Հռոմկլայի մանրանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմկլայի մանրանկարչության դպրոց, կիլիկյան մանրանկարչության տեղական դպրոց։ Սկզբնավորվել է XII դարի 2-րդ կեսին և գոյատևել մինչև 1292-ը, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել ու ավերել են Հռոմկլան։ Այստեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ մատյաններ, որոնք մեծապես նպաստել են կիլիկյան գրքարվեստի մյուս կենտրոնների աշխուժացմանն ու մանրանկարիչների վարպետության կատարելագործմանը։

Մեզ հայտնի ամենահին ձևավորված հատորի՝ 1166-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ. դ 7347) նկարազարդումներում արտացոլվել են ոչ միայն XI դարի հայ գրքարվեստի սկզբունքները, այլև Ասորիքի ու Կիլիկիայի սահմանում գտնվող Սև լեռան հայկական, հունական, ասորական, վրացական, լատինական վանքերի համագործակցության ծնունդ հանդիսացող պատկերագրական օրինաչափությունները։ XII դարի Հռոմկլայում որոշ ժամանակ աշխատել է նաև Գրիգոր Մլիճեցին, որն այստեղ 1174-ին Ներսես Շնորհալու համար ծաղկել է Ավետարան։ Ենթադրվում է, որ Հռոմկլայում է նկարազարդված Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահի ստույգ թվական չունեցող XII դարի Ավետարանը (ձեռ. դ 50.3), որի խորանների, ավետարանիչների դիմանկարների և անվանաթերթերի գեղեցկությանը գումարվում են երկու՝ «Ավետում» և «Պայծառակերպություն» տերունական կոթողային պատկերների հանդիսավորությունն ու խորհրդավորությունը։ Կարծիք կա, որ Հռոմկլայում է ծաղկվել XII դարի կիլիկյան ամենաշքեղ մատյաններից մեկը՝ Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահի 1193-ի Ավետարանը (ձեռ. դ 538), որի մանրանկարչությունը բաղկացած է խորաններից, ավետարանիչների անվանաթերթերից և լուսանցազարդերից։ Կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու նախաձեռնությամբ և հովանավորությամբ XIII դարի սկզբին Հռոմկլա են հրավիրվել Կիլիկիայի լավագույն մանրանկարիչներն ու գրիչները, որոնք մի քանի տասնամյակ ընդօրինակել և ծաղկել են բազմաթիվ ընտիր մատյաններ։

Դրազարկից Հռոմկլա տեղափոխված «չքնաղագեղ գրիչ» Կիրակոսի ծաղկած Ավետարանների (1244 թ., Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. դ 69/151, 1248 թ., Անթիլիաս, Կիլիկիայի կաթողիկոսարանի հավաքածու, ձեռ. դ 8, 1249 թ., Մատենադարան, ձեռ. դ 7690) մանրանկարներում զգալի է նրբագեղության և շքեղության մեծ ձգտում, մարդկային կերպարների դիմագծերն առավել իրապաշտորեն հաղորդելու ցանկություն։ Կիրակոսի, հավանորեն նրան աշակերտած Վարդանի (Ավետարան, 1251 թ., Մատենադարան, ձեռ. դ 3033), գրիչ Հովհաննեսի (Ավետարան, 1235 թ., Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. դ 833, Ավետարան, 1253 թ., Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. դ 44.17) ծաղկած ձեռագրերը մեզ հասած առաջին ստեղծագործություններն են, որոնք գաղափար են տալիս XIII դ. 1-ին կեսի սկսված գրքարվեստի զարթոնքի մասին։ Այդ երկերը մեծապես ազդել են Թորոս Ռոսլինի արվեստային ոճի ձևավորման վրա, որն իր անանուն սաների հետ ծաղկած Ավետարանների (1256 թ. և 1268 թ., Մատենադարան, ձեռ. դ 10450 և 10675, 1262 թ., Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահ, ձեռ. դ 539, 1260 թ., 1262 թ., 1265 թ., Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի հավաքածու, ձեռ. դ 251, 2660, 1956) մանրանկարներում բոլորովին նոր որակ է հաղորդել Կիլիկյան գրքարվեստին, ներմուծել նոր ավանդույթներ։ Այս Ավետարանների, նաև 1266-ին Սսում պատկերազարդված Մաշտոցի (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի հավաքածու, ձեռ. դ 2027) և ստորագրություն չունեցող, բայց Թորոս Ռոսլինին վերագրվող հատորների (1250-ի կամ 1251-ի Լևոն արքայազնի ձեռագրի, 1266-ի Հեթում Ա արքայի մատյանի, Մատենադարան, ձեռ. դ 8321, 5458, XIII դ. 70-ական թթ. «Վասակ Իշխանի Ավետարանի», Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. դ 32.18) մի քանի հարյուրի հասնող մանրանկարները եզակի երևույթ են այդ ժամանակի քրիստոնեական գրքարվեստի պատմության մեջ և ներկայացնում են հայ մանրանկարչության ռոսլինյան ինքնուրույն դպրոցի պատկերը։

Ենթադրվում է, որ մասամբ Հռոմկլայում է ստեղծվել XIII դ. 80-ական թթ. մինչև 1320 թ. նկարազարդված «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 7651), որը հայ գրքարվեստի սքանչելի նմուշներից է։

Հռոմկլայում գրված և ծաղկված մատյանները հոյակապ համաստեղություն են, որտեղ կարելի է առանձնացնել մանրանկարչության այդ դպրոցին բնորոշ միանգամայն ինքնատիպ առանձնահատկություններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։