Մոկս (գյուղաքաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոկս (այլ կիրառումներ)
Շրջան
Մոկս
Bahçesaray
Van districts.png
Վարչական տարածքԹուրքիա
ՄարզՎանի մարզ
ՔաղաքապետՄեքի Արվաս
Մակերես489.69 կմ²
ԲԾՄ1870 մ
Բնակչություն3361 (գյուղաքաղաք)
17 133 (շրջան) մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքbahcesaray.bel.tr (թուրքերեն)
##Մոկս (գյուղաքաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Մոկս (թուրքերեն՝ Müküs, քրդ.՝ Miks), գյուղաքաղաք և շրջան Թուրքիայի Վանի մարզում, պատմական Մեծ Հայքի Մոկք աշխարհի Մոկք Առանձնակ գավառում։ Օսմանյան շրջանում մաս էր կազմում Վանի վիլայեթի Վանի գավառի Մոկսի գավառակի։ Այժմ կրում է Բահչեսարայ (թուրքերեն՝ Bahçesaray) անվանումը։ Գտնվում է Վան քաղաքից մոտ 60 կիլոմետր հարավ-արևմուտք, Մոկս գետի ափին, լեռան ստորոտում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկս անունը Մոկք անվան գրաբարյան հայցական/ներգոյական ձևն է։ Մոկք տեղանվան ծագումն անհայտ է։ Երբեմն կապվում է հնագույն աղբյուրներում հիշատակված մոսկ, մուշկ ցեղանվան հետ, երբեմն էլ՝ մոգ բառի հետ։ Թուրքիայի Հանրապետության օրոք բնակավայրը վերանվանվել է Բահչեսարայ, որը կազմված է պարսկերեն «բաղչե» (պարտեզ) և «սարայ» (բնակարան, ապարանք) բառերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկսը տարբեր աղբյուրներում հիշատակվում է որպես ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք և քաղաքավան։ Հին ժամանակներում կոչվել է Մոկք և եղել է Մոկք Առանձնակ գավառի կենտրոնը, ինչպես նաև Մոկաց նախարարների ոստանը։ 9-11-րդ դարերում եղել է Վասպուրականի թագավորության տիրապետության տակ, այնուհետև անցել է, հաջորդաբար, Բյուզանդիային, սելջուկներին, մոնղոլներին և թուրքմենական ցեղերին։ Մոկսում դարեր շարունակ պահպանվել են հայկական մանր իշխանություններ։ Մոկսն առավել մարդաշատ և ծաղկուն է եղել միջնադարում, քան հետագա ժամանակներում։ 16-րդ դարում Մոկք աշխարհը նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից և մտցվեց Վանի էյալեթի մեջ իբրև առանձին գավառ, որի կենտրոնն էր Մոկս գյուղաքաղաքը։ Հետագայում ստեղծվել է Մոկսի կամ Մոկուսի գավառակը՝ Վանի վիլայեթի Վանի գավառի կազմում։ Մոկսի գավառակի կենտրոնը Մոկս գյուղաքաղաքն էր։ Միջին դարերում Մոկսը եղել է բացառապես հայաբնակ, իսկ ավելի ուշ այստեղ հաստատվել են քրդեր։ 19-րդ դարում Մոկսը եղել է կիսանկախ քրդական ամիրայության կենտրոն։ 1846 թվականին ամիրայությունը ոչնչացրել են Օսմանյան կայսրության զորքերը։

20-րդ դարի սկզբներին ուներ շուրջ 2000 բնակիչ, որի ճնշող մասը հայեր էին։ Ուներ հինգ թաղեր՝ Աբրահամենց, Անճղոց, Դաշտ, Մատկունց և Քաղաքի թաղ։ Հայաբնակ էին բոլոր թաղերը, բացի Մատկունցից։ Բնակիչները զբաղվում էին ջուլհակությամբ, ներկարարությամբ, մեղվապահությամբ, գզրարությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Հինգ թաղերից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին, որոնցից կանգուն էին մնացել Անճղոնց Սուրբ Աստվածածինը (13-րդ դարի, վերանորոգված 1676 թվականին) և Սուրբ Հովհաննեսը։ Դաշտ թաղի Սուրբ Հակոբ եկեղեցին ուշ միջնադարում եղել է նշանավոր գրչօջախ։ Մոկսի մոտակայքում են գտնվում նաև Մոկաց Սուրբ Գևորգ, Սուրբ Ամենափրկիչ և Մոկաց Սուրբ խաչ վանքերը, որոնցից վերջին երկուսը եղել են գրչության նշանավոր կենտրոններ։ Սուրբ Ամենափրկիչ վանքի մոտ իբր թաղված է ոմն Գասպար մոգ, որից և գուցե առաջացած լինի տեղանվան Մոգս տարբերակը։ Մոկսի մոտ, բարձր լեռան գագաթին տեսանելի են հին բերդի ավերակներ։ Հնարավոր է, որ հենց այս բերդն է եղել Մոկաց իշխանների ոստանը։ Մոկսի հարավային կողմում կար մի Արծվաքար կոչվող քարաժայռ, որտեղ իբր բնակվում են երկնային էակներ։

Մոկսի հայ բնակչությունը տեղահանվել ու կոտորվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Թ․ Խ․, «Պատմական Հայաստանի քաղաքները», խմբ․ Դիլոյան Վ․ Ա․, Երևան, «Հայաստան», 1987, էջ 194-196 — 256 էջ։
  • Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 862-863 — 992 էջ։
  • Aydın Suavi, Verheij Jelle (2012)։ Jorngerden Joost, Verheij Jelle, eds.։ Social Relations in Ottoman Diyarbekir, 1870-1915։ Brill։ ISBN 9789004225183 ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մոկս» հոդվածից (հ․ 7, էջ 694-695 ) (հեղինակ — Մ․ Հասրաթյան)։ CC BY-SA icon 80x15.png