Օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։

Հին եգիպտական օրացույց Սենենմուտի դամբարանում

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ Այն պարզ էր ու հարմար, բայց...

Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով... Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա։ Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում։ Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը։ Շատ տարիներ անց՝ մ.թ.ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։

Մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։ Այդ 11 րոպե 14 վայրկյանի տարբերությունը 400 տարում հասավ 3 օրվա, և Հուլյան օրացույցը նույնպես սկսեց «հետ մնալ»։

1582 թ-ին Հռոմի Գրիգոր XIII պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր՝ Գրիգորյան օրացույցը։ Սակայն վերջինս նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում սխալը հասնում է 1 օրվա։

1871-72 թթ. հինդուիստական օրացույց

Գործող օրացույցն ունի նաև մի շարք այլ թերություններ. ամիսների տևողության, եռամսյակների, կիսամյակների անհավասարությունը, ամսաթվերի և շաբաթվա օրերի անհամաձայնությունը։ Այդ իսկ պատճառով դեռևս 19-րդ դարից քննարկվում է օրացույցի բարեփոխման և նոր՝ համաշխարհային օրացույցին անցնելու հարցը, որով ներկայումս զբաղվում են առանձին մարդիկ և ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը։

Չինական օրացույցում ընդունված է տարիների 12-ամյա պարբերություն, և յուրաքանչյուր տարին անվանվում է 12 կենդանիների՝ առնետի, ցուլի, վագրի, նապաստակի, վիշապի, օձի, ձիու, ոչխարի, կապիկի, աքաղաղի, շան և խոզի անուններով։

Հայկական օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։

Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր։ Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաև Բուն Հայկական օրացույցը։ Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է։

Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց։

Յուրաքանչյուր ամսվա օր ունեցել է իր անվանումը՝ հիմնականում հեթանոսական աստվածների և սրբավայրերի անուններով. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ (Գրգոռ), Կորդի (Կորդուիք), Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին (Սիմ), Վարագ, Գիշերավար։

Անվանումներ են ունեցել նաև Ավելյաց ամսվա օրերը. Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։

Հայերը հնում անվանումներ են տվել նաև օրվա 24 ժամերից յուրաքանչյուրին, ըստ որի ցերեկային ժամերն էին. Այգ, Ծայգ, Զորացեալ, Ճառագայթեալ, Շառավիղեալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրաթափեալ (Հուր փայլեալ), Թաղանթեալ, Արագոտն, Արփող։ Գիշերային ժամերն էին. Խավարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափեալ (Հավաթափեալ), Գիզակ, Լուսական, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։

Մեզանում Բուն Հայկական օրացույցի թվականից բացի, ստեղծել են նաև այլ օրացույցներ։ 584 թ-ին հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական։ Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ-ի հուլիսի 11-ից։ Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, և ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը։ 1085 թվականին հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց ևս, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական։

Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում։

Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից)։

Օրացույցում օգտագործվող միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրը ժամանակի չափման միավոր է, մոտավորապես հավասար է Երկիր մոլորակի՝ իր առանցքի շուրջը պտույտի պարբերությանը:

Սովորաբար օր ասելով հասկանում են «արևային օր» աստղագիտական հասկացությունը: Օրը բաժանվում է 24 ժամի:

Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։

Շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթը ժամանակի միավոր է, այն ավելի մեծ միավոր է, քան օրը, և փոքր է ամսից: Յոթնօրյա շաբաթը հաստատուն չէ, օրինակ՝ Չինաստանում Շան դարաշրջանում ծիսական շաբաթը բաղկացած էր 10 օրից:

Յոթնօրյա շաբաթն առաջին անգամ շրջանառվել է Հին Արևելքում (Բաբելոնում)[1]: 1-ին դարում դրանից սկսել են օգտվել Հռոմում, որտեղից էլ այն տարածվել է ամբողջ Արևմտյան Եվրոպայում:

Ժամանակակից օրացույցների մեծ մասում, ներառյալ Գրիգորյան օրացույցում և ժամանակի հուդայական-քրիստոնեական հաշվարկի վրա չհիմնված օրացույցներում, շաբաթը ներառում է 7 օր, ինչի շնորհիվ այն դարձել է ժամանակի ամենատարածված միավորը՝ պարունակելով օրերի ճշգրիտ քանակ: Շաբաթը չունի աստղագիտական անմիջական հիմքեր, այն լայնորեն օգտագործվում է որպես ժամանակի միավոր:

Հին եգիպտացիների մոտ շաբաթը տասնօրյա էր (դեկադներ):

Մայաների շաբաթը բաղկացած էր 13 օրից, նրանք ունեին նաև 20 օրից կազմված շաբաթ (երկուսն էլ Ցոլկինի օրացույցում):

եվրոպական գաղութացման և դրան հաջորդած գլոբալացման շնորհիվ յոթնօրյա շաբաթն սկսվել է կիրառվել ամենուր, նույնիսկ այն մշակույթներում, որոնք նախկինում չեն ունեցել ժամանակի այդպիսի միավոր:

Կան օրացույցներ, որոնք մշակված են այնպես, որ յուրաքանչյուր ամսաթիվ ամեն տարի լինում է շաբաթվա նույն օրը: Դրան կարելի է հասնել, եթե շաբաթը տարվանից կախված լինի, միաժամանակ տարվա մեջ մի քանի օր ոչ մի շաբաթվա չպատկանի: Այսպես, օրինակ, մշտական օրացույցի նախագծերը կազմված են 52 շաբաթից և մեկ կամ երկու օրից, իսկ Ֆրանսիական հեղափոխական օրացույցը կազմված է 10 օրից բաղկացած 36 շաբաթներից և 5 կամ 6 լրացուցիչ օրերից: Տարին նույնպես կարող է կախված լինել շաբաթվանից, այսպես, նախկինում իսլանդական օրացույցը կազմված էր 52 կամ 53 շաբաթից: Շաբաթվա դասական օրերն են՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, «Կիրակնօրյա հանգիստ» հոդված:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Витковский В. В., — (1890–1907)։ «Календарь»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  • Календарь // Энциклопедический словарь юного математика / Сост. А. П. Савин. — М.: Педагогика, 1985. — С. 128—130. — 352 с.
  • Брагинская Н. В. Календарь // Мифы народов мира. Т. 1. М., 1991, с. 612—615.
  • Бургуэн Ж. де Календарь. История и современность. / пер. с франц. В. Шабаевой. — М.: Издательство Астрель; Издательство АСТ, 2006. — 144 с. — (История. Открытие). — ISBN 5-17-026786-X
  • Володомонов Н. В. Календарь: прошлое, настоящее, будущее. — Изд. 2-е, перераб. и доп. — М.: Наука (ГРФМЛ), 1987. — С. 33—35. — 80 с. — 310 000 экз.
  • Идельсон Н. И. История календаря // Этюды по истории небесной механики. — М.: Наука, 1975. — С. 308—411.
  • Климишин И. А. Календарь и хронология. — Изд. 3. — М.: Наука, 1990. — С. 351—355. — 478 с. — 105 000 экз. — ISBN 5-02-014354-5.
  • Кудер П. Календарь. — М.: АСТ, 2004. — 160 с. — (Cogito, ergo sum: «Университетская библиотека»). — ISBN 5-17-025703-1
  • Куликов С. Нить времён. Малая энциклопедия календаря с заметками на полях газет. — М.: Наука, 1991. — С. 162. — 288 с. — 200 000 экз. — ISBN 5-02-014563-7.
  • Annus // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
  • Полак И. Ф. Время и календарь. — М.: Гостехиздат, 1947. — 44 с. — (Научно-популярная библиотека). — 500 000 экз.
  • Селешников С. И. История календаря и хронология. — М.: Наука, 1970. — 224 с.
  • Хренов Л. С., Голуб И. Я. Время и календарь. — М.: Наука (ГРФМЛ), 1989. — С. 83—93. — 128 с. — 250 000 экз. — ISBN 5-02-014072-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օրացույց հոդվածին
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «օրացույց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։