարաչաղայ խանը, Շիրվանի բեկլարբեկ Յուսուֆ խանը և ուրիշներ։
Համաձայն «Իրան ասրե Սեֆեվի» աշխատության, այնտեղ նշվում է, որ Աբասի՝ ղոլամներից ստեղծված նոր գունդը բաղկացած էր զինված հեծյալներից և հրացանակիրներից, որոնց թիվը հասնում էր 10-15 հազարի։ Բացի դրանից Շահ-Աբասը ստեղծեց թուֆանգչիների զորաբանակ, որոնք հիմնականում իրանցիներից էին հավաքագրվում և կամաց կամաց ստեղծվեց հրետանավորների «թուփխանե» գունդ ևս։ Հրետանավորների թիվը հասնում էր 12000։ Ի վերջո շահի թիկնազորի թիվը հասցվեց 3000, և նրանք բացառապես ընտրվում էին ղոլամներից։
Աբբաս Ա-ի իրագործած ռազմական բարենորոգումը նույնպես կոչված էր նվազեցնել քոչվոր ղզլբաշական և այլ թյուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը։ Ղզլբաշական ցեղերը նախկինում կազմում էին Սեֆյանների հիմնական ուժը։ Աբբաս Ա-ի ժամանակ նրանք վեր էին ածվել խռովություններ ու անկարգություններ սնուցող ուժերի։ Բացի այն, որ այդ ցեղերի միջև անընդհատ տեղի ունեցող երկպառակությունները թուլացնում ու խարխլում էին կենտրոնական կառավարության հիմքերը, ղզլբաշական ցեղերը, որոնք ավելի շատ ենթարկվում էին իրենց ցեղապետ առաջնորդներին, քան թե շահին, հավակնություններ ունեին պետության մեջ խաղալու ղեկավար դեր և կամ մշտապես աշխատում էին իրենց դրածոներին բարձրացնել գահ։ Բնական է, որ այդ բոլորը հանգեցնում էր կենտրոնական իշխանության թուլացմանը։ Շահը ղզլբաշական և այլ անհնազանդ քոչվոր ցեղերի նկատմամբ դաժան միջոցներ էր կիրառում։ Օրինակ, թեքելյու ցեղը, որը մյուսներից ավելի հաճախ էր ըմբոստանում, շահի հրամանով ամբողջովին ոչնչացվեց։ Ոչ պակաս դաժանություն նա ցուցաբերեց քրդական մուքրի ցեղի նկատմամբ։
Ղզլբաշական ցեղերի ազնվականների թուլացումն ու աղքատացումը ակնհայտ երևում է 1576 և 1628 թթ. Էմիրների ցուցակներից։ Բանակում թյուրքական տարրին հակակշիռ ստեղծելու նպատակով շահը խրախուսում էր արաբական, աֆղանական, ուզբեկական, կովկասյան ցեղերի, ինչպես նաև հայերի ու վրացիների լայն ներգրավումը զինվորական ծառայության մեջ։
Աբբաս Ա-ի կառավարման շրջանում, ըստ որոշ աղբյուրների, տարբեր զորատեսակներում ընդգրկված էր 120 հազար մարտիկ, իսկ սպասարկող անձնակազմի հետ միասին բանակի թվական կազմը հասնում էր մինչև 200-300 հազար մարդու։ Շնորհիվ անգլիացի պատմաբան Մալքհոլմի պատմական գրականության մեջ հաստատվեց այն կարծիքը, որ իբր Շահ-Աբբասը պաշտոնապես վերացրեց ղզլբաշական ցեղերի կազմակերպումը և փոխարենը ստեղծեց նոր զինվորական կազմակերպություն՝ շահսևենների /այսինքն շահին սիրողների/, որտեղ կարող էին մտնել տարբեր քոչվոր ցեղերի ներկայացուցիչներ։ Այսօր կարելի է վստահ ասել, որ այդ հայտարարությունը առասպել էր։ Շահ-Աբբաս 1 ժամանակվա աղբյուրները /օրինակ Իսքանդար Մունշի և ուրիշներ/ ոչ մի տեղեկություններ չեն հայտնում Շահ-Աբբասի նման միջոցառումների մասին։ Հակառակը, ինչպես նշում է Ն.Պիգուլևսկայան “Իսքենդեր Մունշի և ուրիշ հեղինակների հայտարարություններից հայտնի է դառնում, որ ղզլբաշական ցեղերի միավորումը շարունակվում էր։ Միայն ղզլբաշական ցեղերից մեկը` թեքելյու ցեղը, որը հաճախ խռովություններ էր բարձրացնում, շահի՝ 1596 թ. հրամանի համաձայն, գրեթե ամբողջովին ոչնչացվեց և դադարեց գոյություն ունենալ։ Շահ-Աբբասի օրոք բանակում գրանցված էր 120 հազար մարդ՝ 44 հազար մշտական զորք և 75 հազար ավատատիրական աշխարհազորայիններ”։ Համաձայն աղբյուրների, յուրաքանչյուր ոք, ով կամավոր ընդունվում էր ծառայության Շահ-Աբբաս Ա-ի մոտ, կոչվում էր շահսևեն։ Ավելի ուշ, 17 դ. երկրորդ կեսին շահսևեններ սկսեցին անվանել արտոնյալ կորպորացիային, որը կազմված էր նույն ղզլբաշական ցեղերից։
Շահ-Աբբաս Ա-ի զինվորական ռեֆորմը ուներ ոչ միայն տեխնիկական կազմակերպական, այլև քաղաքական նշանակություն։ Ղզլբաշական քոչվոր ցեղերի հզորությունն ու ազդեցությունը, որը մեծ բարդություններ էր ստեղծում շահի իշխանությանը իր հավակնություններով ու երկպառակություններով, հիմնովին խախտվեց։ Մշտական զորքի կադրերի ստեղծումը թուլացրեց ղզլբաշական և այլ թյուրքական ցեղերի զինվորական ազնվականության քաղաքական դերը։ Միևնույն ժամանակ ամրապնդվեց կենտրոնական իշխանությունը և ուժեղացավ քաղաքացիական բյուրոկրատիայի դերը, որը կազմվում էր արդեն ոչ թե թյուրքերից, այլ իրանցիներից։ Ինչպես նշում է Ն. Պիգուլևսկայան և ուրիշներ. “Շահ-Աբբաս Ա-ի ժամանակներից սկսած իրանական տարրն արդեն խաղում է ավելի մեծ դեր կառավարման մեջ, թեպետ քոչվոր թյուրքական տարրը դեռ շարունակում էր զբաղեցնել մեծ տեղ, հատկապես զորքում։ Զորքի և արքունիքի լեզուն շարունակում է մնալ թյուրքականը` ադրբեջանականը”։
17 դարի պարսիկ պատմիչները իդեալականացնում էին Շահ-Աբբասի անձը։ Անշուշտ, նա աչքի էր ընկնում խիզախությամբ, համարձակությամբ, էներգիայով, համառությամբ և հետևողականությամբ քաղաքական գիծը անցկացնելու։ Նրան խորթ էր կրոնական ֆանատիզմը և նա մեծ հետաքրքրասիրություն էր դրսևորում եվրոպական երկրների տեխնիկայի և նյութական արժեքների նկատմամբ։ Սակայն, հարկ չկա նաև գերագնահատելու նրա անձի դերը Իրանի պատմության մեջ։ Օրկնակ, ռազմական հաջողություններն իր կառավարման օրոք կարելի է բացատրել Սեֆյան պետության ախոյանների թուլացմամբ և շնորհալի զորավարների տաղանդավոր գործողություններով (օրինակ Ալլավերդի խանի, որն ազգությամբ հայ էր և Կարչիգայ Մուհամեդ խանի)։ Որպես անձնավորություն՝ Շահ-Աբբասը քմահաճ էր, կասկածամիտ և դաժան։ Բավական է նշել, որ նա հրամայեց սպանել իր ավագ որդուն՝ Սեֆի Միրզային, որը բավականին ընդունակ անձնավորություն էր և մեծ համբավ ուներ, ավելի ուշ նա կուրացրեց իր երկու որդիներին։ Կորցնելով բոլոր որդիներին, Շահ-Աբասը փոխանցեց գահը իր մանուկ թոռանը Սեֆի 1-ին։
Շահ-Աբբասը մեծ տեղ էր տալիս Պարսկաստանի գիտնականներին և գրողներին։ Ինքը նույնպես, երբեմն, բանաստեղծություններ էր գրում։ Շահ-Աբբասի գրադարանում կրոնական և աշխարհիկ բովանդակության մեծ քանակությամբ գրքեր կային։ Պալատին կից գործում էր նվագախումբ։
Վերաբերմունքը հայերի նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբասը մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրքական տիրապետությունից՝ Աբբասը նպատակ ուներ հեշտացնել 1590 թ.-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տարածքների ետգրավումը և հայերի ու վրացիների գաղթեցումը Պարսկաստան։ Արցախի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Աբբասի թագավորության առաջին տարում գաղթեցին Սպահան։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մուսուլման կալվածատերերից ոմանք և Էջմիածնի Դավիթ ու Սելքիսեթ կաթողիկոսները։ 1603 թ.-ին Աբբասը օսմանցիներից գրավեց Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց Իրան։ 1604 թ.-ի աշնանը թուրքերը պարսկական բանակին ստիպեցին նահանջել։ Աբբասը հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հազար հայ)՝ Շիրակից մինչև Գողթն, բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահ-Աբբասը մահացավ 1629 թվականի հունվարին 19-ին։ 60-ամյա շահը մահացավ Մազանդարանի իր ամենասիրած պալատում։ Վախենալով, որ ամենազոր շահի մահվան լուրը երկրում առաջ կբերի խռովություններ՝ պալատականները մեկ ամիս շարունակ թաքցնում էին այդ փաստը։ Միայն փետրվարի 19-ին 19-ամյա ժառանգորդ Սեֆի-Միրզան բարձրացավ գահ՝ ընդունելով Սեֆի Ա գահակալական անունը։
Շահ-Աբբաս Ա-ի մահը քաջալերեց օսմանյան սուլթան Մուրադ Դ-ին, իսկ արևելքում վերսկսվեցին ուզբեկների հարձակումները Իրանի տարածքի վրա։ Ղանդահարը նորից անցավ Հնդկաստանի մեծ մողոլների տիրակալ Ջհանշահին։ 1630 թ. գարնանը, թուրքական մի խոշոր բանակ, Խոսրով փաշայի հրամանատարությամբ, անցավ թուրք-իրանական սահմանը և գրավելով Համադանը՝ ավերեց քաղաքը և կոտորեց նրա բնակչությանը։ 1635 թ. ամռանը սուլթան Մուրադ Դ-ն թուրքական բանակը շարժեց Արևելյան Հայաստան և պաշարեց Երևանի բերդը։ Թուրքական զորքերը գրավեցին նաև Բայազեթի, Մակվի բերդերը, իսկ ապա մտան Թավրիզ և Նախիջևան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաքել Դավրիժեցի, «Պատմութիւն», 3 տպգ., Վաղ-պատ, 1896
- Ավգոստինոս Բաջեցի, «Պատմութիւն թագաւորացն հայոց որ ի Սիս, մաս 2. Ճանապարհորդութիւն յԵվրոպա», ՍՊԲ, 1884
- Տեր-Հովհանյան Հ․, «Պատմություն Նոր Ջուղայու», հ. 1-2, Ն. Ջուղա, 1880-81
- Գորոյանց Ն., «Պարսկաստանի հայերը», Թեհրան, 1968
- Иванов М. С., «Очерки истории Ирана», М., 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբբաս I Սեֆի» հոդվածին։ |
|