Ալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալ (այլ կիրառումներ)

Ալ (երբեմբ նաև ալք), առասպելական կենդանիներ կամ չար ոգիներ՝ մի շարք ժողովուրդների հին հավատալիքներում։ Պարսիկների պատկերացմամբ՝ կնոջ կերպարանքով ժանտատեսիլ կենդանիներ են, ըստ վրացիների՝ անտառային ոգի։ Ալերը լինում են երկու սեռի, ինչպես հռոմեական ստրիգներն ու սիլվաները։ Հայոց ժողովրդական հավատալիքներում Ալերը բրդոտ են, կես–մարդկային, կես–կենդանական կերպարանքով, հրեղեն աչքով, պղնձե եղունգներով։ Համարվել են թշնամի՝ առանձնապես ծննդկան կանանց և նորածինների։ Այս հավատքը ծագել է նախապատմական ժամանակներում՝ մարդու և շրջապատող աշխարհի մասին մութ պատկերացումներից։ Նույնչափ հին են այդ ոգիներից պաշտպանվելու հմայական միջոցները (օրինակ, ծննդկանի բարձի տակ երկաթե իրեր դնել)։ Պահպանվել են բերանից «ծննդկանի աղոթքներ», գրավոր հմայեկներ։ Ըստ ժողովրդական հավատալիքի, ծննդկանին օգնում են նաև բարի ոգիները՝ երկու աղջիկներ (Ուրբաթամուտն ու Չորեքմուտը) և նրանց կրտսեր եղբայրը (Կիրակմուտը)։ Այստեղ նկատելի են ծննդկան կանանց խնամակալ Աստղիկ դիցուհու և նախնիների պաշտամունքի հետքերը։ Կան նաև զրույցներ Ալերի մասին։ Այս հավատքը հայերից անցել է քրդերին «ալք» անվանումով։