Որոտնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Որոտնաբերդ
Vorotnaberd2.jpg
Վարչական միավոր Սյունիքի մարզ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Կոորդինատներ: 39°29′44.160000100011″ հս․ լ. 46°7′19.920000099998″ ավ. ե. / 39.49560000002777826° հս․. լ. 46.12220000002777454° ավ. ե. / 39.49560000002777826; 46.12220000002777454
Որոտնաբերդը գտնվում է Հայաստանում
Որոտնաբերդ

Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։

Մելիք-Թանգու միաթռիչք կամարակապ կամուրջ (1855)

Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները)։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով։ Ուշագրավ են բերդի հարավարևմտյան մասում գտնվող գույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2մ բարձրությամբ)։

Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.)[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]