Զաքարիա Ագուլեցի
Զաքարիա Ագուլեցի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 6), 1630 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[1] |
Մահացել է | 1691[1][2] |
Մահվան վայր | Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և վաճառական |
Զաքարիա Ագուլեցի (սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 6), 1630, Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[1] - 1691[1][2], Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[3]), հայ ճանապարհորդ, վաճառական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1647-1681 թթ.՝ առևտրական գործունեության ընթացքում, եղել է Իրանում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում։ Ճանապարհորդությունները նկարագրել է իր կազմած Ժամանակագրությունում։ Ագուլեցին տեղեկություններ է տալիս XVII դարի երկրորդ կեսի Հայաստանի, հարևան և եվրոպական մի շարք երկրների բնության, բնակչության, ցամաքային և ծովային ճանապարհների, ներքին և միջազգային առևտրի, տնտեսական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառների, Հայաստանում գյուղական համայնքների կառուցվածքի, ներքին հակասությունների, համայնքի պետական ու կալվածատիրական հողերից հարկերի գանձման ձևերի, վարչական կառուցվածքի, ժողովրդական հուզումների, խաների կողմից բնակչության հարստահարման վերաբերյալ։ Նշվում է նաև մթերքների մանրածախ և մեծածախ գների մասին, որոնց շնորհիվ կարելի է իմանալ բնակչության կենսամակարդակի մասին։ Տեղեկություններ կան դրամահատման համակարգի, XVII դարի երկրորդ կեսին Իրանում շրջանառության մեջ գտնվող արծաթե դրամների միջին քաշի և դրանց մոտավոր կուրսի վերաբերյալ։ Զաքարիա Ագուլեցու անձնական և ընտանեկան կյանքի նկարագրությունը օգնում է պարզելու ժամանակի կենցաղի վերաբերյալ տարբեր մանրամասնություններ։ Օրագրում հիշատակված վարչական, ֆինանսական և հարկային տերմինների մեծ մասը համապատասխանում է նույն ժամանակի պարսկալեզու աղբյուրներում և պաշտոնական վավերագրերում հիշվող տերմիններին, օգնում ճշտելու դրանց իմաստն ու կիրառությունը։
Ագուլեցին ծնվել է Վասպուրականի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքում, 1630 թվականին: Այդ մասին նա իր օրագրում կամ դավթարում գրում է. «Դարցեալ ես Զաքարիայ հարց ու փորցով իմացայ իմ հայր Աղամիրէն, մայր Սավգուլէն, որ թը- վին ՌՀԹ ումն (1630) ես անարժան Զաքարիայ որ մօրէ ծնայ սուրբ Գէորգի կիրակի օրն...»: Այս տողերը և նրանցում եղած տառասխալները ցույց են տալիս, որ Զաքարիան բավարար կրթություն չի ստացել: Այդպես սխալներով են գրված նաև նրա դավթարի մյուս հատվածները: Զաքարիա Ագուլեցու մահվան հավանական թվականը 1691-ն է: Զաքարիա Ագուլեցու օրագրությունը շատ ուշ է հայտնաբերվել: Նրա մասին առաջին տեղեկությունը հաղորդվել է «Ճռաքաղ» թերթում 1862 թվականին, իսկ դարի վերջին «Մշակ»-ի խմբագիր Ալ. Քալանթարի ջանքերն այն հրատարակելու համար, ուղղակի ձախողվել են տպագրական ծախսերը վճարել չկարողանալու պատճառով: Սակայն աշխատության բնագիրը, որ հեղինակի ինքնագիրն էր, և տպագրվածի մեկ օրինակը երջանիկ պատահականությամբ փրկվել են կորստից, որից և հետագայում կարողացել են օգտվել մի քանի հեղինակներ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո, Ալ․ Քալանթարի ժառանգը՝ Լ. Քալանթարը Զաքարիա Ագուլեցու ձեռագիրը հանձնեց Հայաստանի Լուսժողկոմատին:
Զաքարիա Ագուլեցու աշխատությունը ընդամենը 98 թերթից բաղկացած անկազմ ու փոքրածավալ մի տետր է, որի հրատարակությունը, փոքրիկ առաջաբանով, կատարել է Ս․Վ․ Տեր-Ավետիսյանը (Երևան, 1938): Գրքին կցված են նաև ձեռագրի վերջում այլևայլ հեղինակների կատարած հավելադրությունները և հրատարակչի կազմած տեղանունների, անձնանունների ցանկերն ու ձեռագրի անհասկանալի բառերը բացատրող բառատետրը:
Զաքարիա Ագուլեցու գրքույկը պատմազիտական առումով մեծ գործ չէ, այն լոկ մի օրագրություն է, որի սկզբի մասերում հեղինակը, որքան որ կարողանում է, նկարագրում է իր անցած ճանապարհները, հիշատակում բնակավայրերը՝ քաղաքներն ու գյուղերը, տալիս նրանց հեռավորությունն իրարից: Ագուլեցին ինչպես քիչ հետո կտեսնենք, այդ հարցերով սկսել է հետաքրքրվել իր ճամփորդությունների հենց սկզբից: Նա այդ ժամանակ մեկիկ-մեկիկ հավաքել է իրեն հետաքրքրող տվյալները, ստուգել դրանք հարց ու փորձով «իմաստուն մարդկանցից» ճշտել բոլորը, գրանցել դրանք, և հետո միայն շարադրել «այսմ դավտարս»: Ահա թե ինչպես է նա նկարագրում իր կատարած աշխատանքը. «Դարցեալ ես Զաքարիա կամէցայ, ուր որ գնամ..., թէ գիւղ, թէ քաղաք, թէ ավեր ճանապարհ, ուր և հանդիբիցէ, զատիկ կամ վարդավառ կամ սուրբ խաչ կամ ջրաւրհնիք արարիցեմ կամ թէ ինչ գիւղ կամ քաղաք մտանիցեմ կամ թէ ելանիցեմ, գրեսցեմ: Դարցեալ կամ ինչ կամ մանձիլն հարցանելով անունն՝ ոչ թէ մին մարդ, Գ (3) կամ Դ (4) մարդ կուհարցնեմ անունն՝ կամ քանի աղաջ կայ կամ չկայ կամ մին աղաջ- յետ կամ թէ առաջ, ոչ թէ չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով: Ոչ թէ մին անգամ գնալով այս գրեցի... ՌՂԶ ամի (1647) Ագուլաց դուրս գնացի մինչի ՌՃԺԳ (1664) յամն շուրջ գալով, գնալով, հարցանէլով, գրեցի ըստունք: Գ (3), Դ (4) թղթի վերայ գրած էի, ոմն ըստուք, ոմն սխալ: Ապա ՌՃԺԳ (1664) յամին կամիվն Աստուծոյ բէրի, նորոյգէցի այսմ դավտարս»92: Հետո ավելացնում է, թե ինչ որ չի տեսել, ուր որ չի այցելել, ծով, ցամաք, գյուղ, կամ քաղաք, չի գրանցել:
Զաքարիա Ագուլեցու հաղորդումներն ընդգրկում են աշխարհագրական մի ընդարձակ տարածություն՝ Հայաստանից, Պարսկաստանից ու Թուրքիայից սկսած մինչև կենտրոնական ու արևմտյան Եվրոպայի երկրները։ Եվ որտեղ որ եղել է հեղինակը, ինչ նյութեր էլ հավաքել է, շարադրանքի ձևն ու ոճը չի փոխել: Նա, ինչպես իր հայրենիքի, այնպես էլ օտար երկրների բնակավայրերն ու դրանց իրարից ունեցած հեռավորությունները նկարագրում է նույն համառոտ ձևով: Զաքարիա Ագուլեցու գրառումների մեջ կարելի է գտնել մեծ մասամբ փոքր, տեղական նշանակություն ունեցող դեպքերի կարճ ու ամփոփ նկարագրություններ, որոնցով XVII դարի պատմության կարևոր իրադարձությունների մեջ հնարավոր է ճշտումներ` ու լրացումներ կատարել: Հեղինակը հետաքրքիր ու արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հատկապես՝ Ագուլիսի հայության ազգային սովորությունների ու կրոնական ծիսակատարությունների մասին :
Զաքարիա Ագուգուլեցու դավթարի վերջին էջը պարունակում է հեղինակի տոհմի՝ Քրդունց ընտանիքի ժամանակագրությունը։ Ագուլեցու օրագրությունը գրված է այն ժամանակվա խոսակցական լեզվով, որը գրաբարի ու Ջուղայի բարբառի խառնուրդն էր՝ իրեն հատուկ ուղղագրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 https://experimental.worldcat.org/fast/1734265
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 245 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 673)։ ![]() |