Նորագույն շրջանի հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Նորագույն շրջանի կերպարվեստը, անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ-ում սկսված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը, «կաթվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը չէին կարող ապահովել մոնումենտալ-դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներկայացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկարչության գեղարվեստական մակարդակը։

1990-ական թվականներին հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնությունն ստեղծագործել է հաստոցային արվեստում, որը նույնպես ուներ որոշակի դժվարություններ. փակվել են ՀՆՄ սալոն-խանութները, գեղարվեստական արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը։ Երևանում գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը՝ Վերնիսաժում: Ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ արվեստագետներ մեկնել են արտերկիր։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Սարյանի արձանը Վերնիսաժում

Այդուհանդերձ, ՀՀ-ում կազմակերպվել են սակավաթիվ խմբային ցուցահանդեսներ՝ «12-ի ցուցահանդեսը» (1992), «Աբստրակցիոնիզմը Հայաստանում» (1994), «Հայ ոգու կամուրջներ» (1996՝ նվիրված Մեծ հայրենադարձության 50-ամյակին)։ 1995 թվականին Բոխումում (Գերմանիա) բացվել է «Հայաստան, հին մշակույթի վերագտնված երկիր» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նախապատմական շրջանից մինչև նոր ժամանակներում ստեղծված հայկական մշակութային արժեքներ։ Նույն թվականին Մոսկվայում և Կիպրոսում ցուցադրվել է ժամանակակից հայ կերպարվեստը, 1997 թվականին Սալոնիկում (Հունաստան) «Հայաստանի գույներ» նկարահանդեսն ընդգրկել է 19-20-րդ դարերի հայ խոշորագույն նկարիչների ու գրաֆիկների շուրջ 60 աշխատանք։

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական կյանքին որոշ աշխուժություն են հաղորդել մասնավոր պատկերասրահները («Գոյակ», «Ակադեմիա», «Ականաթ», «Առաջին հարկ», «Արամե», «Բաքոս», «ԹԱԱԿ», «Չառլի Խաչատրյան (Ex-voto)», «Նոյյան տապան», «Սթիլ» և այլն )։ Ամենաճանաչվածը «Մկրտչյան» (1993) պատկերասրահն է, որը ներկայացնում է 19-20–րդ դարերի հայ դասական սրահները նպաստում են արդի ավանգարդային արվեստի զարգացմանն ու տարածմանը։

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ, 1995) կազմակերպել է տասնյակ ցուցահանդեսներ, մասնակցել ավանգարդիստ արվեստի փառատոներին՝ համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայկական ժամանակակից արվեստը։ ՆՓԱԿ-ը նպաստել է ՀՀ-ի մասնակցությանը (1995 թվականից) Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոներին, որտեղ հանդես են եկել մի շարք նորարար արվեստագետներ։ Ուշագրավ են Կարեն Անդրեասյանի «Իրականություն: Գործընթաց: Վերահսկում» (1995), Ազատ Սարգսյանի «Հուշեր ապագայի մասին», Ստեփան Վերանյանի «Անվերնագիր» (երկուսն էլ՝ 1997) և Նարեկ Ավետիսյանի «Post factum» (1999) կոնցեպտուալ «ակտիվ և ինտերակտիվ նախագծերը», Կարեն Մացակյանի «Սպառողի հաղթանակը» (1996) և Արման Գրիգորյանի «Այն ինչ է մնալու վաղը նրանից, ինչ եղել է երեկ» (1997) կտավները, Արա Հովսեփյանի «Սոցիալական կենդանի», Նորա Բադալյանի «Սիրո անատոմիան» և Արփինե Թոքմաջյանի «Առաջընթաց» (երեքն էլ՝ 2001) երկէկրան տեսաֆիլմերը, որտեղ հեղինակներն արվեստի ավանդական և ոչ ավանդական զանազան ձևերի ու տեխնիկական միջոցների կիրառման կամ համադրման շնորհիվ ձգտել են արտահայտել իրենց տեսակետն ու դիրքորոշումը մարդու էության, նրա հասարակական կեցության ու ճակատագրի վերաբերյալ։ ՆՓԱԿ-ում գործում է փորձառական թատերախումբ, կազմակերպում են թատրոնի և վիդեո-արվեստի տարեկան ստուգատես-փառատոներ, պարբերաբար նկարահանվում են լիամետրաժ ֆիլմեր։

Ավանգարդային արվեստի տարածմանը նպաստել է նաև ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը կազմակերպել է «ճանապարհորդություն դեպի Հայաստան» (հայ-գերմանական, 1998), «Փակ քաղաք» (հայ-ռուսական, 1999), «Զուգահեռ իրականություն» (հայ-ավստրիական, 2000), «Ցտեսություն, Փարաջանով» (Վիեննա, 2003), «Սարգիսը Երևանում» (2004, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասսոյի թանգարանի հետ) և այլ ցուցահանդեսներ։ Կենտրոնը կապեր է հաստատել ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրների ժամանակակից արվեստի թանգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, մասնակցել ավանգարդիզմի միջազգային ստուգատեսների՝ «Մանիֆեստա-3» (Լյուբլյանա, 2000), ժամանակակից արվեստի փառատոն (Վիեննա, 2001) և այլն։

Ի տարբերություն նորարար արվեստագետների՝ ՀՆՄ անդամների գերակշիռ մասը, թարմացնելով սեփական արվեստի արտահայտչալեզուն, միաժամանակ պահպանել է ազգային ավանդույթները, որը պարզորոշ նկատվում է վերջին տարիների նրանց ստեղծագործություններում (Հակոբ Հակոբյան, Ռոբերտ էլիբեկյան, Զուլում Գրիգորյան, Վալմար, Ռուբեն Ադալյան և ուրիշներ)։ 2002 թվականին կազմակերպվել է ՀՆՄ-ի 70-ամյակին նվիրված ժամանակակից կերպարվեստի հոբելյան, ցուցահանդես, որին մեկական աշխատանքով մասնակցել է 400 արվեստագետ։

Սերգեյ Փարաջանովի մահարձանը

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին հայ կերպարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր։ Քանդակագործության հաջողությունները հիմնականում պայմանավորված էին մանր պլաստիկայի գործերով։ Պետական օժանդակության և պետպատվերի բացակայության պատճառով դանդաղել է մոնումենտալ արձանագործության զարգացումը։ Այդուհանդերձ, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են զոհված ազատամարտիկների և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մի շարք կոթողներ, տեղադրվել են՝ Սիսիանում՝ Նիկողայոս Ադոնցի (1993, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), Երևանում՝ Լեոնիդ Ենգիբարյանի (1998, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան), Անդրանիկի (1998, քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան), Արամ Խաչատրյանի (1999, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան) հուշարձանները, Սերգեյ Փարաջանովի մահարձանը (1999, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն) և այլն։

Քանդակների ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Նկարչի տանը կազմակերպվել է քանդակի ցուցահանդես, ներկայացվել են Ալիգիերի Դանտեին նվիրված քանդակի միջազգային բիենալեի (Ռավեննա) մասնակիցների՝ Լևոն Թոքմաջյանի, Թադևոս Գևորգյանի, Նունե Թումանյանի, Գագիկ Ղազարյանի, Էդուարդ Շախիկյանի, էմին Պետրոսյանի, Արմենակ Վարդանյանի, Լևոն Վարդանյանի, Միքայել Օհանջանյանի և ուրիշներ մանրաքանդակներն ու բրոնզե արձանիկները։ Սամվել Ղազարյանի «Դժոխքի դարպասը» (1993), Աշոտ Բաղդասարյանի «Նիկե» (1996), Գարեգին Դավթյանի «Վիրավոր կենտավրոսը» (1997), Գետիկ Բաղդասարյանի «Հոգու աչքերը» (1998), Մարիամ Հակոբյանի «Դրախտի դռները» (1998) և ուրիշներ գործերն առանձնացել են պլաստիկ, նուրբ մշակումներով, չափի ու ձևի զգացողությամբ, գեղարվեստական կերպարների խորհրդանշական-այլաբանական մեկնաբանությամբ։ Միջազգային ցուցահանդեսներում հայ արձանագործների մասնակցությունը վկայում է կերպարվեստում ձևավորված արդիական մտածողությամբ օժտված, սակայն ավանդական ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի քանդակագործության ուրույն՝ ազգային դպրոցի մասին։

2001 թվականի աշնանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» հոբելյան, միջազգային սիմպոզիումը՝ որպես 1991 թվականին ընդհատված քանդակի իջևանյան ավանդական սիմպոզիումների շարունակություն, մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։ Ուշագրավ էին Ղուկաս Չուբարյանի «Սեր, հավատ, հույս», Ա. Շիրազի «Քրիստոս», Գարեգին Դավթյանի «Խաչը տանող Քրիստոսը», Գ. Բաղումյանի «Քրիստոսի հայտնությունը», Յուրիկ Սամվելյանի «Տրդատ թագավորի մկրտությունը» քարակերտ արձանները։

Առնո բաբաջանյանի արձանը
Վահան Տերյանի արձանը
Մհեր Մկրտչյանի արձանը Վանաձորում

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում Երևանում տեղադրվել են Վահան Տերյանի (2000, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան, 2007, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան), Անդրեյ Սախարովի (2001, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյաև), Առնո Բաբաջանյանի (2002, վերափոխվել ու վերաբացվել է 2003 թվականին, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան, ճարտարապետ՝ Լևոն Իգիթյան), Հովհաննես Այվազովսկու (2003, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան, ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան), Հովհաննես Իսակովի (2005, քանդակագործ՝ Գևորգ Գևորգյան, ճարտարապետ՝ Լևոն Մկրտչյան) հուշարձանները, զորավար Անդրանիկի (2002, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) և Հովհաննես Բաղրամյանի (2003, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, ճարտարապետ՝ էդուարդ Արևշատյան) ձիարձանները, Գյումրիում՝ Մհեր Մկրտչյանի (2004), Հովհաննես Շիրազի (2007, երկուսն էլ՝ քանդակագործ՝ Արա Շիրազ) հուշարձանները և հայ ֆիդայիների հիշատակին նվիրված արձանաշարը (2004, հեղինակներ՝ Մարտին Տոնոյան, Թ. Գևորգյան, Գաբրիել Եփրոյան), Հրանտ Մաթևոսյանի կիսանդրին (2011, քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյան, ճարտարապետ՝ Սուսաննա Թանդիլյան, ՀՀ Լոռու մարզի Շամուտ գյուղ) և այլն։

Հայկական գրաֆիկայի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ապրիլի 1-ին (Ծիծաղի օր) Երևանում հիմնադրված Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցության գործունեությունը խթանել է հայկական գրաֆիկայի զարգացումը։ Հիմնադրման օրը ՀՆՄ-ի սրահում բացվել է «Ականազերծում հայկական ձևով» ցուցահանդեսը՝ ընդդեմ ահաբեկչության, որին մասնակցել են հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետներ Սամվել Աբգարյանը, Լևոն Աբրահամյանը, Ագնես Ավագյանը, Արսեն Թորոսյանը, Յուրի Հակոբյանը (Հիերոնիմ, Ռուսաստան), Դավիթ Ղազանչյանը, Ցոլակ Դանդիլյանը (Կանթեղ), Գեորգի Յարալյանը, Հարություն Սամուելյանը, Վրեժ Քասունին (Սիրիա), Արայիկ Օհանյանը (ԱՐՁՕ) և ուրիշներ։ Նույն թվականին կազմակերպվել են «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Արվեստն ընդդեմ կոռուպցիայի», ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը՝ «Ահաբեկչությունը տեղ չունի երկրագնդի վրա», Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում՝ «Նկարիչներն ընդդեմ ծխելու (No smoking)», 2005 թվականին ՀՆՄ-ում՝ ավանդ, ապրիլմեկյան «Տեղ արևի տակ», նաև «Լվացք» (2006, բացօթյա), «ճգնաժամը հանեց համը» (2008), «Անցանկապատ հումոր» (2010), «Մեր քըսան տարիները» (2011) ցուցահանդեսները։

Այդուհանդերձ, երկրի կյանքում դեռևս շարունակվում են ստեղծագործ, խմորումներն ու իրարամերժ ձգտումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png