Շաղատ (պատմական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շաղատ (այլ կիրառումներ)։

Շաղատ՝ գյուղաքաղաք պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։

Շաղատ գյուղաքաղաքը հանդիսանում էր Սյունաց իշխանների իշխանանիստը, ինչպես և Սյունիքի եպիսկոպոսանիստը։ Եպիսկոպոսական աթոռն այստեղ մնաց 4-րդ դարից մինչև 8-րդ դարի վերջերը կամ 9-րդ դարի սկիզբը, այսինքն՝ մինչև այն ժամանակ, երբ Սյունիքի տեր Վասակն իր իշխանանիստը տեղափոխեց Վայոց ձորի Եղեգիս ավանը։ Հենց այդ ժամանակից սկսած Շաղատը դադարում է եպիսկոպոսանիստ լինել. դրանից շատ չանցած եպիսկոպոսական աթոռը հաստատվում է Տաթևում։

Շաղատի վարդապետներից են Սյունյաց Պետրոս եպիսկոպոսը՝ Քերթող մականանված (5-րդ դարի վերջ), Ստեփանոս Իմաստասերը և ուրիշներ։

Շաղատը մեր պատմագիրները հաճախակի կոչում են քաղաքավան։ Մինչև 9-րդ դարի սկիզբը Սյունիքի «գահագլուխ» իշխանների աթոռանիստն էր։

Պատմական Շաղատն ուներ դիրքային որոշ առավելություններ։ Նախ՝ գտնվում էր Սյունյաց աշխարհի գրեթե կենտրոնում, երկրորդ՝ նրա մոտով են անցնում Սյունիքում հայտնի երկու ճանապարհները, որոնցից մեկը տանում է Վայոց ձոր և Այրարատ, իսկ մյուսը՝ Նախիջևան և Վասպուրական։

Շաղատն ունեցել է իր բերդը, որի մնացորդներն այժմ էլ նշմարվում են Սյունիքի մարզի, նախկին Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի արևելյան մասում բարձրացող երկու բլուրների լանջին։ Հնավուրց ժամանակներում, Շաղատը գտնվում էր լճի ափին. հավանաբար, լիճը առաջացել էր Որոտան և մոտակա մի քանի գետերի միախառնումից (ինչը նաև հուշում է, որ հնում Որոտանը ավելի ջրառատ էր)։ Շաղատի թաղամասերից մեկն էլ գտնվում էր լճափին։ Սակայն միջնադարում լիճը զգալիորեն ճահճացել էր (հավանաբար բնակլիմայական պայմանների փոփոխման արդյունքում), իսկ հետագայում այն անհետացավ[1]։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ էջ 205-206.