Ապարանից Սուրբ Խաչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Խաչ վանք (այլ կիրառումներ)

Ապարանից Սուրբ Խաչ վանք, Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում (հետագայում՝ Մամռտանք), Սարիխաչ լեռան հարավարևմտյան լանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Հիշատակվում է 10-րդ դարից․ եղել է Մոկաց աշխարհի եպիսկոպոսանիստ վանքը։ Մոտ 950-ին վանահայր Դավիթը կառուցել է վանքի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին, վախճանվելուց հետո թաղվել եկեղեցու խորանում, իսկ նրա գերեզմանի հողը համարվել է բուժիչ ու հրաշագործ։ Դավթի ազգական և նրան հաջորդած վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մոտ 970 թվականին կառուցել է վանքի Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունը կրող խոշոր, թաղածածկ եկեղեցին և նրան հյուսիսից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Եկեղեցու շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շինարարության համար միջոցներ հայթայթելու նպատակով Ստեփանոս եպիսկոպոսը վանքի հռչակավոր հողից ուղարկել է Կոստանդնուպոլիս։ Հողի գործած հրաշքներից տպավորված բյուզանդական հայազգի Բարսեղ Բ կայսրը, նյութական օժանդակությունից բացի, վանքին նվիրել է ոսկեզօծ և մարգարտազարդ Սուրբ․ Խաչի երկդռնանի տապանակը, որի մեջ զետեղված էին Կենաց փայտի և Փրկչի փշե պսակի մասնիկներ, Աստվածածնի հանդերձից մի կտոր և այլ մասունքներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտին կառուցել են վանքի Ս․ Առաքելոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Աբդլըմսեհ մատուռները։

Եկեղեցու օծում[խմբագրել | խմբագրել կոդը]

983 թվականին Ս․ Աստվածածին եկեղեցու օծմանը ներկա են եղել բազմաթիվ եպիսկոպոսներ, իշխաններ, Վասպուրականի արքայազն եղբայրներ Աշոտը, Գուրգենը, Սենեքերիմ Հովհաննեսը։ Օծման շքեղ հանդեսին ս․ Խաչի տապանակը Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցուց տեղափոխել են նորակառույց Ս․ Աստվածածին եկեղեցի։ Հանդեսին ներկա Գրիգոր Նարեկացին Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքով գրել է վանքի պատմությունը և ս․ Խաչին նվիրված ներբող, նկարագրել Ս․ Աստվածածին եկեղեցու փառավոր նկարները, գեղեցիկ քանդակները, շքեղ սպասքն ու վարագույրները։

11-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում, ապահովության համար, Սուրբ Խաչը տեղափոխել են Աղթամարի վանք։ 1441 թվականին վանահայր Հովհաննես վարդապետը մասնակցել է [[Էջմիածին[|Էջմիածնի]] ազգային-եկեղեցական ժողովին և կաթողիկոսի ընտրությանը։ 15-17-րդ դարի վանքում գործել է գրչության կենտրոն, որից բազմաթիվ ձեռագրեր են պահպանվել։ 16-չդ դարում վանահայր Սիմեոն վարդապետը տաղաչափել է Մամիկոնյաններին ու Պահլավունիներին նվիրված վիպասանությունը, գրել վանքի պատմությունը։ 17-րդ դարում Ս․ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից կառուցել են (քարից և աղյուսից) քառամույթ գմբեթավոր գավիթ։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1638 թվականին նորոգել են Ս․ Աստվածածին եկեղեցու մուտքը։ 1651 թվականին վանահայր Սիմեոն վարդապետ Ապարանցին կառուցել է վանքի պանդոկը (չի պահպանվել), գրել 24 տնից բաղկացած տաղ՝ նվիրված վանքին, 1664 թվականին կառուցել Ապարանք գյուղի ծխական եկեղեցին։ 1762 թվականին վանքի եկեղեցիների գմբեթներին լույս է ճառագել, որը տևել է մի քանի օր և մեծ ուխտագնացության առիթ հանդիսացել։ 19-րդ դարում վանքն ունեցել է 27 արտ, ջրաղաց, ձիթհանք։ 1895 թվականին շրջակայքի քրդերը կողոպտել են վանքի սպասքը, ձեռագրերը, սրբությունները, քանդել Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու գմբեթը և վանական շինությունները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներսից եռախորան, գմբեթավոր հորինվածքով եկեղեցին կառուցված է քարի ու աղյուսի զուգակցումով։ Հարավից կից է թաղածածկ մատուռը, որը դռնով հաղորդակցվում է եկեղեցու հարավային խորանին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 71 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վնտ․, 1827։
  • Շերենց Գ․, Սրբավայրեր, Թ․, 1902։
  • Էփրիկյան Ս․, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ․ 1, Վնտ․, 1903։
  • Ոսկյան Հ․, Վասպուրական-Վանի վանքերը, հ․ 1, Վնն․, 1940։
  • Thierry J․ M․, Monuments armŽniens du Vaspurakan, P․, 1989․