Զուլում Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զուլում Գրիգորյան
Զուլում.jpg
Զուլում Նիկողոսի Գրիգորյան
Ծնվել է դեկտեմբերի 6, 1932 (86 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, ԽՍՀՄ
Վախճանվել է հուլիսի 30, 2018(2018-07-30) (85 տարեկանում)
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն
Զավակներ Մուշեղ Գրիգորյան
Զուլում Գրիգորյան Վիքիքաղվածքում

Զուլում Նիկողոսի Գրիգորյան (դեկտեմբերի 6, 1932(1932-12-06), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2018(2018-07-30)), հայ նկարիչ, գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2010)[1]։

Գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Զուլում Գրիգորյանն աշխատել է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում, գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002)[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն էր։ Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը։

Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով[3][4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մղձավանջային օրեր», (1955-57)
  • «Ֆրունզե Մկրտչյան», (1956)
  • «Ձեյթունցիներ» (1960, Հայաստանի ազգային պատկերասրահ) ,
  • «Բանվորական ճաշարան Բրատսկում», (1963)
  • «Գարուն էր» (1965, Հայաստանի ազգային պատկերասրահ),
  • «Երեք սերունդ» (1966, Հայաստանի ազգային պատկերասրահ),
  • «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970),
  • «Սպենդիարովը և Գորկին», (1970)
  • «Կարոտ», (1971)
  • «Հաց հանապազօրյա» (1973),
  • «Արդարադատություն», (1980)
  • «Տեսիլք» (1979-80),
  • «Երեկոյան ղողանջներ» (1985),
  • «Մտորում», (1989)
  • «Խորեն Աբրահամյան», (1990)
  • «Կարեն Դեմիրճյան», (1997),
  • «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004, շարք),
  • «Աստվածընկալ եկեղեցին» (2002)
  • «Արայի սար», (2010)
  • «Սաղմոսավանք», (2010)

Մեջբերումներ Զուլում Գրիգորյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են՝ մի տարիք կա, երբ մարդը վերադառնում է իր արմատներին։ Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, կարգին մարդը միշտ էլ իր արմատների հետ է, ուրիշ կերպ չի լինում։ Առհասարակ ամեն ինչի մեջ կա արմատի խնդիր։ Դա այնքան պարզ է, դա հողի վրա կանգուն մնալու իմաստություն է, ուրիշ ոչինչ։

Մեջբերումներ Զուլում Գրիգորյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իր մարդկային էությամբ, կյանքի, մարդու և արվեստի ըմբռնումներով Զուլում Գրիգորյանը մնում է անկրկնելի իր տեսակի մեջ։ Մտքի պայծառությունը, աշխարհին բարությամբ նայող, յուրահատուկ համ ու հոտով խոսքը, զարմանալի բնորոշումները գալիս են համոզելու, որ մարդ պիտի իր կոչման արիությունն ունենա և՝ ըստ այդմ ապրելու քաջություն։ Զուլում Գրիգորյանի արվեստը ներգործում է ահռելի ուժով։ Միանգամից ցնցում է, ազդում, խռովում հոգիդ։ Արթնացնում ինչ-որ լավ, տաքուկ զգացողություն... Զարմանալի տաք, զարմանալի հուզիչ ու նաև գերող։

Արվեստագետի պարտքը ժողովրդի ճաշակը հղկել, բարձր ճաշակ ներշնչելն է։ ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, այլ ոչ թե հակառակը։ Զուլումի արվեստն այս առումով ինձ նվաճել է։ Միանգամից, վերջնական անվերադարձ...Նա աշխատում է այնպես, ինչպես սիրտն է թելադրում։ Իսկ սիրտը հրաշքներ է գործում։ Արվեստի գեղեցկություններ։ Վրձինը սահում է կտավի վրայով և այնտեղ դրոշմում Զուլում Գրիգորյան արվեստագետի էությունը։ Գեղեցիկի ծարավը և այդ սիրուց շնչող բնանկարների հուզականությունը մտքի պայծառացումներ են, կարծես նկարիչը բնության մեջ խորանում է ոչ միայն աչքերով, այլև նյարդերով։ Նրա նկարները միտք են հուզում, զգացմունք արթնացնում»։

Գրիգոր Խանջյան, 9 փետրվարի, 1978 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]