Վահե Պողոսյան
Վահե Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1944 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 2010 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1970) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կայծ, Էկոնոմիկա, Հայաստանի աշխատավորուհի, «Հայաստան» հրատարակչություն և Գարուն |
Վահե Պողոսյան Վիքիդարանում |
Վահե (Վոլոդյա) Ալեքսանի Պողոսյան (օգոստոսի 20, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2010, Երևան, Հայաստան[1]), հայ գրող, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 1975 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Պողոսյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 20-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Օրջոնիկիձեի անվան դպրոցում, մի քանի տարի աշխատել որպես շինարարության բանվոր։ 1965 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, 1970 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Միաժամանակ 1970 թվականին ավարտել է Երևանի քաղկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։ 1970-1971 թվականներին աշխատել է Կիրովականի «Կայծ» քաղաքային թերթում որպես գրական աշխատող, 1971-1972 թվականներին «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրում բաժնի բարիչ, 1972-1974 թվականներին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում նախ որպես բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության քաղաքական գրականության բաժնում որպես ավագ խմբագիր[2]։ 1976-1980 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գրականության բաժնի վարիչ[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոսյանի պատմվածքների, վիպակների հիմնական թեման ժամանակակից կյանքն է («Կանգառում և սլացքի մեջ», 1972, «Ասպետի կացարանը», 1977, «Երկնային պատիժ», 1983, «Ճերմակ գառների ամառը», 1985, «Տաք ձյունը», 1985): Պողոսյանի առաջին պատմվածքը տպագրվել է 1965 թվականին։ Նրա պատմվածքներից ու վիպակներից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, վրացերեն, լեհերեն, ադրբեջաներեն։ Ռադիոյով հաղորդվել են Պողոսյանի «Խաղը» և «Ասպետի կացարանը» ռադիոպիեսները («Ասպետի կացարանը» հաղորդվել է նաև ադրբեջաներեն)։ Պողոսյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են հեռուստաբեմադրություններ («Երկնային քարանձավ», 1973, ռեժիսոր՝ Ռ. Հախվերդյան, «Ասպետի կացարանը», 1988, ռեժիսոր Թ. Բիտյուցկայա-Էլիբեկյան)։ Գրում է նաև մանուկների համար («Հեքիաթների զարդատուփ», 1992)[4]:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանգառում և սլացքի մեջ, Երևան, «Հայաստան», 1972, 91 էջ։
- Ասպետի կացարանը, Երևան, «Սովետական գրող», 1977, 160 էջ։
- «Երկնային պատիժ», 1983։
- «Ճերմակ գառների ամառը», 1985։
- «Տաք ձյունը», 1985:/Теплый снег (Повести и рассказы), 1985.
- Հեքիաթների զարդատուփ։ Հայ գրող, 1991, 74 էջ[5]։
- Երկու վիպակ. Ե. 2001:
- Դատը, Հայաստան, 2001, 159 էջ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Վահե Պողոսյան». zarkfoundation.com.
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 376։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
- ↑ Պողոսյան, Վահե Ալեքսանի (1991). Հեքիաթների զարդատուփ. Հայ գրող. ISBN 9785807903211.
- ↑ Պողոսյան, Վահե Ալեքսանի (2001). Դատը։ Պատմվածքաշար. Հայաստան. ISBN 9785540017343.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Պողոսյան» հոդվածին։ |