Վարդավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդավառ
Вардавар8.jpg
Տեսակ տոն
Տոնվում է Flag of Armenia.svg Հայաստան

Վարդավառ կամ վարդեվառ, հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթանոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr– ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։

Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնամությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։

Այստեղից տոնի անունը «Քրիստոսի Պայծառակերպության» կամ «Քրիստոսի Այլակերպության» տոն։

Տոնակատարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց։ Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն։ Իրար վրա ջուր ցողելու կամ ջրելու ավանդույթը ժողովրդական լեզվում անվանվում է նաև ջրոցի։ 2014 թվականից սկսված Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է Վարդավառ միջազգային փառատոնը։[1][2]

Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին, գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը։

թիվ օր
2020 19 հուլիսի
2019 28 հուլիսի
2018 01 հուլիսի
2017 23 հուլիսի
2016 03 հուլիսի
2015 12 հուլիսի
2014 27 հուլիսի
2013 07 հուլիսի
2012 15 հուլիսի
2011 31 հուլիսի
2010 11 հուլիսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարդավառ միջազգային փառատոն 2016»։ Երիտասարդական ակումբների դաշնություն։ Վերցված է 2017-07-20 
  2. ««Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Գառնիում և Գեղարդում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-07-20 

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է հոդվածից «Վարդավառ» Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png