Jump to content

Հովհաննես Իսակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Իսակով
օգոստոսի 22, 1894(1894-08-22)[1][2][3][…] - հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[4][1][2][…] (73 տարեկան)
ԾննդավայրՀաջիշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][5]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][3][5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
ԿոչումԽորհրդային միության նավատորմի ծովակալ[3][5]
Հրամանատարն էրRussian Baltic Fleet?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ֆիննական պատերազմ
ԿրթությունQ4339470? (1917)[3] և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա (1928)[3]
Պարգևներ

Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (ծնյալ Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան, օգոստոսի 22, 1894(1894-08-22)[1][2][3][…], Հաջիշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][5] - հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][3][5]), Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, զորահրամանատար, գիտնական, գրող։ Խորհրդային Միության հերոս (մայիսի 7 1965), ստալինյան մրցանակի դափնեկիր (1951): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1964): ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։ ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմի, հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բալթյան և սևծովյան նավատորմերի ստեղծման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյանը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին Կարսի մարզի Հաջիշեն գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում։ Մայրը՝ Իդա Անտոնի Լաուերը, ծնունդով Դորպատից էր՝ ներկայիս Էստոնիայի Տարտու քաղաքից[6]: Հայրը թեև ազգանունը ռուսականացրել, Իսակով էր դարձրել, բայց իրեն հայ էր համարում[7] և կամավոր մասնակցել է 1887-1888 թվականների ռուս-թուրքական պատերազմին: Նա վաղ է մահացել, և երեք երեխանների խնամքի ու դաստիարակության գործով զբաղվել են մայրն ու նրա եղբայրը՝ Պյոտր Լաուերը: Վերջինս ինժեներ-տեխնոլոգ էր, բայց երազում էր նավաստի դառնալու մասին և ծովի ու ծովայինների վերաբերյալ հարուստ գրադարան ուներ[6]: Թերևս հենց նրանից է ծովի նկատմամբ սերը փոխանցվել պատանի Հովհաննեսին[8]:

Նա 1906 թվականին ընդունվել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, 1913 թվականին բարձր գնահատականներով ավարտել է այն և մեկնել Պետերբուրգ, ընդունվել տեխնոլոգիական ինստիտուտ։ Այստեղ մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, բայց նրան մերժել են ազնվական ծագում չունենալու պատճառով։ Ինստիտուտում սովորելը, սակայն, երկար չի տևել՝ ընդամենը մեկ տարի։ Այնուհետև Իսակովը զորակոչվել է զինվորական ծառայության և ցանկություն հայտնել ծառայելու ռազմածովային նավատորմում։ Ընդունվել է Պետերբուրգի «Նավատորմի յունկեր» դպրոցը, ապա 1914-1917 թվականներին սովորել գարդեմարինյան դասընթացներում։ 1917 թվականին ստանալով միչմանի կրտսեր սպայական կոչում՝ ծառայության Է անցել Վլադիվոստոկում՝ «Վլաստնի» ռազմական ականակրի վրա։

Ծառայություն նավատորմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի մայիսից ծառայության է անցել Բալթյան նավատորմի «Իզյասլավ» ականակրի վրա, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին խոշոր ճակատամարտերից մեկին՝ Մոոզունդի ծովամարտին: 1918 թվականի հունվարին նշանակվել է այդ ռազմանավի նավապետ-հրամանատարի ավագ օգնական, մասնակցել Բալթյան նավատորմի այսպես կոչված՝ սառցե արշավին, որը ձեռնարկվել էր այդ նավատորմը գերմանական գերությունից ազատելով Հելսինգֆորսի նավահանգստից Կրոնշտադ հասցնելու նպատակով: Իսակովը ծառայել է նաև «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա[9]. եղել է վերջինիս հրամանատարը։ 1918 թվականին մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերի։ 1920 թվականի փետրվարից տեղափոխվել է Վոլգա-Կասպյան նավատորմ, ծառայել որպես "Դեյատելնի" ականակրի հրամանատար, նավատորմի կազմում մասնակցել Էնզելիի գործողությանը։

1921 թվականին նշանակվել է Բալթիական նավատորմի «Իզյասլավ» ականակրի հրամանատար։ 1922 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Սևծովյան նավատորմ. եղել է «Կորֆու»[10] ականակրի հրամանատար: 1922-23 թվականներին ղեկավարել է Սևծովյան նավատորմի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը, ապա պաշտոնավարել է որպես նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ 1929 թվականին նշանակվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր շտաբի ծովային բաժնի պետ, 1932 թվականին՝ ռազմածովային ակադեմիայի ռազմարվեստի ամբիոնի դասախոս, 1937 թվականին՝ Բալթյան նավատորմի հրամանատար։ 1938–46 թվականներին ԽՍՀՄ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) շտաբի պետն էր, ռազմածովային ուժերի ժողկոմի տեղակալը, ապա՝ առաջին տեղակալը (1938–39 թվականներին համատեղել է ռազմածովային ակադեմիայի պետի պաշտոնը)։ Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939–40 թվականներին) ժամանակ համակարգել է Բալթյան նավատորմի և Կարմիր բանակի գործողությունները։ 1940 թվականին ստացել է ծովակալի կոչում։

1928 թվականին Իսակովն ավարտել էր Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1932 թվականից դարձել էր Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել այդ ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։ Որպես դասախոս և ռազմագիտության տեսաբան ու պատմաբան՝ նա իր ժամանակի մեծ մասը հատկացրել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակմանը, որոնք արդյունավետորեն կիրառվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1938 թվականին ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը 1941-ին նշանակվել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի, 1942-ից՝ Հյուսիսկովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ ու ռազմական խորհրդի անդամ: Նա մեծագույն ներդրում է ունեցել Բալթյան և Սեծովյան ռազմական նավատորմների մարտական գործողությունների պլանների մշակման, ցամաքային զորքերի օժանդակման ու էվակուացման, ծովափնյա պաշտպանության կազմակերպման, ծովային ու ցամաքային ուժերի գործողությունների համակարգման գործում: 1942-ի հոկտեմբերին Տուապսեի շրջանում մարտում վիրավորվել է, վիրահատվել (ձախ ոտքն անդամահատել են), սակայն տևական բուժումից հետո՝ 1943 թվականին վերադարձել է ծառայության, վարել ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 1945 թվականին ընդգրկվել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանները մշակող կառավարական հանձնաժողովի կազմում: Պատերազմից հետո ևս բարձր պաշտոններ է զբաղեցրել, ինչպես նաև զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով՝ ուշադրության կենտրոնում պահելով ռազմա-տեսական ու ռազմա– պատմական հարցերը, խորհրդային ռազմածովային նավատորմի զարգացման հեռանկարների ուսումնասիրությունը:

Հետպատերազմյան գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի փետրվարին Իսակովը, ազատվելով ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալի պաշտոնից, նշանակվել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ-ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ, 1947 թվականի փետրվարին՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ՝ պատերազմական փորձը ուսումնասիրելու և կիրառելու գծով, 1950 թվականի փետրվարին՝ ԽՍՀՄ ռազմածովային նախարարի տեղակալ: 1954 թվականի հոկտեմբերից մինչև 1955 թվականի դեկտեմբեր ամիսը պաշտոնավարել է որպեսԽՍՀՄ ծովային նախարարի տեղակալ և այդ նախարարության տեխնիկական կոմիտեի նախագահ: 1956 թվականի փետրվարին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում հատուկ հանձնարարությունների պաշտոնակատար, 1957 թվականի ապրիլին՝ այդ նախարարության գիտական խորհրդատու ռազմական գիտության գծով, 1958 թվականի ապրիլին՝ այդ նախարարությունում կազմավորված գլխավոր տեսուչների խմբի անդամ:

1947 թվականին Հովհաննես Իսակովին շնորհվել էր ռազմավարության և օպերատիվ ռազմարվեստի պրոֆեսորի կոչում:

1940-ական թվականների վերջերից նա, պատասխանատու պաշտոններ վարելու հետ մեկտեղ, շատ էր զբաղվում հասարակական ու գիտական աշխատանքներով: 1947—1955 թվականներին եռահատոր «Ծովային ատլաս»-ի կոթողային հրատարակության պատասխանատու խմբագիրն էր, աշխատանք, որի համար արժանացավ Ստալինյան մրցանակի: Հեղինակել է աշխարհագրության, օվկիանոսագիտության, ռազմի պատմության բնագավառների մի ամբողջ շարք գիտական աշխատություններ (նրա առաջին գիտական հոդվածը դեռևս 1922 թվականին լույս էր տեսել «Ծովային ժողովածու» / «Морской сборник» ամսագրում): Որպես ռազմա-պատմական խորհրդատու՝ մասնակցել է «Սևաստոպոլի պաշտպանությունը» պանորամայի վերականգնման աշխատանքներին: Ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1958), Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1967): 1947 թվականից Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ էր, 1954-1957 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր օվկիանոսագիտության հանձնաժողովի աշխատակից, իսկ 1958 թվականից՝ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ, 1955—1958 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստիտուտի գիտխորհրդի անդամ: Հանդիսացել է նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի՝ օվկիանոսների ու ծովերի հետազոտման և դրանց ռեսուրսների օգտագործման նպատակով ստեղծված գիտական խորհրդի անդամ, «Океанология» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ (1961—1967):

Հեղինակել է պատմական ու գեղարվեստական երկեր, 150-ից ավելի գիտական աշխատություններ, դարձել ԽՍՀՄ գրողմերի միության անդամ (1964): Եղել է «Адмирал Ушаков» / «Ծովակալ Ուշակով» և «Корабли штурмуют бастионы» /«Ռազմանավերը գրոհւմ են» պատմա-գեղարվեստական կինոնկարների գլխավոր խորհրդատուն (տիտրերում նշվել է որպես պրոֆեսոր И. С. Исаков):

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1965 թվականի մայիսի 7-ի հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ «զորքերը հմտորեն ղեկավարելու, գերմանա-ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում արիություն, խիզախություն, հերոսություն դրսևորելու համար և ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 20-ամյակի»[11]:

Հովհաննես Իսակովն ընտրվել է ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1937—1946): Եղել է պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի անդամ (1956—1967), գիտության և հայտնագործությունների բնագավառում Ստալինյան մրցանակներ շնորհող կոմիտեի անդամ (1947—1951):

Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Իսակովը ռազմական գիտության տեսաբան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Իսակովի գրչին են պատկանում 100-ից ավելի աշխատություններ, որոնց մի մասը հրատարակվել է մի քանի անգամ և թարգմանվել օտար լեզուներով։ Դեռևս 1928 թվականին լույս է տեսել նրա «Գիշերային ականազերծում» աշխատությունը, որտեղ ընդհանրացված էր դարասկզբի ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմի փորձը։

1932-33 թվականներին նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուներ կազմելու և խմբագրելու աշխատանքներին։ 1933 թվականին Պետերբուրգում լույս են տեսել Ա. Ալեքսանդրովի, Հ. Իսակովի և Վ. Աբելինի «Սուզանավերի ռազմական գործողությունները» մեծածավալ աշխատության երկու հատորները։

1936 թվականին Իսակովի հրատարակած «Ճապոնացիների գործողությունները ընդդեմ Ցինդաոյի, 1914 թ.» ուսումնասիրությունը համարվում է ռազմածովային արվեստի պատմության կարևոր նվաճումներից մեկը[12]։ 1937 թվականին նա այդ աշխատությունը պաշտպանել է որպես գիտական ատենախոսություն և ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։

Իսակովի «ԽՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական պատերազմում» ծավալուն աշխատությունը թարգմանվել է մի քանի լեզուներով և մինչև այժմ օգտագործվում է ռազմածովային ակադեմիաներում որպես դասագիրք։ Դասագրքեր են հանդիսանում նաև Իսակովի «Ռազմածովային նավատորմի հրամանատարի տեղեկատու», «Ուղեցույց ծովային ռազմական գործողությունների համար», «ԽՍՀՄ ռազմածովային ուժերի մարտական կանոնադրությունը» և այլ աշխատություններ։ 1950-ական թվականներին լույս տեսած «Ծովային ատլասի» հատորները խոշոր ներդրում էին համաշխարհային ծովագնացության և պատմաաշխարհագրական գիտությունների բնագավառում։

1944 թվականի մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է նավատորմի ծովակալի կոչում։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ 1965 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի առթիվ նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում[13]։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան մի խումբ նշանավոր ակադեմիկոսների առաջադրմամբ 1958 թվականի Հովհաննես Իսակովին ընտրել է թղթակից անդամ։ Նույն թվականին Մեքսիկայի ռազմական հետազոտությունների ակադեմիան նրան ընտրել է պատվավոր անդամ, իսկ 1967 թվականի մարտին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը Իսակովին ընտրել է Հայաստանի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1958 թվականից Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1-ին դասի կապիտան (31.05.1936)
  • 2-րդ դասի ֆլագման (01.09.1937)
  • 1-ին դասի ֆլագման (17.02.1938)
  • ծովակալ (04.06.1940)
  • նավատորմի ծովակալ (31.05.1944)
  • Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (03.03.1955)

Ժամանակակիցների կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովն իր հուշագրություններում նշել է, որ Իոսիֆ Ստալինը Հովհաննես Իսակովի մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Ընկեր Իսակովը նավատորմի իսկական ծովակալ է: Հնարամի՜տն է. ոտքը չկա, բայց գլո՛ւխ ունի: / Умница, без ноги, но с головой»[14]:

Այս կապակցությամբ տարածվել է հետևյալ պատմական անեկդոտը.

Ծովակալ Հ. Իսակովը 1938 թվականից ռազմածովային նավատորմի ժողկոմի տեղակալն էր: 1946 թվականին նրան մի անգամ զանգում է Ստալինն ու ասում, որ առաջարկություն կա նրան նշանակել ծովային գլխավոր շտաբի պետ, որն այդ տարի վերանվանվել էր և արդեն կոչվում էր ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբ: Իսակովը պատասխանում է. «Ընկեր Ստալին, պետք է Ձեզ զեկուցեմ, որ ես լուրջ թերություն ունեմ՝ մի ոտքս կտրված է»: Հետևում է Ստալինի հարցը. «Դա միա՝կ թերությունն է, որի մասին անհրաժեշտ եք համարում զեկուցել»: «Այո՛», — հաստատում է ծովակալը: «Մենք մի շտաբի պետ ունեինք, որն անգլուխ էր, բայց՝ ոչի՜նչ, աշխատո՜ւմ էր: Իսկ Ձեր մի ոտքը չկա միայն. դա սարսափելի չէ», — խոսքն ամփոփում-ավարտում է Ստալինը

  • Ականատեսները պատմել են, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ 1945 թվականի մայիսի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամների և խորհրդային զորահրամանատարների համար կազմակերպված խնջույքի ժամանակ թամադայող Ստալինը, անցնելով սեղանների երկար շարքը, մոտեցել է հեռավոր անկյունում նստած Հովհաննես Իսակովին, բաժակ-բաժակի խփել ու առանձնահատուկ հանդիսավորությամբ խմել նրա կենացը, գնահատել նրա վաստակը:
Խորհրդային Միության հերոս (7 մայիսի 1965)
6 Լենինի շքանշան (1938 թվականի փետրվարի 22, 1942 թվականի դեկտեմբերի 13, 1945 թվականի փետրվարի 21, 1954 թվականի օգոստոսի 21, 1964 թվականի օգոստոսի 21, 1965 թվականի մայիսի 7)
Կարմիր դրոշի 3 շքանշան (1940 թվականի ապրիլի 21, 1944 թվականի նոյեմբերի 3, 1947 թվականի նոյեմբերի 6)
Ուշակովի 1-ին աստիճանի երկու շքանշան (22 հուլիսի 1944, 28 հունիսի 1964 թ.)
Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (22 փետրվարի 1943 թ.)
Կարմիր աստղի շքանշան (23 փետրվարի 1934 թ.)
Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» (22 դեկտեմբերի 1942 թ.)
Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» (1 մայիսի 1944 թ.)
Մեդալ «Սևաստոպոլի պաշտպանության համար» (22 դեկտեմբերի 1942 թ.)
Մեդալ «Կովկասի պաշտպանության համար» (1 մայիսի 1944 թ.)
Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» (9 մայիսի 1945 թ.)
Մեդալ «Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» (30 սեպտեմբերի 1945 թ.)
Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի քսան տարի» (7 մայիսի 1965 թ.)
Հոբելյանական մեդալ «Բանվորագյուղացիական կարմիր բանակի XX տարի» (24 հունվարի 1938 թ.)
Հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարի» (22 փետրվարի 1948 թ.)
«ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարի» հոբելյանական մեդալ (1958 թ. փետրվարի 17)
Մեդալ «Ի նշանավորումն Մոսկվայի 800-ամյակի» (20 սեպտեմբերի 1947 թ.)
Մեդալ «Ի նշանավորումն Լենինգրադի 250-ամյակի» (16 մայիսի 1957 թ.)
  • Վերքի շերտաժապավեն
  • Ստալինյան մրցանակ (1950)
Արտասահմանյան երկրների շքանշաններ
Գրյունվալդի խաչի 1-ին աստիճանի շքանշան ( Լեհաստան )
Ազգային ազատագրության շքանշան ( Հարավսլավիա )
Պարտիզանական աստղի 1-ին աստիճանի շքանշան, երկու անգամ (Հարավսլավիա)

Ծովակալի հուշարձանի բացման համար մեծ ներդրում է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը։ ՀՀ-ից 2 պատվիրակություն է մասնակցել. 1-ինը գլխավորում էր ՀՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, 2-րդը՝ ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը։

Բացմանը ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայազգի բարձրաստիճան զինվորականներ, Տուապսեի ղեկավարի տեղակալ Օքսաննա Կոչեգարովան, Շահումյանի համայնքի ղեկավար Լաերտ Քոչյանը, Տուապսեի շրջանի հեռուստառադիոպետկոմի ու մամլո ղեկավար Վալերի Թորոսյանը, քրիստոնեական ու մուսուլմանական կրոնական գործիչներ։ Ընդգծվել է, որ Իսակովը հռչակվել է ոչ միայն որպես ԽՍՀՄ ծովակալ, այլև ընդհանրապես Երկրորդ համաշխարհային պատերազմի առավել խոշոր զորահրամանատարներից մեկը։ Իսակովը մեծ ներդրում է ունեցել նաև հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի վաստակն արժևորելու գործում, իսկ Նելսոն Ստեփանյանին նա միշտ փառաբանել ու անվանել է «քաջերի քաջ»[15]։

  • Զորահրամանատարի պատվին են կոչվել «Ծովակալ Իսակով» մեծ հածանավը[16] (շարքում է գտնվել 1970—1994 թվականներին) և Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի մի ֆրեգատ[17]:
  • Հովհաննես Իսակովի անունն են կրում երևանյան պողոտաներից մեկը, փողոցներ Սանկտ Պետերբուրգում (1989), Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղ), Տուապսեում, Տուապսեի շրջանի Գոռնի ավանում, Վոլգոգրադի մարզի Գորոդիշչե ավանում, դպրոցներ՝ Երևանում (№ 132 դպրոցը 1967 թվականից), Գոռնի ավանի դպրոցը:
  • Խորհրդային տարիներին ծովակալի անունն էին կրում մեկական պետտնտեսություն Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
  • Ծովակալին նվիրված հուշատախտակներ են փակցվել Մոսկվայում՝ Սմոլենսկյան առափնյայի այն տան պատին, որտեղ ապրել է նա, ինչպես նաև Սոչիում՝ այն առողջարանի պատին, որտեղ նա բուժվել է վիրավորվելուց հետո:
  • Հովհաննես Իսակովի անունն է կրում Խաղաղ օվկիանոսի ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են խորհրդային օվկիանոսագետները:
  • Ծովակալի անունով է կոչվել Լուգանսկի մարզում Բելայա գետի վրա կառուցված ջրամբարը:
  • ԽՍՀՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում թողարկվել են Հովհաննես Իսակովին նվիրված փոստային դրոշմանիշներ:

Ռուսերեն բնագրային հրատարակություններ

  • Операции подводных лодок. — Л., 1933. — Соавт.: Александров А. П. — Т. 1.
  • Десантная операция. — Л.М., 1934.
  • Операция японцев против Циндао в 1914 г. — М.—Л., 1941. — Изд. 3-е.
  • Военно-Морской Флот СССР в Великой Отечественной войне. — М.- Л., 1944.
  • Красная Горка. Сталинская операция 13 — 16 июля 1919 г. — М., 1946.
  • Использование подводных лодок для транспортных целей (в соавт. с Л. М. Еремеевым). — М., 1959.
  • Рассказы о флоте. — М., 1962.
  • Морские истории. — М., 1970.
  • Каспий, 1920 год. — М., 1973.
  • Морское притяжение. — М., 1984.
  • Океанология, география и военная история. Избранные труды. — М., 1984.

Հայերեն թարգմանություններ

  • Իսակով Իվան «Հայ ծովայինները Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 56 էջ։
  • Իսակով Իվան «Սովետական Հայաստանի զավակները Լենինգրադի պաշտպաններ», Երևան, 1946։
  • Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 181 էջ։
  • Իսակով Իվան «Պատմվածքներ նավատորմի մասին», Երևան, 1963, 324 էջ։
  • Իսակով Իվան «Ակնարկներ», Երևան, 1970, 336 էջ։
  • Իսակով Իվան «Պատմվածքներ նավատորմի մասին», Երևան, 1984, 236 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965, էջ 244-265։
  • Վարդապետյան Արշակ «Հ. Ս. Իսակով (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 1973, 156 էջ։
  • Հարությունյան Աշոտ «Սովետական Միության նավատորմի ծովակալ Ի. Ս. Իսակով (ռազմագիտական ակնարկ)», Երևան, 1975, 192 էջ։
  • Հարությունյան Արտեմ «Խորհրդային Միության ծովակալ Իվան Իսակով», Երևան, 1975։
  • Կորսունսկի Մ. Ա. «Իսակովը Էստոնիայում», Երևան, 1984, 120 էջ։
  • Խաչատրյան Տիգրան «Ձեր Հովհաննես Իսակով», Երևան, 1985, 184 էջ։
  • Վարդապետյան Արշակ «Հ. Իսակովի ռազմագիտական գործունեությունից», Երևան, 1985։
  • Գուրգեն Գեղամյան «Հայ ժողովրդի ականավոր զավակը» (Հովհաննես Իսակովի ծննդյան 100-ամյակի առթիվ), «Պատմաբանասիրական հանդես», Երևան, ԳԱԱ, 1995, №1, էջ 225-229։
  • Մկրտչյան Վահան «Ծովակալ Հովհաննես Իսակով (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 2004, 48 էջ։

Ռուսերեն գրքեր և հոդվածներ Հովհաննես Իսակովի մասին

  • Адмирал Флота Советского Союза Иван Степанович Исаков. Документы и статьи. — Ереван, 1984.
  • Арзуманян А. М. Адмирал. — Перераб., доп. изд. — М., 1980.
  • Военная энциклопедия в 8 томах. Т. 3: «Д» — Квартирьер / Гл. ред. комиссии П. С. Грачёв. — М.: Воениздат, 1995. — 543 с. — ISBN 5-203-00748-9. — С. 385.
  • Герои Советского Союза Военно-Морского Флота. 1937—1945. — М.: Воениздат, 1977.
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь. — М.: Воениздат, 1987. — Т. 1.
  • Иван Степанович Исаков. — М., 1972.
  • Казарьян А. В. Война. Люди. Судьбы. — Ереван, 1974. — Кн. 2. — С. 5—22.
  • Лурье В. М. Исаков, Иван Степанович // Адмиралы и генералы Военно-Морского флота СССР в период Великой Отечественной и советско-японской войн (1941—1945). — СПб. : Русско-балтийский информационный центр БЛИЦ, 2001. — 280 с. — 2000 экз. — ISBN 5-86789-102-X.. — С. 97—98.
  • Макаров К. В. Флотоводец, учёный, писатель. // Военная мысль. — 1988. — № 5. — С. 69—76.
  • Рудный В. А. Долгое, долгое плавание: Об Адмирале флота Советского Союза И. С. Исакове. — Изд. 2-е, дополн. — М.: Политиздат, 1984. — 144 с. — (Герои Советской Родины). — 200 000 экз.
  • Сергеев Н. Д. Приказано жить и работать. // Флагманы: сборник воспоминаний и очерков. — М.., 1991. — С. 191—204.
  • Близниченко С. С. К 115-летию со дня рождения Адмирала Флота Советского Союза Ивана Степановича Исакова // Военно-исторический архив. — 2009. — № 11. — С. 69-81.; № 12. — С. 99-109.
  • Близниченко С. С. Флагманы флота Азовского и Чёрного морей 1917—1945 гг. — Краснодар: Диапазон-В, 2010. — 336 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 TracesOfWar
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Исаков Иван Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  6. 6,0 6,1 Адмирал флота Советского Союза И. С. Исаков Արխիվացված 2020-07-27 Wayback Machine — Центральный Военно-Морской Портал Navy.ru.
  7.  Հովհաննես Իսակով «Երկրի հերոսներ» կայքում
  8. Адмирал флота Советского Союза И. С. Исаков (ռուսերեն). Flot.com. Վերցված է 7 November 2013-ին.
  9. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_Tcovakal_Isakov
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  11. Указ Президиума Верховного Совета СССР от 7 мая 1965 года № 3555-VI «О присвоении звания Героя Советского Союза маршалам, генералам и адмиралам Вооружённых Сил СССР» // «Ведомости Верховного Совета СССР». — 1965. — № 19 (1262). — Ст.264.
  12. http://www.hayzinvor.am/22061.html
  13. Указ Президиума Верховного Совета СССР от 7 мая 1965 года № 3555-VI «О присвоении звания Героя Советского Союза маршалам, генералам и адмиралам Вооружённых Сил СССР» // «Ведомости Верховного Совета СССР». — 1965. — № 19 (1262). — Ст.264.
  14. «Армяне в «деле Лаврентия Берия»». Արխիվացված է օրիգինալից 2019-06-11-ին. Վերցված է 2013-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. http://www.hayary.org/wph/?p=3461
  16. Hampshire, Edward (2017). Soviet Cold War Guided Missile Cruisers. New Vanguard 242. Oxford: Osprey Publishing. էջեր 27–28. ISBN 978-1-4728-1740-2.
  17. «Russian Frigate Admiral Isakov Gets Fully Domestic Diesel Gas-Turbines». 5 August 2021.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Իսակով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Իսակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389