Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է մոտ մեկ դար։ Այն Ռուսական կայսրությանն է միացել երկու փուլով՝ 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների ընթացքում։ Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1918 թվականին, Արևելյան Հայաստանում վերականգնվել է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանն ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]
16-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհը բաժանվում է իսլամադավան երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև: Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ (1532-1555, 1578-1590, 1603-1618, 1623-1639), որի արդյունքում Հայաստանը երկու անգամ (1555, 1639) բաժանվեց նրանց միջև: Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ Արևմտյան Հայաստանում, սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները: Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական Քարթլիի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորությունների հետ:
Պարսկա-թուրքական հերթական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսից շահ Աբբասը Արարատյան դաշտի հայության մեծ մասին՝ մոտ 300 հազար մարդ, գաղթեցրեց երկրի խորքը: Հայաստանի քաղաքների և գյուղերի ավերակների վրա պարսից արքունիքը սկսեց բնակեցնել մուսուլմանների՝ թյուրքական և քրդական քոչվոր ցեղերի: Երևանի կուսակալությունում հայերն աստիճանաբար նոսրացան, իսկ Ղարաբաղ-Զանգեզուրում շարունակվեց պայքարը պարսիկների դեմ: 1677 թվականին հայ ժողովրդի առաջնորդները գաղտնի հավաքվեցին Վաղարշապատում: Ժողովին որոշվեց սկսել պայքարը հայերի արտաքին ճնշումից ազատագրելու համար: Կոստանդնուպոլիս մեկնած կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու պատվիրակությունը նրա մահից հետո վերադարձավ, իսկ սյունեցի իշխանազն Իսրայել Օրին ճանապարհորդեց եվրոպական շատ քաղաքներ: Ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հզորացող Ռուսական կայսրության վրա:
1720-ական թվականներին, աֆղանցիների ներխուժման պատճառով, վերջ տրվեց Սեֆյանների իշխանությանը Պարսկաստանում: Օգտվելով առիթից՝ Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ը, օգնության համար դիմեց Ռուսաստանին: Շվեդների դեմ մղվող հյուսիսային պատերազմը հաղթական ավարտելուց հետո Պետրոս I-ը կազմակերպեց Կասպիական արշավանք (1722-1723) Պարսկաստանի դեմ: Հայերը ազատագրական կռիվներ մղեցին Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731)՝ նախ պարսկական լուծը թոթափելու, ապա թուլացած Պարսկաստանի վրա հարձակված օսմանցիներին դիմակայելու համար: Մինչդեռ թուրքերի դեմ պատերազմել չցանկանալով՝ ռուսաց կայսրը դադարեցրեց արշավանքը՝ բավարարվելով Կասպից ծովի առափնյա շրջաններով: Թուրք-պարսկական պատերազմն (1723-1727) ավարտվեց օսմանցիների հաղթանակով և ամբողջ Արևելյան Հայաստանի գրավումով:
Պարսկաստանում իշխանության եկած Նադիր շահը կարճ ժամանակ անց կարողացավ վտարել օսմանցիներին: 1730-1736 թվականներին երկիրը մաքրելով թուրքերից՝ նա վերականգնեց Պարսկաստանի սահմանները: Սակայն 1747 թվականին շահի սպանությունից հետո երկրում հաստատվեց երկիշխանություն: Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծված խանությունների գլուխ կանգնեցին թյուրքալեզու ցեղերի առաջնորդներ, որոնք հաճախ չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը: Երևանի, Գանձակի ու Նախիջևանի խանությունները հաճախ վասալական կախման մեջ էին ընկնում վրաց թագավորից, իսկ Ղարաբաղի խանությունում շարունակում էին ազդեցիկ մնալ Արցախի և Սյունիքի մելիքները: 18-րդ դարի վերջին իրավիճակը նպաստավոր էր Ռուսաստանի համար՝ կրկին Կովկաս արշավելու և այն պարսիկներից ու թուրքերից գրավելու համար:
Արևելյան Հայաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]
1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի: Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները: Հայ ազնվականները դառնում են ռուսական արքունիքի անդամներ, հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության:
1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը: Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում: Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից: Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը: Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմում։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնացին Պարսկաստանի կազմում։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական տարածքներ, որոնցից ձևավորվել է Կարսի մարզը:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգներ և մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շրջանում մայրաքաղաք Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվելու էր տարածաշրջանում վարչական բաժանումներ անցկացնելու խնդրով։ Միաժամանակ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ է ներկայացնում Խաչատուր Լազարյանը, որը մերժվեց կառավարության կողմից։ 1801 թվականին ստեղծված Վրացական նահանգի օրինակով 1828 թվականի մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով 1833 թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, իսկ 1836 թվականի մարտի 11-ին ընդունվում է կանոնադրություն (ռուս.՝ положение), որով սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։
1840 թվականին ընդունվում է օրենք, որով Անդրկովկասը ենթարկվում է վարչական նոր բաժանման։ Ստեղծվում է վարչական երկու միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Երկրորդի մեջ մտան միայն Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ որպես Ղարաբաղի գավառ, իսկ մնացած ամբողջ երկիրը, գավառների վերածված, դարձավ Վրացա-Իմերեթական նահանգի մաս։ Չորս տարի անց հիմնվում է Կովկասի փոխարքայությունը։ Երկու տարի անց երկրամասը կրկին ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման. այս անգամ ստեղծվում են Թիֆլիսի (1846-1918), Քութայիսի (1846-1918), Շամախիի (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները:
1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվում է Երևանի նահանգը: Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը: 1859-1860 թվականներին ստեղծվում են Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918): Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, մյուս գավառները՝ Բաքվի նահանգից:
Հայկական գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականին Ռուսական կայսրությունում անցկացվեց մարդահամար, որի արդյունքները տպագրվեցին 1905 թվականին[1]:
Վարչական միավոր | Կենտրոն | Տարածք | Բնակչություն | Հայեր | Կովկ. թաթարներ |
Քրդեր | Ռուսներ | Այլ ազգեր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ալեքսանդրապոլի գավառ | Ալեքսանդրապոլ | 3,760կմ2 | 165,503 | 141,522 (85.5%) | 7,832 (4.7%) | 4,976 (3.0%) | 6,836 (4.1%) | 4,337 (2.7%) |
Երևանի գավառ | Երևան | 3,030 կմ2 | 150,879 | 58,148 (38.6%) | 77,491 (51.3%) | 8,195 (5,4%) | 3,713 (2.5%) | 3,332 (2.2%) |
Էջմիածնի գավառ | Վաղարշապատ | 3,858 կմ2 | 124,237 | 77 572 (62.4%) | 35 999 (29.0%) | 9,724 (7.8%) | 175 (0.1%) | 767 (0.7%) |
Նախիջևանի գավառ | Նախիջևան | 4.392 կմ2 | 100,771 | 34,672 (34.4%) | 64,151 (63.7%) | 639 (0.6%) | 1,014 (1.0%) | 295 (0.3%) |
Նոր Բայազետի գավառ | Նոր Բայազետ | 4.731 կմ2 | 122,573 | 81,285 (66.3%) | 34,726 (28.3%) | 2,995 (2.5%) | 2,716 (2.2%) | 851 (0.7%) |
Շարուր-Դարալագյազի գավառ | Նորաշեն | 2,973 կմ2 | 76,538 | 20 726 (27.1%) | 51,560 (67.3%) | 3,761 (4.9%) | 122 (0.2%) | 369 (0.5%) |
Սուրմալուի գավառ | Իգդիր | 3,688 կմ2 | 89,055 | 27,075 (30.4%) | 41,417 (46.5%) | 19,099 (21.4%) | 1,361 (1.5%) | 103(0.2%) |
Երևանի նահանգ | Երևան | 26,432 կմ2 | 829,556 | 441,000 (53.2%) | 313,176 (37.7%) | 49,389 (6.0%) | 15,937 (1.9%) | 10,054 (1.2%) |
Ելիզավետպոլի գավառ | Ելիզավետպոլ | 8,759 կմ2 | 162,788 | 43,040 (26.4%) | 103,970 (63.9%) | 38 (0.0%) | 10,428 (6,4%) | 5,312 (3.3%) |
Զանգեզուրի գավառ | Գորիս | 7,773 կմ2 | 137,871 | 63,622 (46.1%) | 71,206 (51.7%) | 1,807 (1.3%) | 1,006 (0.7%) | 230 (0.2%) |
Ղազախի գավառ | Ղազախ | 6,856 կմ2 | 112,074 | 43,555 (38.9%) | 64,101 (57.2%) | 137 (0.1%) | 3,444 (3.1%) | 837 (0.7%) |
Շուշիի գավառ | Շուշի | 4,912 կմ2 | 138,771 | 73,953 (53.3%) | 62,868 (45.3%) | 90 (0.0%) | 1,504 (1.1%) | 356 (0.3%) |
Ջաբրայիլի գավառ | Ջաբրայիլ | 3,327 կմ2 | 72,719 | 19,551 (26.9%) | 52,041 (71.6%) | 571 (0.8%) | 208 (0.3%) | 348 (0.4%) |
Ջևանշիրի գավառ | Թարթառ | 5,483 կմ2 | 66,360 | 15,746 (23.8%) | 49,189 (74.1%) | 398 (0.6%) | 893 (1.3%) | 134 (0.2%) |
Ելիզավետպոլի նահանգ (միայն հայկական գավառները) |
Ելիզավետպոլ | 37,110 կմ2 | 690,583 | 259,467 (37.6%) | 403,375 (58.4%) | 3,041 (0.4%) | 17,483 (2.5%) | 7,217 (1.1%) |
Արդահանի գավառ | Արդահան | 5,645 կմ2 | 65,763 | 1,918 (2.9%) | 37 (0.0%) | 12,565 (19.1%) | 2,357 (3.6%) | 48,886 (74.4%) |
Կաղզվանի գավառ | Կաղզվան | 4,417 կմ2 | 59,230 | 21,648 (36.6%) | 867 (1.5%) | 17,733 (29.9%) | 4,085 (6.9%) | 14,897 (25.1%) |
Կարսի գավառ | Կարս | 5,905 կմ2 | 134,142 | 46,715 (34.8%) | 1,439 (1.1%) | 9,165 (6.8%) | 20,376 (15.2%) | 56,447 (42.1%) |
Օլթիի գավառ | Օլթի | 2,960 կմ2 | 31,519 | 3,125 (10.0%) | 4 (0.0%) | 3,505 (11.1%) | 1,038 (3.3 %) | 23,847 (75.6%) |
Կարսի մարզ | Կարս | 18,927 կմ2 | 290,654 | 73,406 (25.2%) | 2,347 (0.8%) | 42,968 (14.8%) | 27,856 (9.6%) | 144077 (49.6%) |
Ախալցխայի գավառ | Ախալցխա | 2,572 կմ2 | 68,837 | 15,144 (22.0%) | 12,370 (18.0%) | 1,396 (2.0%) | 2,238 (3.2%) | 37,689 (54.8%) |
Ախալքալաքի գավառ | Ախալքալաք | 2,696 կմ2 | 72,709 | 52,539 (72.3%) | 6,572 (9.0%) | 810 (1.1%) | 5,453 (7.5%) | 7,335 (10.1%) |
Բորչալուի գավառ | Շուլավեր | 6,759 կմ2 | 128,587 | 47,423 (36.9%) | 37,742 (29.4%) | 108 (0.0%) | 9,349 (7.3%) | 33,965 (26.4%) |
Թիֆլիսի նահանգ (միայն հայկական գավառները) |
Թիֆլիս | 12,027 կմ2 | 270,133 | 115,106 (42.6%) | 56,684 (21.0%) | 2,314 (0.9%) | 17,040 (6.3%) | 78,989 (29.2%) |
Արդվինի գավառ | Արդվին | 3,908 կմ2 | 56,140 | 7,819 (14.0%) | 5 (0.0%) | 112 (0.2%) | 1,026 (1.8%) | 47,178 (84.0%) |
Արևելյան Հայաստան | 98,404 կմ2 | 2,137,066 | 896,798 (42.0%) | 775,587 (36.3%) | 97,824 (4.6%) | 79,342 (3.7%) | 287,515 (13.4%) |
Զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի նահանգ | Ելիզավետպոլի նահանգ | Կարսի մարզ | Թիֆլիսի նահանգ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |