Տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տաճար (այլ կիրառումներ)

Տաճար (հին պարսկ. tacara - պալատ, ապարանք), կրոնին, ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների տուն, կռատուն։ Տաճարի տիպերը, զարգացման պատմությունը, բացի պաշտամունքային պահանջներից, պայմանավորված են նաև տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետության, շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Տաճարները առանձնանում են իրենց չափերով, հատակագծային, ծավալատարածական հորինվածքով, հարդարանքով, այլ հատկանիշներով։ Պատմության զանազան դարաշրջաններում դավանական հոսանքների ազդեցությամբ փոփոխվել է կրոնական ծիսակարգը, որը ինչպես և ժամանակի գաղափարագեղարվեստական ըմբռնումները թելադրել են տաճարների հորինվածքային, կերպարային փոփոխությունները, հաղորդել նրանց վառ արտահայտված ազգային ինքնատիպություն, որն ակնհայտ է եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում, բուդդայական տաճարներում։ Տաճարի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշտամունքային դերից, մարմնավորած կրոնից, գաղափարներից, նրա ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ, շատ դարաշրջաններում հատկապես միջին դարերում, Եվրոպայում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել մեմորիալ նշանակություն։ Տաճարային մոնումենտալ շենքերը, մեծամասամբ կառուցված լինելով քաղաքային, վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն, առանձնացել իրենց ակտիվ դիրքով, նորարարական լուծումներով, արտահայտիչ հորինվածքային ձևերով, մտահղացումների համարձակությամբ, հնարամտությամբ։ Քրիստոնեական տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են. աղոթասրահը, ավագ խորանը՝ բեմի, դասի մասերով։ Քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ընդհանրական կամ թեմի գլխավոր տաճար անվանվում է Մայր Տաճարը՝ կաթողիկեն։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարային աոաջին շենքերը կառուցվել են Հին Աշխարհի երկրներում՝ Եգիպտոսում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում։ Համընդհանուր ճանաչման են արժանացել Պարթենոնի, Փարիզի Աստվածամոր, Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի, Հռոմի Սուրբ Պետրոսի, Մոսկվայի Վասիլի Երանելու, Կիևի Սուրբ Սոֆիայի և այլ տաճարները։

Հայաստանի տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի վաղագույն տաճարներից են էրեբունի ամրոցի տարածքում գտնվող Սուսիի, Խալդիի տաճարները։ Տաճարաշինությունը Հայկական բարձրավանդակում առանձնապես ծաղկում է ապրել մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 1-ին դարերում., երբ Հայաստանը գտնվում էր հելլենիստական մշակույթի ազդեցության ոլորտում։ Այդ շրջանին է վերաբերում Գաոնիի հեթանոսական տաճարը (1-ին դար)։ Քրիստոնեության ընդունման, տարածման ժամանակ (IV դ.) հեթանոսական տաճարները Հայաստանում հիմնականում ոչնչացվել կամ վերափոխվել են՝ հարմարեցվելով կրոնական նոր գաղափարախոսության ֆունկցիոնալ, գեղագիտական պահանջներին։ Քրիստոնեական տաճարները իրենց հատակագծային, ծավալատարածական հորինվածքով էապես տարբերվում են հեթանոսականներից, որոնց հորինված թեպետ մերժվեց, սակայն անվանումն անցավ նոր դավանանքի շենքերին։ Հայ միջնադարյան տաճարները (էջմիածնի Մայր տաճար., Անիի Մայր տաճար, Զվարթնոց, Հռիփսիմե, Մաստարա, Աղթամար, նաև իրենց բազմազան, ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետական լավագույն նմուշներից են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png