Ռամիկ
Ռամիկ, (պահլերեն ram - հոտ, ժողովուրդ բառից), անմիջական արտադրողների հիմնական զանգվածը միջնադարյան Հայաստանում։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ռամիկ են կոչվել անձնապես ազատ, պետական հարկեր վճարող գյուղական և քաղաքային բնակչության ոչ արտոնյալ խավերը, ի տարբերություն պետական հարկերի վճարումից ազատված ազնվականության և հոգևորականության։ Այդ ժամանակաշրջանում ռամիկները եղել են զինապարտ (վաղ․ հայկական աղբյուրներում հիշատակություններ կան «ռամիկ այրուձիու», «ռամիկ հեծեալների» մասին)։ Ավատատիրական հարաբերությունների խորացումը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում հանգեցրել է ռամիկների գյուղական խավի՝ «ռամիկ շինականների» (ազատ համայնականներ) քանակական նվազմանը։ Տնտեսապես քայքայվելով և անձնական ազատությունը հետզհետե կորցնելով, նրանք ի վիճակի չեն եղել զինծառայության։ Այդ պատճառով Մխիթար Գոշը (XII դար) իր «Դատաստանագրքում» Դվինի ժողովի ԺԲ կանոնի «ազատք ել ռամիկ հեծեալք» արտահայտությունը ձևակերպել է «ազատք եւ հեծեալք»։ XII-XIII դարի աղբյուրներում ռամիկներ են կոչված գերազանցապես անձնական ազատությունը պահպանած քաղաքային բնակչության ստորին խավերը (արհեստավորներ, մանր առևտրականներ, անորոշ զբաղմունքի տեր մարդիկ և այլն)։ Հետագա դարերում ռամիկներ տերմինը օգտագործվել է «հասարակ ժողովուրդ» իմաստով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 592)։ |