Գուգարաց լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուգարաց լեռներ
Տավուշի բնապատկեր.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2245 մետր
Երկարություն80 կիլոմետր
Մեծագույն գագաթԴժարսար
##Գուգարաց լեռներ (Հայաստան)
RedMountain.svg

Գուգարաց լեռներ, Բաբաքարի լեոնաշղթա, Բաբաքյարի լեոնաշղթա, Պապաքարի լեոնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին, Դեբեդ և Աղստև գետերի ջրբաժանը։ Ձգվում է Բովաքարի լեռների արևելյան եզրից դեպի հյուսիս՝ շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը Դժարսար լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն։ Միջին բարձրություն 2000 մ[1][2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Կովկասի լեռնային համակարգի արտաքին շղթաներից մեկն է։ Սկսվում է Հալաբի լեռնաշղթայից, տարածվում հյուսիս, ապա հյուսիս-արևելք՝ մինչև Պապաքարի լեռներ։ Երկարությունը (Հալաբի լեռնաշղթայի հետ միասին) մոտ 100 կմ է, միջին բարձրությունը՝ 2000 մ։ Կազմված է ստորին յուրայի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներից։ Գուգարաց լեռնաշղթային բնորոշ են խիստ մասնատվածությունը, էրոզիոն հովիտների խիտ ցանցը և ժայռոտ լեռնակատարները։ Լանջերը զառիթափ են, կտրտված հեղեղատներով։ Տիրապետում է ֆիզիկական հողմնահարումը, որն ուղեկցվում է փլվածքներով և սելավներով։ Ռելիեֆի մասնատվածությունն ու ակտիվ դենուդացիան պայմանավորված են ապարների լիթոլոգիական առանձնահատկություններով և Դժարսար լեռան անտիկլինալի բարձրացման աշխուժացումով։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Սևորդյաց (Չաթինլեռ գագաթից մինչև Սանահին կայարանը), Կայենի (Հաղարծին գետի ակունքներից մինչև Աղստև գետը, Իջևան քաղաքի մոտ), Ոսկեպար (Գոմշավար լեռնագագաթից մինչև Կուրի հովիտը), Մթնասար (Սառնակունք լեռնագագաթից մինչև Ադրբեջանի Գամիրչիլար գյուղը) լեռնաբազուկները։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան շինանյութեր (ֆելզիտային տուֆ, գրանիտ, հրակայուն կավ, տրավերտին, կվարցային ավազ, կրաքար և այլն), բազմամետաղների, ոսկու, պղնձի, սնդիկի, մոլիբդենի երևակումներ, երկաթի հանքավայր։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր լեռնայիև գոտում -8 °С է. ստորոտում՝ - 2°С, հուլիսինը՝ համապատասխանաբար 12 °С, 20 °С։ Բացարձակ նվազագույնը -30 °С է, առավելագույնը՝ 35 °С։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ամեն տարի։ Տարեկան տեղումները ստորոտում 500 մմ են, բարձր լեռնային գոտում՝ 800 մմ։

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Մարցիգետ, Շնող, Հաղարծին, Սառնաջուր, Կորխան, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր։ Հողաբուսական ծածկույթում առկա է ուղղաձիգ գոտիականությունը։ Գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը՝ հաճարենու, կեչու, կաղնու անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն։ Շատ են կրծողներն ու թռչունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 967 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png