Լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ լեռը` աշխարհի ամենաբարձր լեռը հարաբերական բարձրությամբ:

Լեռ, հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի` համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է: Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ:

Լեռները պատում են Ասիայի 64%-ը, Եվրոպայի 25%-ը, Հարավային Ամերիկայի 22%-ը, Ավստրալիայի 17%-ը և Աֆրիկայի 3%-ը։ Երկրի ցամաքային զանգվածի 24%-ը լեռներ են և մարդկության 10%-ը ապրում է լեռնային վայրերում [1]: Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն: Ըստ այդմ` լեռները կարող են լինել երիտասարդ և ծեր։

Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն. այդ ցուցանիշով աշխարհում ամենաբարձրը Արարատն է (4365 մ): Ծովի մակարդակից հաշված բարձրությունը կոչվում է «բացարձակ», որով առաջին տեղում է Էվերեստը (8848 մ): Բլուրները նույնպես լեռներ են, որոնք ունեն փոքր հարաբերական բարձրություն:

Լեռնաշղթաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաերկարաձիգ լեռները ցամաքում` Անդեր

Մոլորակի վրա հազվադեպ են հանդիպում առանձին լեռներ: Դրանք հիմնականում հանգած կամ գործող հրաբուխներ են: Կազմելով խումբ` լեռները միանում են լեռնաշղթաների, իսկ լեռնաշղթաները` լեռնային համակարգերի ու լեռնաշխարհների մեջ: Լեռնաշղթայի ամենաբարձր մասը կատարն է կամ գագաթը: Սրածայր գագաթները կոչվում են պիկեր: Կատարի վրայի իջվածքը, որը հարմար է լեռնաշղթայով անցնելու համար, կոչվում է լեռնանցք:

Լեռնաշղթաները կարող են ձգվել հարյուրավոր, իսկ լեռնային համակարգերը` հազարավոր կիլոմետրեր: Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ Անդերը, գտնվում են Հարավային Ամերիկայի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 000 կմ երկարությամբ:

20-րդ դարի ընթացքում երկրաբանները հայտնաբերել են օվկիանոսների գրեթե կենտրոնով ձգվող երկար լեռնաշղթաներ, որոնք առաջացնում են ավելի քան 70 000 կմ երկարությամբ միասնական շղթա` 2000-3000 մ հարաբերական բարջրությամբ: Ստորջրյա լեռների առանցքի երկարությամբ անցնում է մինչև 3 կմ խորություն ունեցող բեկվածք: Դրանցում կան գործող և հանգած հրաբուխներ: Հայտնի են Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոս), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս), Հավայան (Խաղաղ օվկիանոս), Կենտրոնական (Հնդկական օվկիանոս) լեռնաշղթաները և այլն:

Ստորջրյա լեռնաշղթաների գագաթները երբեմն դուրս են գալիս մակերևույթ և առաջացնում են կղզիներ: Դրանցից հայտն են Իռլանդիան, Համբարձման կղզին, Ազորյան արշիպելագը և այլն):

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բարձրության` լեռները լինում են ցածր (500-1000 մ), միջին (1000-2500 մ) և բարձր (2500 մ և ավելի):

Երկիր մոլորակի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը Հիմալայներն է (թարգմանաբար նշանակում է «երկրի տանիք»)` Նեպալի,Հնդկաստանի և Չինաստանի սահմանին: Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180–350 կմ, տարածությունը՝ մոտ 650 000 կմ2: Այն ունի ձյունով և սառցեդաշտերով ծածկված 11 գագաթ` ավելի քան 8000 մ բարձրությամբ, և դրանց մեջ է Երկրի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգմա 8848 մ):

Էվերեստ` աշխարհի ամենաբարձր լեռը

Եվրոպայի ամենաբարձր լեռնային համակարգը Ալպերն է` Շվեյցարիայի տարածքում և Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին: Այն Միջերկրական ծովից 1200 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր: Առավելագույն բարձրությունը 4807 մ է (Մոնբլան լեռ):

Երկրագնդի ամենաբարձր մեկուսի լեռնազանգվածը Մաունա-Լոա հրաբուխն է Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում, որի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 4170 է, իսկ օվկիանոսի հատակից` 9350 մ:

Ըստ բարձրության` օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1 կմ-ում իջնում է 5–6օC-ով, ավելանում է տեղումների քանակը, ամպամածությունը և այլն: Կլիմայական պայմանների փոփոխությունը, որն առաջանում է սրա հետևանքով, կոչվում է վերընթաց գոտիականություն: Բարձրլեռնային երկրներում տարածված կործանարար և աղետալի երևույթներից են սողանքները, ձնահյուսերը:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կառուցվածքի՝ տարբերում են ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային լեռներ: Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը ճկվել են, առաջացրել ծալքեր, օրինակ՝ Կովկասյան, Հիմալայան, Պոնտական, Տավրոսի լեռները և այլն: Ծալքաբեկորային լեռների կառուցվածքում կան միաժամանակ ծալքեր և ապարաշերտերի բարձրացումից ու իջեցումից առաջացած բեկորներ կան (Զանգեզուրի, Փամբակի լեռներ): Հրաբխային լեռներն էլ առաջանում են հրաբխի ժայթքման ժամանակ դուրս մղված լավայի կուտակումից:

Հասակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լեռ հոդվածին

Ըստ տարիքի՝ տարբերվում են երիտասարդ և հին լեռներ: Առաջին խմբի լեռները սովորաբար բարձր են, սրածայր կատարներով ու զառիթափ լանջերով: Նման օրինակ է Ալպ-հիմալայան գեոսինկլինալայաին օղակի լեռնաշղթաներն ու լեռնային համակարգերը, որոնց տեղում ժամանակին ջրային տարածություն է եղել:

Հին լեռները ցածր են` քայքայված ու հարթված լանջերով: Դրանցից են Ուրալյան, Սկանդինավյան, Ապալաչյան լեռները: Հին լեռները սովորաբար առավել հարուստ են օգտակար հանածոներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Panos (2002)։ «High Stakes»։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 17