Ամանոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանոր
Juletræet.jpg
Ամանորյա տոնածառ, զարդարված վառվող մոմերով, կարմիր սրտիկներով և սպիտակ թղթյա փաթիլներով
Տիպ Միջազգային տոն
Տոնվում է ամբողջ աշխարհում
Ամսաթիվ Տարվա առաջին օրը ըստ Գրիգորյան օրացույցի (հունարի 1-ին)
Տոնում հրավառություն, երեկույթներ, ընտանեկան հավաքույթ
Կապված Սուրբ Ծնունդ, Նավասարդ
Ամանորյա զարդարանքներ

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում:

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը: Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ:

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն: Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ: Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները: Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն: Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի:

Ամանորի օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորյան օրացույցով[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է: Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի:

Հրեական Նոր տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական Ռոշ Հաշանա տոնը (եբր.՝ ראש השנה‎, հայերեն՝ տարեգլուխ) Փասախից 163 օր հետո (սեպտեմբերի 5-ից հեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում): Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը: Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը): Այդ օրերն անվանում են նաև «ապաշխարության օրեր» կամ «վախի օրեր»: Համարվում է, որ Ռոշ Հաշանայի օրը որոշվում է մարդու հաջորդ տարվա ճակատագիրը: Տոնին հաջորդող դատաստանի օրը հրեաները ողջունում են միմյանց հատուկ մաղթանքով. «Թող, որ Կյանքի գրքում դուք գրանցված լինեք հաջող տարում»: Հավատացյալներն հագնում են վառ գույնի հագուստ: Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է թաթախել հալան կամ խնձորը մեղրի մեջ:

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը): Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև:

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ: Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը: Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով:

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով: Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ: Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում:

Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն: Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց: Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը: Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում:

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին:

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը): Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից:

Ռուսասատան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը: Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ): Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին: Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է:

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր:

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամանորը Հունաստանում

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Բուլղարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար: Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել: Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից:

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս:

Վիետնամ, Կամպուչիա, Կորեա, Մոնղոլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը: Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն: Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է: Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին: Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր: Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն:

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա: Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը: Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:

Կոլումբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով: Իսկ ահա ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է: Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում:

Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը: Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը: «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն: Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ:

Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա: Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր: Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին:

Էկվադոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ: Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը: Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ:

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամանորը Իտալիայում

Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ փոխարինելով դրանք նորերով: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում: Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան:

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն ևս անակնկալով է: Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա ևս վատ չէ:

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամանորը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով:

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ամանորը Գերմանիայում

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար:

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել: Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով: Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը:

Նոր տոմար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում: Ուստի XVI դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը: Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում:

Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն: Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր:

Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն: Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ: Այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն:

Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է Նոր տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին:

Պարզաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան:
  • Նոր տոմար Սովետական Ռուսաստանում մտցվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին Վ Ի. Լենինը դեկրետ ստորագրեց Սովետական Ռուսաստանում Գրիգորյան օրացույց մտցնելու մասին: Այդտեղ որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը:

Հին Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հին Նոր տարի

Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ հին տոմարի: Հին և նոր տոմարների միջև XX և XXI դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին:

Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, որպեսզի նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները և ամեն ինչ սկսեն նորից:
  • Ֆրանսիայում Ձմեռ պապը, կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը, նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում: Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ: Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը: Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները:
  • Շվեդիայում, Ամանորից առաջ, երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային: Նա սպիտակ շոր է հագնում և գլխին վառվող մոմերով թագ է դնում: Լյուցիան նվերներ է բերում երեխաներին:
  • Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում: Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հհրավառություններ է կազմակերպում:
  • Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում և կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից: Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ: Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունը ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն:
  • Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությունով: Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ:
  • Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում: Դրանցից յուրաքաչյուրը համապատասխանում է մեկ չարիքի: Չարիքները ընդամենը վեցն են՝ ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ: Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի:
  • Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի և ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոել Բաբայի) հետ: Սակայն մուսուլմանական հոգևորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին:[2]
  • Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ:
  • Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած հատուկ ավանդույթ կա: Այդ օրը բոլորը հրաժարվոում են ալկոհոլից:

Պայթուցիկ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի տոնակատարություններին հաճախ օգտագործվում են տարբեր պայթուցիկ և ուղղակի կրակ արձակող նյութեր՝ բենգալյան կրակներ, հրավառություններ, հրթիռներ, հռոմեական մոմեր և այլն:

Այսօր աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքները և, նույնիսկ, որոշ երկրներ միլիոնավոր դոլլարներ են ծախսում Ամանորին հրարվեստի շոուների ցուցադրության համար:

Հրավառություններ

Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է: Այն ծագել է սնահավատությունից: Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում: Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ: Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում: Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում: Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից: Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին: Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում:

Անվտանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քանակներով պայթուցիկ նյութերի օգտագործումը, այդ թվում՝ անչափահասների կողմից, ստեղծում է հրդեհավտանգ իրավիճակ: Այդ իսկ պատճառով, Ամանորի գիշերը հակահրդեհային և փրկարարական աշխատանքների համար տարվա ամենալարված օրն է համարվում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The World Book Encyclopedia, 1984, Հ. 14, էջ 237:
  2. Why Muslim culture needs more fun(անգլ.)