Դեղձենի
| Դեղձենի | |
Դեղձենի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
| Տրիբա | Amygdaleae |
| Ցեղ | Սալորենի (Prunus) |
| Ենթացեղ | Նուշ (Amygdalus) |
| Տեսակ | Դեղձենի (P. persica) |
| Միջազգային անվանում | |
| Prunus persica | |
Դեղձենի (լատիներեն՝ Persica), Վարդազգիների ընտանիքի Սալորենի ցեղի բույսերի տեսակ։ Հայտնի է 5 ենթատեսակ։ Դեղձենին վայրի բնության մեջ չի հանդիպում. առաջացել է բազմաթիվ միջտեսակային խաչասերումների, հիբրիդացիայի արդյունքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղձենին ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։ Պտուղը խոշոր է, տարբեր չափի և ձևի՝ տափակավուն, ձվաձև, կլորավուն, կանաչասպիտակից մինչև ոսկենարնջագույն։ Հայտնի են բազմաթիվ սորտեր, որոնք աչքի են ընկնում հասունացման տարբեր ժամկետներով (վաղահաս, միջահաս և ուշահաս)։ Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Ջերմասեր է, խիստ զգայուն ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր՝ առատ ոռոգմամբ։ Բարձրակարգ գեղազարդիչ է և մեղրատու։
Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում է նեկտարին)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, դոնդողակ (ժելե)։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։
Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, Ճուղուրի, Ուսպեխ և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։

Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական տարածման արեալն ընդգրկում է Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանը։ Մեր հանրապետությունում աճեցվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Մեղրիում՝ նախալեռնային գոտում, հատկապես հյուսիսարևելյան տարածաշրջանի Նոյեմբերյանի հատվածում։
Պտղի սննդային կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրգանական թթուներ՝ խնձորի, գինի, կիտրոնի, խինինի
- Հանքային աղեր՝ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, սելեն, մանգան
- Վիտամիններ՝ C, B, E, K, PP խմբերի, կարոտին
- Պեկտիններ և եթերային յուղեր
- Կորիզները պարունակում են դառը նշի յուղ և ամիգդալին։
Բանահյուսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ասացվածք՝
- Դեղձերն իրար նայելով են հասնում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժ. Հ. Վարդանյան, Ծառագիտություն
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձենի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձենի» հոդվածին։ |
| ||||||||||||||
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։ |