Մանդարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանդարին (այլ կիրառումներ)
Մանդարին
Satsuma mandarin.jpg

Մանդարին (ֆրանս.` mandarine, իսպան.` mandarin), սապատազգիների ընտանիքի (անգլ.՝Citrus) ցեղի մշտադալար բույս։ Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինին (իսպ.՝C. reticulata), իսկ մյուսներն առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։ Առավել տարածված է ճապոնական մանդարին (իսպ.՝C. unshiu), որը թույլ աճեցողությամբ, 2-3 մ բարձրության ծառ է։ Տերևները խոշոր են, օվալաձե, երբեմն՝ ծալքավոր, վերևի մակերեսը՝ մուգ կանաչ գույնի, թույլ զարգացած տերևակիցներով։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ինքնափոշոտվող բույս է։ Պտուղները՝ տափակ-կլորավուն, կեղևը՝ կաշենման, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին բաժնյակներից (ճաղերից), որոնք պատված են շատ բարակ, սպիտակ, թելանման հավելվածքներով։ Հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով։ Պարունակում է մինչև 12% շաքարներ, 0, 9-1, 0% կիարոնաթթու, 0, 45% պեկտինային նյութեր, ինչպես նաև հանքային նյութեր ու վիտամիններ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում (հյութեր, մուրաբաներ)։

Աճում է արևադարձային և մերձարևադարձային այն շրջաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը -8 °C-ից ցածր չի լինում։ Բերք է տալիս տնկումից 3-4 տարի հետո։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է աչքապատվաստով, ինչպես նաև կտրոններով։ Որպես պատվաստակալ օգտագործվում է վայրի եռտերեային կիտրոնը (իսպ.՝C. trifoliata)։ Վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-4 աճ։

Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։ Մանդարինը նպաստում է աղեստամոքսային ուղու գալարակծկանքի թուլացմանը։ Դրա պտուղներն ունեն հակալնդախտային ազդեցություն։ Կեղևն օգտագործում են մարսողության, ախորժակի բարձրացման նպատակով։ Կոսմետիկայի մեջ մանդարինի հյութը, միջուկը և կեղևը գործածում են դիմակների և անուշաջրի մեջ։ Պտղի կեղևն կիրառում են բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, սրտխառնոցի ժամանակ։ Դրանից պատրաստած եթերային յուղի շնչումը շատ օգտակար է գերլարվածության, վախի, անքնության ժամանակ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատաակչություն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png