Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

Բագրատունիների թագավորության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր առաջ Բագրատունիների շնորհիվ կորսված հայկական պետականությունը վերականգնվել էր 885 թվականին, և Աշոտ Առաջինը օծվել էր հայոց թագավոր։ Բագրատունիների թագավորությունը երկար չգոյատևեց (885-1045), և մաս-մաս նվաճվեց Բյուզանդական կայսրության կողմից։ Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը։ Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։ Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։ Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը։

Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի։ Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։ Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի։ Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսի հետ։ Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում։ Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից։ Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը. դա չէր կատարվել անգամ արաբական տիրապետության շրջանում։

Փորձելով վերացնել հայկական զինուժը՝ կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել։ Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թյուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը[1]:

Առաջին արշավանքը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սելջուկյան սուլթանություն

Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։

Aquote1.png Երբ հասավ հայոց 465 թվականը (17 մարտ 1016-16 մարտ 1017) աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց սուրբ երրորդությունը պաշտողներին... Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր: Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին: Փորձանքի լուրը հասավ Սենեքերիմ թագավորին: Նրա ավագ որդի Դավիթը, հավաքելով ազատների զորքը, հարձակվեց թուրքերի ճամբարի վրա: Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ: Մինչև այն ժամանակ ոչ ոք չէր տեսել թուրքական հեծելազոր. հանդիպելով տեսան նրանց տարօրինակ արտաքինը. նրանք աղեղնավորներ էին, կանանց նման հերարձակ Aquote2.png
Դանդանականի ճակատամարտ
Aquote1.png Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ: Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը: Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա... Aquote2.png
Aquote1.png Նրանք ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետև նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր և ահաբեկում Aquote2.png


1047 թվականին սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց։ Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց։ Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից։

Aquote1.png Գրավելով Հայաստանը, հոռոմները դադարեցրին ամեն տեսակի պայքարը հայոց դեմ, բայց այս անգամ էլ ձեռնարկեցին նրանց դեմ այլ պատերազմ մղել. նրանք սկսեցին հայերին հավատաքննության ենթարկել: Նրանք ատեցին պատերազմական գործը, բայց Աստծո եկեղեցու մեջ կռիվ ու տակնուվրայություն հաստատեցին: Նրանք խուսափում են սելջուկների դեմ կռվելուց, բայց աշխատում են բոլոր իսկական քրիստոնյաներին դավանափոխ անել. հանդիպած քաջ ու հզոր մարդու աչքի լույսն են խավարեցնում կամ ծովը գցում և ջրահեղձ անում: Նրանց նպատակն էր հայոց բոլոր իշխաններին ու քաջ զինվորականներին Արևելքից հանել բերել հույների մեջ բնակեցնել Aquote2.png


Երկրորդ և երրորդ արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուղրիլ-բեկի դամբարանը Ռեյում

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին Գթլմուշի և Իբրահիմ Յանալի գլխավորությամբ։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Բյուզանդական զորքերը պատսպարվել և դուրս չէին գալիս իրենց տեղերից, մինչ սելջուկները ավեր ու թալան էին տարածում։ Սելջուկները ավեր տարածելով հասան Մանազկերտի դաշտ և մի քանի մասերի բաժանելով իրենց զորքերը մի քանի ուղղություններով գրոհներ կազմակերպեցին։ Նրանք և ոչ մի տեղ լուրջ դիմադրության չհանդիպեցին։ Միայն 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին։

1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան, այն անձամբ գլխավորում էր առաջնորդ Տուղրիլ բեկը: Նրանք Հայաստան ներխուժեցին նույն ճանապարհով ինչ առաջին արշավանքների ժամանակ ավեր ու թալան տարածեցին ամբողջ Հայաստանում։ Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները։ Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ։ Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից։ Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի[2]: Առանձնանում է նաև Մանազկերտի բնակչության կազմակերպած դիմադրությունը։ Շուրջ մեկ ամիս պաշարումից հետո սելջուկները ամոթահար հեռացան չկարողանալով գրավել քաղաքը։ Նրանք Մանազկերտի վրեժը հանեցին հայկական գյուղերից և քաղաքներից։

Հայաստանի և ամբողջ Փոքր Ասիայի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելջուկ-թյուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում։ Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թյուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը։ 1064 թվականին սելջուկ-թյուրքերը ևս մեկ անգամ արշավանք կազմակերպեցին անցնելով Ատրպատականի վրայով նրանք առաջին հարվածն ուղղեցին Սյունիքին, ապա առաջ շարժվելով գրավեցին ամբողջ Հայաստանը։ Նրանք առանձնակի դաժանություն էին հանդես բերում։ Արիստակես Լաստիվերցին առանձնակի սարսափով է գրում այս իրադարձությունների մասին։ Նա մեծ ցավով նկարագրում Լոռե քաղաքի գրավման տեսարանը[3]:

Հայաստանը գրավելուց հետո սելջուկ-թյուրքերի զենքն ուղղվեց ընդդեմ Բյուզանդական կայսրության: Այս արշավանքներն իրենց բնույթով հետախուզական էին և նպատակ ունեին տեղեկություններ հավաքել և ավեր ու թալան տարածել։

1070 թվականի սելջուկները ևս մեկ անգամ ներխուժեցին Հայաստան գրավեցին Բագրևանդը, իջան դեպի Վասպուրական գրավեցին Մանազկերտ քաղաքը և հիմնահատակ ավերեցին։ 1071 թվականին բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դեոգենես կայսեր գլխավորությամբ հայ-բյուզանդական ուժերը սելջուկներին հանդիպեցին Մանազկերտի դաշտում։ Ճակատամարտում հայկական և բյուզանդական առանձին զորամասեր կռվում էին առանձնակի եռանդով և անձնազոհությամբ, սակայն անբարյացակամ մի քանի բյուզանդացի զորավարներ դավաճանեցին կայսերը, ինչի արդյունքում հայ-բյուզանդական ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին։ Կայսրը գերի ընկավ և մեծ փրկագնով և ամոթալի հաշտության պայմանագիր կնքելով ազատ արձակվեց։ Այս ճակատամարտը սկիզբ դրեց Բյուզանդական կայսրության կործանմանը։ Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թյուրքերի հետ։ Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան։ Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների։ Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ։

Ալփ Արսլան սուլթան (1063-1072)

Սելջուկ-թյուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը։ Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները։ Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը։ Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից։ Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ։ Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը։ Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: Հայկական գաղութներ սկսեցին ձևավորվել Ղրիմում:

Ալփ-Արսլանի հաջորդ՝ Մելիքշահից (1072-1092) հետո սելջուկյան պետությունում սկսեցին խռովություններ, որը պատճառ դարձավ պետության բազմաթիվ իշխանությունների բաժանման։ Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում Լոռիի թագավորությունը տակավին անկախ էր՝ ընդգրկելով Գուգարքի արևելքը (Տաշիր-Ձորագետը), Ուտիքի արևմուտքը։ Այնտեղ իշխում էին Կյուրիկեի որդիներ՝ Դավիթն ու Աբասը։ Իսկ Կապանի կամ Սյունիքի թագավորությունը ընդգրկում էր Զանգեզուրը, և թագավորում էր Սենեքերիմը, ապա նրա որդին՝ Գրիգոր Բ-ն։ Հայկական իշխանություններից էին Արցախում Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանությունը, Աղթամարում Արծրունիների իշխանությունը, Սասունում իշխում էր Թոռնիկն ու նրա որդիները Չորտվանելն ու Վասակը, եվ Մոկքի իշխանությունը։

Հայաստանում առաջացել էին նաև թյուրքական եվ օտարազգի իշխանություններ։ Նրանցից առաջիններն էր Դվինում ու Անիում Շադդադյանների իշխանությունը քուրդ ցեղապետ Փադլունի գլխավորությամբ։ Շահ-Արմենների էմիրությունը 12-րդ դարի սկզբին հիմնել էր Սուքման էլ-Քութբին՝ Մանազկերտ, Խլաթ, Տարոն ու Վասպուրական շրջաններում։ Կարինում իշխում էին Սալդուխյանները, իսկ Հայաստանի հարավում՝ Աղձնիքում ու Մոկքում իշխում էին Օրդուխյանները, Մերդին կենտրոնով։ Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]