Նեմրութ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
World Heritage Logo global.svg
Նեմրութ լեռ
Nemrut Dağ*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Mount Nemrut.jpg
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1987  (11-րդ նստաշրջան)
Համար 448
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն


Նեմրութ (հուն.՝ Όρος Νεμρούτ), 2134 մ բարձրությամբ լեռ է։ Նեմրութ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն Կոմմագենե երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․թ․ա․ 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝ գահավորակներին բազմած։ Մեջտեղում Արամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները 4 հունարեն արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Արամազդի, Միհր-Արեգի ու Արտագնեսի հետ։

Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։

Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ․թ․ա․ IV - III դդ Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։ Սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արլ․ հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Երվանդունիների քաղ․ պատմության, այդ ժամանակաշրջանի կրոն, պատկերացումների, սինկրետիզմի (համադրումների), արվեստի գեղարվեստական ըմբռնումների, տարազի, ինչպես նաև տաճարային տնտեսությունների ու հողային հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր պատասխան են գտնում Նեմրութի սրբավայրի նյութերում։

Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում: Բլուրն ունի գագաթից մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասում՝ մոտ 150 մ տրամագիծ: Բլրի կողքերում կառուցված է 3 հարթակ, որոնցում տեղադրված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները: Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային: Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է Ք.ծ.ա. 62 թվականը: Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը:

Հյուսիսային հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային հարթակում գրեթե ոչինչ չի պահպանվել: Այս հարթակում հավաքվել է արարողության մասնակից ժողովուրդը և ճանապարհով շարժվել դեպի Արևմտյան հարթակ:

Արևմտյան հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան հարթակն ավելի վատթար վիճակում է, քան Արևելյանը: Արձաններից տեղում են մնացել միայն կրաքարե ստորին երեք շերտերը: Արձանների գլուխները տեղադրված են գահավորակների առջևում: Համաձայն վերակազմության, Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա՝ Ապոլլոն-Միհի-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է կրկին արծվի ու առյուծի արձանով:

Արևելյան հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան հարթակն ամենամեծն է: Այստեղ արձաններն ունեն նույն հերթականությունը, ինչ Արևմտյան հարթակում: Արձանները մասամբ պահպանվել են մինչև ուսերը: Արձանները տեղադրված են թիկունքով դեպի դամբարանը, բազմած գավավորակներին: Արձանները պատրաստված են կրաքարե 8 շերտերից, որոնցից ստորին յոթն ունեն մինչև 1 մ բարձրություն, իսկ վերին՝ ութերորդ շերտը ձևավորում է արձանի գլուխը, բարձրությունը 2,5-3 մ է: Այդպիսով, արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ: Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական): Աստվածներն ունեն հայկական դիմագծեր: Պահապան կենդանիների՝ արծվի ու առյուծի արձանները նույնպես կազմված են շերտերից (5 կամ 6), բարձրությունը 4,5-5 մ է: Առյուծի արձանը գտնվում է երկու կողմերից եզրերում և մի քանի սմ-ով գերազանցում է արծվի արձանին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нumаnn K․, Puchstein О․, Reisen in Kleinasien und Nordsyrien, B․, 1890
  • Dorner F․ K․, Goe11 Th․, Arsameia am Nymphaios, B․, 1963

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 37°58′54″ հս․ լ. 38°44′28″ ավ. ե. / 37.98167° հս․. լ. 38.74111° ավ. ե. / 37.98167; 38.74111

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png