Մուշքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուշքեր (հուն. Μόσχοι), ցեղախումբ հնագույն Փռյուգիայում։ Հիշատակվում են ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում (մ․ թ․ ա․ 8-7-րդ դարեր), Աստվածաշնչում (Մեղեք, Մոսոք)։ Ուսումնասիրողներից ոմանք (Մելիքիշվիլի, Կավենյակ) նույնացնում են ավելի ուշ Սև ծովի հարավային ափին բնակվող մոսքերին և վրացական մեսխերին։ Այլ ուսումնասիրողների ( Դյակոնով և այլք) ենթադրությամբ՝ մ․ թ․ ա․ 12-րդ դարում Բալկաններից գաղթել են Փոքր Ասիա, այնտեղից էլ հետագայում իբր մտել Հայկական լեռնաշխարհ, խառնվել բնիկներին և դարձել հայ ժողովրդի կարևոր էթնիկական տարրերից մեկը։ Այս տեսակետը հայագետներից շատերն այժմ հերքում են։

Մուշքերի ցեղերն ըստ <Աստվածաշնչյան> ավանդազրույցների համարվում են Հաբեթի որդիներից՝ Մոսոքի /Մեղեք/ սերունդները: ՈԻսումնասիրողներից մեծամասնությունը հիմնվելով խեթական, ասորեստանյան, ուրարտական և Աստվածաշնչյան հիշատակումների վրա՝ Մուշքերի բնակության վայրը տեղադրում են պատմական Փռյուգիայի արևելյան սահմաններից մինչև Վանա լճի հարավային ափամերձ շրջաններն ընդգրկող լայնարձակ տարածքներում /Մուշքինի (արևելյան Փռյուգիա), Մաժաք (Կեսարիա), Մարկասու (Մարաշ), Մելիդու (Մելիտինե) ընդհուպ Մուշկ (Մոկաց աշխարհ) երկրամասերը/:

Խեթական արձանագրություններում՝ Մուշքերի ցեղամիությունը, Կասկերի և Հարրի/Հայասա/ ցեղամիությունների հետ միասին համարվում է Խեթերի ախոյան Հայասսա-Ազզի ռազմական դաշնության անդամ երկիր /Սուպիլուլիումա I-ի արձանագրություններում հիշատակվում է Հարրիի ռազմառաջնորդ Հուկաննայի դաշնակից՝ Մուշքերի առաջնորդ Սունասսուրան/ :

Ասորեստանյան արձանագրություններում (Թգլաթպալասար I) Մուշքերի ցեղամիությունը նույնպես համարվում է Հայկական լեռնաշխարհի Նաիրի /նախկին Հայասսա-Ազզի ռազմական դաշնության Ասորեստանյան անվանաձևը/ ցեղամիությունների դաշնության անդամ:

Շատ պատմաբաններ (Գ. Ա. Մելիքիշվիլի, Է. Կավենյակ, Ի. Մ. Դյակոնով և այլն) ենթադրում են, որ Խեթերի ճնշման տակ /հիմնականում նրանց սահմանակից/ Կասկերի և Մուշքերի շատ ցեղախմբեր ստիպված գաղթել են Հայկական լեռնաշխարհի հյուսիսային տարածքներ, որոնցից ենթադրաբար՝ Մոսոքյան կամ Մուշքյան ծագում ունեն՝ Մոսինոյկները, Մաքելոնները և Մեսխերը, ինչպես նաև արևելյան Անդրկովկասի Մազքութները /Ամազոնք/:

Հերոդոտոսը Մոսոքյան Մազքութներին /Ամազոնք/ դիտում է որպես Սկյութների նախասկիզբ, իսկ Վ.Ն.Տատիշչեվը հենվելով 1674թ-ին Գիզել Ինոկենտիի կողմից հեղինակած Կիեվյան Կոնսպեկտի վրա՝ Մոսոքյան ցեղերից է ծագեցնում Սլավոնական ժողովուրդներին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>> -1987թ. /հոդ-ներ՝ Մուշքեր, Մազքութներ/

В.Н.Татищев << История российская >>

М.В.Ломоносов <<Древняя российская история>>

ՀՍՍՀ ԳԱ <<Հայ ժողովրդի պատմություն>> -1971թ. Հատոր 1-ին

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png