Վայոց ձոր (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վայոց ձոր (այլ կիրառումներ)։

Վայոց ձոր, Մեծ Հայքի Սյունիքի գավառներից է, համապատասխանում է ՀՀ ներկա Վայոց ձորի մարզին՝ Եղեգնաձորի ու Վայքի շրջաններով։

Վայոց ձորը Սյունիքի առավել նշանավոր գավառներից մեկն էր։ Վայոց ձորի և նրանում գտնվող մի շարք վայրերի մասին մեր և օտար աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Նա սահմանափակված էր հյուսիսից Գեղարքունիքով և Սոդքով, արևելքից՝ Ծղուկքով և Արցախի Ծար գավառով, հարավից՝ Ճահուկով և Այրարատի Շարուր գավառով, իսկ արևմուտքում նա Այրարատից բաժանված էր Գեղամա լեռների ջրբաժան գծով։ Վայոց ձորը Սյունիքի ամենաընդարձակ գավառներից մեկն էր։ Այն իրենից ներկայացնում էր բոլոր կողմերից լեռներով պատած մի գոգավորություն։

Վայոց ձորը Վարդան աշխարհագրի մոտ կոչված է Եղեգյաց ձոր։ Այն լեռնային, ջրառատ գավառ է։ Ունի բերրի հողեր, սառնորակ աղբյուրներ և հանքային ջրեր (այժմյան Ջերմուկը)։ Գավառը նշանավոր էր մետաղի հանքերով։ Այստեղ կային կապարի, արծաթի և պղնձի մի քանի «բովեր»՝ ելքեր, որոնք շահագործման են ենթարկվել հին ժամանակներից։

Մինչև 9-րդ դարը Վայոց ձորի մասին տեղեկությունները կցկտուր են։ 9-րդ դարի կեսերին Վայոց ձորի Եղեգիս գյուղաքաղաքն է տեղափոխվում Սյունյաց իշխանանիստը։ 11-րդ դարի սկզբին Վայոց ձորը Բագրատունի Գագիկ Ա թագավորը միացնում է կենտրոնական թագավորությանը։ Բագրատունիների թագավորության անկումից հետո Վայոց ձորի իշխանները աստիճանաբար կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը, իսկ սելջուկ-թուրքերի արշավանքների և տիրապետության հետևանքով նրանք գրեթե չքանում են քաղաքական ասպարեզից։ 13-րդ դարասկզբին, երբ հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրեցին հյուսիս-արևելյան Հայաստանը, Վայոց ձորի մեծ մասը Զաքարյանների միջոցով տրվեց Լիպարիտ Օրբելյան իշխանին, իսկ մյուս մասը՝ Խաղբակյաններին (կամ ՊռոշյաններՕրբելյանները և Խաղբակյանները երկար ժամանակ շարունակում են իշխել Վայոց ձորում։ Օրբելյանների մասին հիշատակությունները մինչև 15-րդ դարի կեսերը չեն ընդհատվում։ Հավանական կարելի է համարել, որ Օրբելյաններն ու Խաղբակյանները քաղաքական ասպարեզից վերացել են 15-րդ դարի վերջերին։

Միջին դարերում Վայոց ձորում բնակավայրերը մեծ թիվ են կազմել։ Տաթևի եպիսկոպոսական հին հարկացուցակում Վայոց ձորի տակ հիշատակվում է 91 բնակավայր, բացի դրանից, 10-13 դդ Վայոց ձորում հիշատակված են նաև մոտ 15 այլ բնակավայրեր, որոնք չեն մտել նշված հարկացուցակի մեջ։[1]

Ավանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի գավառի անվանման առաջացման մի շարք ավանդություններ․

  • Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է գավառի արոտները։ Ամբողջ ամառը նա լավ կերակրում է հոտերը։ Վրա է հասնում խիստ ձմեռը։ Իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք վայրեր։ Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով բուք է սկսվում։ Անասուններից շատերը խեղդվում են, մնացածները մնում են առանց կերի։ Իրար հետևից հիվանդանում ու մեռնում են նաև իշխանի տանեցիները։ Հովիվներն ու նախրապանները փախչում են։ ձորաբերանին մնում է իշխանն իր կնոջ հետ։ Կորցրած է փրկվելու ամեն հույս՝ նա գլխին է տալիս և նայելով շրջապատի խոր ձորին, աղաղակում՝ «Ախ, վա'յ ձոր, ախ վա'յ ձոր»։ Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր։
  • Վայոց ձորի Թանահատ գյուղից մի մարդ սիրահարվում է իր սանամոր քրոջը։ Ամուսնության համար նա մի քանի անգամ իրավունք է խնդրում տեղի թեմի առաջնորդից, սակայն մերժում է ստանում։ Սիրահարները որոշում են սպանել առաջնորդին։ Գյուղացին բարձրանում է պատշգամբի առջև գտնվող ծառը, որպեսզի այնտեղից իջնի ցած և իրականացնի իր մտադրությունը։ Բայց տեսնելով, որ առաջնորդը հանգիստ քնած է և բերանից լույս է բարձրանում, հետ է դառնում։ Երկրորդ անգամ նույն փորձն անում է նրա սիրուհին։ Նա պարանով կտուրից ներքև է կախվում և մոտենալով քնած եպիսկոպոսին, դաշույնը խրում է սիրտը։ Նա քնից վեր թռչելով՝ բացականչում է՝ «Վա'յ ձոր, վա'յ ձոր, քար մաղվես դու»: Երկնքից իսկույն քար է թափվում և ավերում այս գավառի Մոզ քաղաքը։ Հուլիս ամսին էլ ահագին ձյուն է գալիս, կոտորում բոլոր անասուններին։ Այդ օրվանից գավառը կոչվում է Վայաձոր կամ Վայոց ձոր[2][3][4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ.Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ էջ 212-213. 
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. 
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի. 
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ. 
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.