Մաշհադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշհադը առավոտյան

Մաշհադ` գերքաղաք Իրանի հյուսիս-արևելքում, Քաշաֆռուդ գետի հովտում, Խորասան նահանգի վարչական կենտրոնը, որը Աֆշար թագավորության ժամանակ Պարսկաստանի մայրաքաղաքն է եղել։ Քաղաքը 3,131,586 հոգի բնակչությամբ Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքն է համարվում։

Իմամ Ռեզայի դամբարանը

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ Երկրի հյուսիս-արևելյան մասի առևտրաարդյունաբերական կենտրոնն է։ Կա մետաղամշակություն, տեքստիլ, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տնայնագործություն (փիրուզի մշակում, գորգագործություն են)։ Ունի համալսարան։ Շիա մուսուլմանների ուխտագնացության կենտրոն է։ Առաջին անգամ հիշատակվել է X դարում։

«Կարմիր ոսկու»՝ քրքումի վաճառքը Մաշհադի մի խանութում

Մաշհադում է գտնվում Շիա ութերորդ առաջնորդի՝ իմամ Ռեզայի դամբարանը և այն շրջապատող պաշտամունքային վիթխարի անսամբլը (XII-XIX դդ.), որոնց պատճառով տարեկան 30 միլիոն ներքին և 1 միլիոն արտաքին ուխտագնաց այցելում են քաղաքը։ Մաշհադի մյուս ճարատարապետական հուշարձաններից են մզկիթներ (Գոհար-շադ, 1405-1418), մեդրեսը (XV դ.), աղոթարաններ, սրբարաններ, գրադարաններ, կարավանատներ։ XX դ. կառույցներից են Նադիր շահի դամբարանը (1961 թվական)՝ շահի հեծյալ արձանով, հիվանդանոցը (1965 տվական)։ Մաշհադի շրջակայքում են՝ Մուսալլա մզկիթը (1676 թվական), Խոջա Ռաբիի դամբարանը, Ֆիրդուսի գերեզմանը (տապանատաղավարը՝ 1934 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png