Մկրտիչ Ջանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Ջանան
Ծնվել է1892
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1938
Ազգությունհայ
ԵրկերԽասփուշ, Երկու գիշեր և Քրդեր-Եզդիներ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և ռեժիսոր
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Մկրտիչ Ջանան (Մկրտիչ Միհրանի Ջանանեան, 1892 - 1938), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1932 թ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ։ Նա իր գործունեությունն սկսել է 1910 թ.-ից, Կ. Պոլսի Վարիեթե թատրոնում աննշան մի դերի կատարումով։ Հետո հանդես է գալիս Ա. Ազյանի և Հ. Զարիֆյանի թատերախմբերում (1913 թ. և 1914 թ.)։ Մեծ եղեռնից, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Պոլսում մի կարճ ժամանակով վերստին կենդանություն առավ հայ մշակութային կյանքը, «Պոլսո հայ դրամատիկ ընկերությունը» բեմադրում էր տալիս պիեսներ, որոնց մասնակցում էր նաև Ջանանը՝ գտնելով և՛ հաջողություն, և՛ մամուլի գնահատություն։ 1920 թ.-ին երիտասարդ դերասանը եղել է Փարիզում։ Եթե այստեղի հայկական թատերախմբերում խաղացած դերերն էական նշանակություն չունեցան նրա առաջադիմության համար, ապա այդպիսի նշանակություն ունեցավ շփումը գեղարվեստական մեծ կյանքի հետ։ Մի որոշ ժամանակ լինում է Լոնդոնում, Շեքսպիրի հայրենի քաղաք Ստրեդֆորդում, ապա և եվրոպական ուրիշ երկրներում։ 1921 թ.-ին Ջանանը վերադառնում է Պոլիս և ոգևորությամբ մասնակցում հայ թատերական միության ներկայացումներին։ Պոլսահայ թատրոնի այս վերջին առկայծման մեջ շատ որոշակի էր անսպառ եռանդի տեր երիտասարդ դերասանի կատարած դերը։ Որքան էլ ուշագրավ էր դերասանի գործունեությունն այս շրջանում, որի մեջ պետք է նշել «Օթելլոյի» նրա բեմադրությունը և Յագոյի դերակատարումը, հայկական գեղարվեստական կյանքը Պոլսում այլևս չուներ հեռանկար։ Երևույթը դառնում է ավելի ու ավելի ակներև։ Եվ Մկրտիչ Ջանանը, 1922 թ.-ի վերջին, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և մի քանի ուրիշների հետ բռնում է Խորհրդային Հայաստանի ճամփան։

Շատ ժամանակ պետք չեղավ Ջանանին նոր հասարակարգի նոր արվեստի սկզբունքները ոչ միայն հասկանալու և ընդունելու, այլև դրանց կրողն ու կենսագործողը դառնալու համար։ 1923 թ.-ին Ամո-Խարազյանի հետ նա «Կոլեկտիվ թատրոնի» նախաձեռնողն էր, 1928 թ.-ին՝ Հայաստանի ադրբեջանական թատրոնի հիմնադիրը, հետագայում՝ Երևանում Պատանի հանդիսատեսի և Հայաստանի քրդական թատրոնների հիմնադրման գործի մասնակիցը։ Կազմակերպման գործերի հետ՝ ռեժիսորական աշխատանք, որի հետաքրքիր արտահայտությունն էր «Պաղտասար աղբարի» բեմադրությունը Բանվորական թատրոնում, ապա և Առաջին պետթատրոնում։ Ռեժիսորական գործերի հետ՝ թատերագրությունը, որ ունեցավ այնպիսի արդյունք, ինչպիսին «Շահնամեն» էր։ թատերագրության հետ՝ եռանդուն լրագրող, ակնարկների ու արվեստաբանական հոդվածների հեղինակ[1]:

Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»)։

Նկարահանվել է «Խասփուշ» (Սեիդ), «Քրդեր-Եզդիներ» (Խանո), «Երկու գիշեր» (պրեմիեր-մինիստր) կինոնկարներում։

Վահան Թոթովենցի հետ գրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» ինսցենիրովկան։ 1932 թ.-ին բեմադրվել է նրա «Սիրելն արվեստ է» պիեսը։ Գրել է «Շահնամե» և «Բանվոր քեռին Արևելքում» (մանկական) պիեսները։ Անհիմն բռնադատվել և գնդակահարվել է 1938 թ.-ին՝ ստալինյան մաքրագործումների օրերին[2]:

Մ. Ջանանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահնամե (դրամա), Երևան, Պետհրատ, 1935 թ., 158 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 377-378