Վանատուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ամանոր և Վանատուր

Ամանոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորն և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր ու համարվում էր "նոր պտուղների ամենաբեր"։ Նրա տոնն ու պաշտպամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզբներին՝ տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղի։

Վանատուրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում էր Նավասարդին և այլ օրերի՝ Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան Վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գարեզմանի վրա սրբավայր է շինում, որ բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն ու հյուրընկալվեն։ Վանատուր՝ հյուրընկալության աստվածությունը հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին, երբ հասունացել են պտուղները, ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում և մեծ շուքով նշել են Վանատուրի տոնախմբությունը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Գրիգոր Լուսավորիչն այն փոխեց Ս.Կարապետի և Աթենոգինեա հիշատակի տոնով։

Այլ մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքներ կան, թե՝ Վանատուրը ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծու մակդիրներն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են՝ Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծու մակդիրն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգիս Հարությունյան "Հայ Հին Վիպաշխարհը" ԱՐԵՎԻԿ 2004