Ծովահենություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովահենների խորհրդանիշ դրոշը

Ծովահենություն, նավերի զավթման և կողոպուտի նպատակով բռնի գործողություններ բաց ծովում: Վաղ անցյալում ուղեկցվում էր անձնակազմի և ուղևորների հետ դաժան հաշվեհարդարով: Ծովահենությունը ծագել է հնում, ծովային առևտրի զարգացմանը զուգընթաց: 17-րդ դարից սկսած ծովահենության տարատեսակ էր կապերությունը: Միջազգային իրավունքի նորմերով ծովահենությունը որակվում է որպես հանցագործություն, նրա դեմ պայքարի միջոցները չեն սահմանափակվում: Ծովահենության դեմ միջազգային համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնում (1922), Նիոնում (1937), Ժնևում (1958):

Ծովահենությունը և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը ծովահենությանը բախվել են Միջերկրական, Սև և Կասպից ծովերում՝ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հետ կապող ուղիներում: Գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափերը, ծովային առևտրի մայրուղիների ելքը՝ Տիգրան Բ Մեծը, շահագրգռված առևտրական կապերի ընդլայնմամբ, պայքարել է ովահենության դեմ՝ փորձելով ստեղծել ծովահենությունը բացառող պայմաններ: Ծովահենության հետ առավել հաճախ բախվել է Կիլիկիայի հայկական պետությունը, որը շահագրգռված լինելով ծովագնացության և ծովային առևտրի զարգացմամբ, հետևողականորեն պայքարել է ծովահենության դեմ բոլոր հնարավոր, առաջին հերթին միջազգային իրավունքի միջոցներով, նպաստելով ազատ և անվտանգ ծովագնացության, բաց ծովի սկզբունքի հաստատմանը: Ծովահենությունը հայ առևտրական ծովագնացության նկատմամբ առանձնապես խրախուսել են նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները: Ծովահենության հետ բախվելու մասին տվյալներ են հաղորդել Սիմեոն Լեհացին, Զաքարիա Ագուլեցին, Գրիգոր Դարանաղցին, Յո. Ստրեյսը և ուրիշներ:

Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը ծովահենության հետ առնչվել են Պարսկական ծոցում, ՝Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկական ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել Հնդկական օվկիանոսի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկական առևտրի նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալական գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ: Նրանք փակել էին Պարսկական ծոցից Հնդկական օվկիանոս տանող ուղին՝ արգելելով հայ առևտրականների մուտքը Բահրեյնյան կղզիներ, Օրմուզ: Հայ առևտրական ծովագնացների դրությունը ավելի էր բարդացել Հնդկական օվկիանոսի ավազան անգլիացիների մուտք գործելուց հետո, որոնք դիմում էին բռնությունների, զավթում ու կողոպտում հայերի առևտրական նավերը, անգլիացի ծովայիններին արգելում ծառայության մտնել նրանց մոտ և կամ զինամթերք վաճառել նրանց: Հայերի առևտրական ծովագնացությունը խոչընդոտելու համար անգլիացիներն օգտվում էին Անգլիայի և օտարերկրյա ծովահենների ծառայություններից: Այսպես, 1688 թվականին Հնդկական օվկիանոսում հայտնի ծովահեն կապիտան Ու. Կիդը զավթել էր «Կվեդա Մերչանտ» հայկական նավը (200000 ռուփի արժողությամբ բեռով): Անգլիացիներն ու այլ եվրոպացիներ հայկական նավերը կողոպտելիս հաճախ քողարկվում էին օտարերկրյա դրոշի ներքո (1685 թվականին սուտակով բեռնված «Նոր Երուսաղեմ» նավը 565000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, Հովհաննես (Ջոն) և Հովսեփ (Ժոզեֆ) Մարգարյան (Դա-Մարկ կամ Դեմարկոր) եղբայրների «Ս. Խաչ» («Սանտա Կրուզ») նավը): Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո անգլիացիները բացահայտորեն ծովահենություն էին անում սեփական դրոշի ներքո (1692 թվականին «Ս. Լյուդովիկոս» հայկական նավի զավթումը Բենգալյան ծոցում):

16-18-րդ դարերում հայ վաճառականների նավերը, որոնք հաճախ կրում էին հայկական դրոշ (կարմիր-նարնջագույն), մուտք ունեին Մանիլա («Մանիլյան առևտուր»), որտեղից տեղափոխում էին Ասիա և Եվրոպա Կոլումբոսի «հայտնագործած» երկրներից բերված ոսկին ու արծաթը: Այդ պատճառով հայկական նավերը գտնվում էին ծովահենների (Տ. Դրամոնդ, Բոուեն) ուշադրության կենտրոնում: 1746 թվականին Մադրասի մոտ անգլիական ծովակալ Գրիֆինը, որպես «թշնամու սեփականություն», բռնագրավել է երկու հայկական նավ և ողջ գույքն ուղարկել Լոնդոն: 1783 թվականին հայկական մի նավից ծովահենների կողոպուտը կազմել է 200000 ռուփի, իսկ հայկական մեկ այլ նավից՝ 250000 ռուփի: 1796 թվականին աղա Մարութի «Արշակ» նավի կողոպտմանը մասնակցել են երեք ֆրանսիական նավեր: 1853 թվականին «Հարություն Աբգար» նավը կողոպտել են չինացիները: Երկարատև Ծովահենության հետևանքով հայ առևտրական ծովագնացությունը, կորցնելով իր պատմական համբավն ու նշանակությունը, ի վերջո, որպես այդպիսին, փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Ազգային պետության պաշտպանությունից զուրկ հայ առևտրականները հարկադրված են եղել մշակել ինքնապաշտպանության սեփական միջոցներ: Տարբեր ժամանակներում հայերի առևտրական նավերի պաշտպանությունն սաանձնել են Վենետիկը, Ջենովան, Հոլանդիան, Ռուսաստանը և այլ պետություններ: Երբեմն հաջողվել է, ծովային երկրների հակասություններն օգտագործելով, ստանալ այս կամ այն երկրի դրոշի ներքո նավարկելու իրավունք կամ բաց ծով դուրս գալ օտարերկրյա ռազմական կամ քաղաքացիական նավերի ուղեկցությամբ: Սակայն նման ուղևորությունների անշահավետության պատճառով հայերը գերադասում էին իրենք զինվել (խոջա Մինասի նավն ուներ 18, «Հնդկաստանի վաճառական»-ը՝ 14 հրանոթ, զինված էին «Նոր Երուսաղեմ», «Ս. խաչ» և շատ ուրիշ նավեր):

Պաշտպանության միջոցների թվում կարևոր տեղ էր հատկացվում միջազգային համաձայնագրերին, որոնք հայերը կնքում էին կա՝մ անմիջականորեն իրենք, կա՛մ դիվանագիտական միջնորդների միջոցով: Եվրոպական ծովահենությունից պաշտպանվելու նպատակ էր հետապնդում 17-րդ դարում հայ վաճառական խոջա էլ Սաֆարի առաքելությունը Եվրոպա, որտեղ նա, որպես պարսկական շահի դեսպան, Տոսկանայի մեծ հերցոգից պահանջում էր ազատել ծովում գերված հայերին ու նրանց ունեցվածքը: Նման համաձայնություններ կնքելու, դրանց արդյունքների մասին են վկայում նավարկության անվտանգությունն ապահովելու, ծովահենությունից տուժած վաճառականների վնասները հատուցելու նպատակով միջազգային ծովային առևտրի ուղիները փոխելու մասին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրային փաստաթղթերը: 1673 թվականի պայմանագրով ռուս ցարը պարտավորվում էր տեղեկացնել կողոպուտների փաստի մասին: Ըստ հայ վաճառականական ընկերության հետ կնքված համաձայնագրի՝ ռուսական կառավարությունը 1699 թվականին Աստրախանում հոլանդացիների օգնությամբ կառուցել էր «Օրյոլ» ռազմանավը՝ ծովում հայերի անվտանգությունն ապահովելու համար:

Իրենց իրավունքների պաշտպանության կարևոր միջոցներից մեկը հայերը համարում էին դատական պաշտպանությունը՝ միջազգային ծովային իրավունքի նորմաներով: Գործի արդարացիության, ծովային իրավունքի իմացության և նրանցից խելացի օգտվելու շնորհիվ եզակի չէին հարցն իրենց օգտին լուծելու, ծովահեններին կամ կապերներին պատասխանատվության ենթարկելու դեպքերը: Այսպես, հայերի օգտին լուծվեց ֆրանսիական դրոշի ներքո նավարկող «Մարկանդե Արմանո» նավի զավթման առթիվ անգլիական ծովահեն դ՚Անգլյուր դը Բուրլեմոնի նկատմամբ 1649 թվականին հարուցված գործը: Դատական կարգով իրենց իրավունքների հիմնավորման մասին են վկայում նաև «Նոր Երուսաղեմ» և «Ս. խաչ» նավերի զավթման կապակցությամբ հարուցված գործի փաստաթղթերը: Նույն կարգով հայերին հաջողվեց Ցեյլոնում ետ ստանալ «Ս. Լյուդովիկոս» նավի բեռը (1692), «Նոր Երուսաղեմ» նավն ու բեռը (1742): Ծովահենության դեմ հայերի ակտիվ պայքարի մասին են վկայում Բրիտանական թանգարանում պահպանվող 320 ձեռագիր նամակները (№ 147)՝ կազմված Նոր Ջուղայում, Սուրաթում, Բասրայում, Կարակասում, Կալկաթայում և այլուր: Ծովահենության դեմ պայքարում միջազգային իրավունքի զարգացման մեջ հայերի ներդրման ցայտուն օրինակ են 1751 թվականին անգլիական կառավարության դեմ հարուցված գործի փաստաթղթերը: Ուրույն տեղ ունի նաև հայ ազգային իրավունքը, որը ոչ միայն նպաստել է միջազգային իրավական նորմաներ նկատմամբ հայերի վերաբերմունքի ձևավորմանը, այլև անմիջական ազդեցություն է ունեցել ծովահենության վերացնելու գործում: Ըստ որում այդ ազդեցությունը շոշափելի է եղել ինչպես պետականության շրջանում, այնպես էլ կորստից հետո: Աշխարհի տարբեր մասերում հայկական գաղթավայրերի ազգային դատաստանագրքերում նախատեսվում էին ծովահենությունն արգելող նորմաները (Ասարախանի հայոց դատաստանագիրքը (հոդված 68, գլուխ 11)), որոնք ավազակային բոլոր գործողությունների, ներառյալ սպանությունների և ուրիշի գույքը կողոպտելու համար սահմանում էին մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելով ծովահենության դեմ՝ մեծապես նպաստել են նրա վերացմանը, միջազգային ծովային առևտրի և ծովագնացության համար բնականոն պայմանների ստեղծմանն ու բաց ծովի սկզբունքի հաստատմանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стрейс Я. Я., Три путешествия, M., 1935.
  • Маховский Я., История морского пиратства, пер. с польского, М., 1972.
  • Барсегов Ю. Г., Борьба Киликийской Армении против пиратства в Среднеземном море «ՊԲՀ», 1973, № 3:
  • Можейко М. В., В Индейском океане, М., 1977.
  • Seth M. J., Armenians in India from the earlest times to the present day, Calcutta, 1937.
  • Neukirchen H., Piraten, Seeraub auf alien Meeren, B., 1976.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png