Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաջ Նազար (այլ կիրառումներ)
Քաջ Նազար | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | պիես |
Հեղինակ | Դերենիկ Դեմիրճյան |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1923 |
Վիքիքաղվածք | Քաջ Նազար |
Քաջ Նազար, Դերենիկ Դեմիրճյանի պիեսներից, որը նա գրել է 1923 թվականին և անվանել հեքիաթ-դրամա։ Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամանքների բերմամբ տիրակալ դառնալու հավերժական թեմայի մշակումներից մեկն է։ Պիեսի հիման վրա 1940 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թ. Հովհաննես Թումանյանին առաջարկել են պիեսի վերածել իր հեքիաթը, որ նա գրել էր 1912 թ., սակայն Թումանյանը վատառողջ էր և խորհուրդ է տալիս դիմել իր կրտսեր ընկերոջը՝ Դերենիկ Դեմիրճյանին, որ արդեն մի քանի պիեսի հեղինակ էր։ Վերջինս նույն թվականին գրեց պիեսը, որ համարվում է տվյալ թեմայի լավագույն դրամատուրգիական մշակումը համաշխարհային գրականության մեջ[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատակերգությունը բաղկացած է հինգ արարից։ Պիեսը սկսվում է Նազարի տան բակի տեսարանով, որտեղ Նազարը, դռան առջևում գցած մորթու վրա ընկած, երազում է, քունը գլխին մտորում է գեղամեջ գնալու մասին, բայց այդպես էլ տեղից չի շարժվում։ Ամբողջ ընթացքում դատարկաբնում ու պարծենում է իր մտացածին դյուցազնությամբ։ Ի վերջո Նազարը իր դատարկ պարծենկոտությամբ կնոջը համբերությունից հանում է․ Ուստիանը դուռը վրան է կողպում և այլևս ներս չի թողնում։ Դրսում մթով ոտնաձայներ լսելով՝ Նազարը կարծում է, թե գյուղացիները վրան կռվի են եկել, վախեցած ու շփոթված դես ու դեն է վազվզում, հարվածում երկու ձիավորներից մեկին, ով ձին թողնում և ընկերոջ հետ փախչում է։ Նազարը մի կերպ հեծնում է ձիուն և գիշերով ճամփա ընկնում։ Նա հայտնվում է Հսկաստանում և Զորբաստանում, որտեղ դիպվածով ամենքի մոտ քաջի տպավորություն է թողնում և հռչակվում երկու տերությունների թագավոր։ Բոլորը նրան մեծարում և պաշտում են թվացյալ անվախության և դյուցազնության համար, չտեսնելով նրա վախկոտ բնույթը, որ բախտի բերմամբ ամեն անգամ չբացահայտված է մնում։ Ալարկոտ և անխելք Նազարը միայն իր բախտին է ապավինում, կարևորություն չտալով այնպիսի որակներին ինչպիսիք են քաջությունն ու հնարամտությունը։ Սակայն պիեսի վերջում բախտը վերջապես երես է թեքում «Նազար թագավորից»․․․
Սյուժետային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմիրճյանի կատակերգությունը Քաջ Նազարի պատմության տարբերակներից մեկն է։ Հայտնի պատումներից են Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը», Ավետիք Իսահակյանի «Աղա Նազարը» և Գարեգին Սրվանձտյանի «Դըժիկոնը»։ Դեմիրճյանը պահպանում է ավանդական «հերոսին» բնորոշող հատկանիշներն ու հեղինակի հեգնական կեցվածքը, սակայն ավարտում է պատումը՝ արդարությունը վերահաստատելով, մինչդեռ Թումանյանն ու Իսահակյանը հարազատ են մնում ժողովրդական տարբերակների ավարտին՝թողնելով, որ ապաշնորհ ու անարժան «հերոսը» վայելի բախտի բերմամբ ձեռք բերած փառքն ու հարստությունը։ Այս և մի քանի այլ առումներով Դեմիրճյանի վերապատումը շատ ավելի առատ է քաղաքական ներիմաստով։ Այստեղ թերևս տեղին է ընդգծել Ալվարդ Ջիվանյանի միտքը,որ խորհրդային գրաքննադատությունը պիեսի մեջ տեսնում է հեղափոխական հակումներ և միապետի՝ իր իսկ ժողովրդի ձեռքով տապալվելու հեռանկար։ Ներմուծելով Նազարաշեն-Նազարստան, Զորբաստան-Զորբաշեն տեղանունները՝ Դեմիրճյանը նաև հեգնում է Սովետի գեոպոլիտիկայի՝ բոլոր վայրերին սովետական ղեկավարների անուններ փակցնելու սկզբունքը։ Բավականին տարօրինակ է, որ քաղաքական սատիրայով հագեցած այս ստեղծագործությունը և հատկապես նրա ռուսերեն թարգմանությունը վրիպել են պրծել խորհրդային ցենզուրայի անթարթ աչքից[2]։
Բեմադրություններ և թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թ․պիեսը բեմադրվում է Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ 1937 թ․լույս է տեսնում ռուսերեն թարգմանական տարբերակը՝ Վերա Զվյագինցևայի հեղինակությամբ։ 1940 թ. նկարահանվում է Համասի Մարտիրոսյանի համանուն ֆիլմը` Համբարձում Խաչատրյանի (Նազար) և Արուս Ասրյանի (Ուստիան) մասնակցությամբ։ 1935 թ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրվում է Արո Ստեփանյանի «Քաջ Նազար» օպերան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար, Երևան, Պետհրատ, 1929։