Ալեքսանդր Երիցյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Երիցյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Երիցյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1841[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | փետրվարի 21, 1902[1] (60 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Գերեզման | Խոջիվանք |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, գրող, լրագրող և հնագետ |
| Հաստատություն(ներ) | Q12865489? և Վաճառական[2] |
| Գործունեության ոլորտ | պատմություն[3], գրականություն[3] և ժուռնալիստիկա[3] |
| Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] և ռուսերեն[3] |
| Ամուսին(ներ) | Սրբուհի Երիցյան |
| Երեխա(ներ) | Գարեգին Երիցյան[1] |
Ալեքսանդր Դավթի Երիցյան (հոկտեմբերի 24, 1841[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1902[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ պատմաբան, հնագետ։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Երիցյանի հայրը։
XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։
Արխիվային վավերագրերի ու փաստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է Թիֆլիսում 1841 թ. հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին։ Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում է այն, 1854 թ. Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից՝ բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միառժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում՝ մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած՝ Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազօտելով Ղազախի գաւառը»։
Ալեքսանդր Երիցյանը հնագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թ. Թիֆլիսի ռուսական հնագիտական արշավախումբը, Ա. Դ. Երիցյանի ու Ա. Ս. Ուվարովի գլխավությամբ, նախաձեռնեց հին հայոց Արմավիր մայրաքաղաքի պեղումները (չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ)։ Նրանք ձեռք բերել եւ Արմավիրում պեղել են հնագիտական նյութեր (պեղվել են Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր, որոնք այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ, Երվանդ վերջին արքայի դամբարանը Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա, ու գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը), զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ։ Սակայն, Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ իրենք չէին գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը, այլ իրենց պեղածը մ.թ.ա. IV դարի ինչ-որ բերդի ավերակներ են։ Պարսիկ խաները Սարդարապատի բերդը XVIII դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել Արմավիր մայրաքաղաքի մնացորդները (դարձրել էին քարհանք), որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձունքում և դիտում էին միջնաբերդի դեռ չավերած պատերին։ Նույն տեղում, Բ. Առաքելյանի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց Արմավիր մայրաքաղաքի պեղումները։
1888 թ. Երիցյանը ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։
Ստեփան Մալխասյանցը 1902 թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թթ., երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ», և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը և մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը»։ Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր։ Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը[4]։
Երիցյանը զբաղվեց նաև հայ ժողովրդի պատմության հին շրջանով: 1866 թ. լույս ըն ծայած «Ընթերցարանում» նա մեծ տեղ էր հատկացնում հայկական հին ավանդություններին, առասպելներին ու պատմական իրողություններին, հայ թագավորներին նրանց գործունեությանը: 1874 թ. կարդացած դասախոսություններից մեկում Երիցյանը Տիգրան II-ին և Արտաշես II-ին անվանում է ժողովրդի սիրելիներ և մեծարում նրանց կատարած գործերը: 1883 թ. գրած «Ղազար Փարպեցին և պ. Խալաթյանը» գրախոսությունում նա վերլուծում էր Հայաստանում IV-V դդ. կատարված դեպքերը և ցույց էր տալիս, որ նշված ժամանակաշրջանում կար երկու կուսակցություն՝ պարսկական և հունական[5]: Բայց ժամանակի ընթացքում առաջ է գալիս նաև ազգային կուսակցությունը, որը պայքարում էր ազգի անկախության ու ինքնուրույնու թյան համար, նրա լեզվի, պատմության և դրականության զարգացման համար: Այդ կուսակցությունը գտնում էր. ոչ հունաց, ոչ պարսից լեզու, այլ հայոց լեզու, ոչ մեկի և ոչ մյուսի գրագիտություն, այլ հայոց, ոչ որից անկախ կրոնական վարչություն, ազատ, անկախ կրոն: Այդպես էր, որքան հասկանում ենք, անցքերի հոգին Ներսեսի, Սահակի և Մեսրոպի գործունեությանց պտուղը։ Այդ երրորդ կուսակցությունը տվեց մեզ հայոց կատարելագործված այբուբենը, Ս․գրքի սքանչելի թարգմանությունը, հայ ժամասույթը և վերջապես դորա արդասիքներն են՝ մեր դրականությունը, մեր ազգային հոգին», Հարկ է նշել, որ Երիցյանը այդ դեպքերը համեմատում էր III դ. դեպքերի հետ և փնտրում նրանց միջև նմանություն:
Երիցյանը զգալի չափով զբաղվել է նաև հայ ժողովրդի միջնադարի պատմության ուսումնասիրությամբ: 1880 թ. նա գրեց հատուկ հոդված թոնդրակյան շարժման մասին և թեև չկարողացավ գիտականորեն բացատրել այդ շարժման սոցիալական արմատները, բայց օբյեկտի» վորեն գնահատեց թոնդրակյան «աղանդի» առաջադիմական էությունը։ «Անկարելի է չխոստո- վանել, — գրում էր նա,— որ աղանդները մի երկրի, մի ազգի մտավոր, եթե ոչ զարգացման, զոնե սթափության, շարժման նշաններ են... մեռած, մտավոր քնի մեջ ընկղմված աղգերը, որոնց ուղեղը չէ տրամադրված քննելու ու ղննելու և ոչ աղանդ կարող են ծնել»[5]։
Սակայն Երիցյանը ավելի շատ զբաղվել է հայ ժողովրդի պատմության նոր շրջանով՝ XVIII, XIX դարերով: Նա թողել է ուսումնասիրություն Աղա Մահմեդ խանի 1795 թ. դեպի Թիֆլիս կատարած արշավանքի մասին, որտեղ ցույց է տվել այդ արշավանքների կործանարար նշանակությունը Թիֆլիսի բնակիչների համար: 1877 - 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ պատմաբանը դրեց օրագիր, որի մեջ արտացոլեց այդ տարիներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերը: Երիցյանը դրեց մի շարք աշխատություններ նաև հայ դպրոցի մասին: Նա դպրոցը համարում էր ժողովրդի մտավոր զարգացման ջերմաչափ, լուսավորության տաճար, հասարակության դաստիարակության և կրթության լավագույն օջախ և այլն: Նա գտնում էր, որ դպրոցներում պետք է աշխատեն բարձրորակ ուսուցիչներ, իսկ դասավանդումը տարվի խելացի ծրագրով։ Ի տարբերություն Մ. Մսրյանի սխոլաստիկ ուսուցման, Երիցյանը ուսուցիչներից պահանջում էր. «Էնպես սովորեցրեք, որ աշակերտն ուսումնարանն ավարտելուց հետո, ուսում նարանում չթողնի իր բոլոր սովորածը ու աշխարհումն նորից հարկադրված լինի սովորելու կյանքին հարկավոր բաներ: Էնպես արեք, որ նրանց ամեն առարկա սովորեցնելիս, մեր կյանքին հարմարեցնեք, որ ամեն առարկա նրան ճիշտ տեղեկություններ տա աշխարհի մասին և ամեն մեկ գիտություն լինի կյանքի համար օգտավետ և ոչ թե գիտությունը սովորել միայն գիտենալու համար» :
Այսպիսով Երիցյանը զգալի գործ է կատարել XIX դարի հայ մշակույթի, մանավանդ պատմագրության բնագավառում:
Մխիթարյան միաբանության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա.Երիցյանին հուզող խնդիրներից մեկն էլ այն էր, որ ժամանակի մամուլը Վենետիկի Մխիթարյանների մասին աղքատ տեղեկություններ է հաղորդում` չնայած հայության կյանքում միաբանության մեծ դերին: Այդ բացը լրացնելու համար Վենետիկի Մխիթարյան միաբանության պատմության լուսաբանմանն Ա. Երիցյանն անդրադարձել է «Արձագանքում» 1883 թ. հրապարակած ծավալուն հոդվածով և առանձին գրքով՝ «Վենետիկի Մխիթարյանք», որ լույս է տեսել նույն թվականին, Թիֆլիսում[6]: Նա նշում է, որ անցյալ տարվա (1882 թ.) հուլիսի 2-ին Վենետիկի Մխիթարյան Ս. Ղազար վանքի հրդեհի հետևանքով ամենուրեք ցրված հայության ուշադրությունը ուղղվեց դեպի այն: Ա. Երիցյանը նաև դժգոհում է, որ եվրոպական մամուլը զլացավ դեպքի մանրամասնությունները հաղորդել և հայտնում է, որ վնասը մեծ չէ: Հեղինակը գտնում է, որ չկա մի գրագետ հայ, որին ծանոթ չլինի Մխիթարյան միաբանության անունը և չկա մեկ այլ հիմնարկություն, որով կարողանայինք լուսավորյալ աշխարհի առաջ վերջին 150 տարվա ընթացքում ավելին պարծենալ: Նա գրում է, որ Մխիթարյաններն առաջինը եղան, որ Եվրոպային ծանոթացրեցին հայագիտության հետ, լույս աշխարհ բերեցին մոռացության տրված հայ ձեռագրերը, ոտքի կանգնեցրին մեր հին գրական լեզուն, նպաստեցին աշխարհաբարի առաջ գալուն և վարժեցրեցին հայերիս գիրք գնել, գիրք կարդալ, գիրք պահել: Վենետիկի Մխիթարյանների 150 տարվա գործունեության մասին իր շարադրանքը Ա. Երիցյանը սկսում է Վենետիկի Ս. Ղազար վանքի հիմնադիր երջանկահիշատակ Մխիթար վարդապետ Սեբաստացու կենսագրությամբ[6]: Նա գրում է, որ Մխիթար Սեբաստացու կենսագրությունը մեզ է հասել նրա աշակերտ Միքայել Չամչյանի, իսկ ավելի ընդարձակ՝ Ստեփանոս Գյուվեր Ագոնց արքեպիսկոպոսի շնորհիվ: Երկու հեղինակներն էլ, պատկանելով հայ կաթոլիկ համայնքին, Մխիթարի կաթոլիկության ջատագովն էին:Ա. Երիցյանը ներկայացնում է Մխիթարի և նրա աշակերտների ջանքերը՝ մենաստան կառուցելու գործում: Գրում է, թե ինչպես 1705 թ. Մխիթարն իր աշակերտներ Եղիա և Հովհաննես վարդապետներին ուղարկում է Հռոմի պապից հաստատության կոնդակ ստանալու։ Ա. Երիցյանը նկարագրում է, թե ինչպես մեծ դժվարությամբ են Մխիթարը և իր աշակերտները Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքում կառուցում իրենց միաբանության շենքը[6]:
Ա.Երիցյանը նաև նկարագրում է, թե ինչպես Հռոմում քննվեց Մխիթարյանների դեմ առաջադրված մեղադրանքը, ըստ որի, Մխիթարյան միաբանության որոշ գործիչներ կաթոլիկության սկզբունքներին տեղյակ չեն ևիրավունք չունեն պատարագ մատուցելու: Ապա հեղինակն անդրադառնում է Մխիթարյանների հետագա գործունեությանը՝ նշելով, որ ի երախտագիտություն հիմնադրի՝ միաբանությունը կոչվեց «Մխիթարեանց ուխտ»[6]: Ա.Երիցյանի նպատակը եղել է իր ժամանակակիցներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների կյանքին և գործունեությանը՝ ցանկանալով լրացնել ժամանակի գրականության մեջ եղած բացը: Սակայն Ա. Երիցյանը խոստովանում է, որ այս աշխատանքի ընթացքում հանդիպել է դժվարությունների և, գուցե՝ ակամա, զերծ չի մնացել սխալներից: Նա գտնում է, որ այսպիսի մի գործ պետք է ձեռնարկվեր հենց Ս. Ղազարի վանքում, քանի որ անկարելի է տալ Մխիթարյանների լիարժեք պատմությունը` ձեռքի տակ չունենալով միաբանության դիվանը: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Մխիթարյանները, ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ փաստերը, համապարփակ ու անաչառ շարադրեն իրենց միաբանության պատմության և դրական, և բացասական կողմերը:
Այսպիսով, իր արժեքավոր աշխատության մեջ Ա.Երիցյանը փորձում է մոտո ծանոթացնել հայ ընթերցողին Վենետիկի Մխիթարյան միաբանության անցած ուղուն, մի հաստատություն, որի դերը մեծ է եղել հայ ժողովրդի համար՝ գիտության և մշակույթի զարգացման գործում[6]:
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիցյանը վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, մեծ բազմության ներկայութեան, ընդ որում՝ բազմաթիւ օտար յուղարկաւորողներ, վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը։ Պատարագի ժամանակ եկած է Մկրտիչ Ա. Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը), որ բանախոսելով հանգուցյալի հիշատակին՝ մատնանիշ արել է հայ գրագետների անապահով նիւթական դրությունը։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը՝ Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, 1877։
- Ներսէս եպիսկոպոսը Դանիէլ կաթողիկոսի ժամանակ, 1877։
- Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении / А. Ерицова., Тифлис, Тип. Гл. упр. наместника кавказ., 1881.
- Վենետիկի Մխիթարեանք, 1883։
- Գրիգոր Արծրունու և նրա քսան հինգ տարւայ գրական գործունէութեան առթիւ (1865-1890), աշխատասիրեց՝ Ա. Երիցեանց, 1841-1902, Տփխիս, Արօր, 1890։
- Սխալ հաշիւ։ Կօմեդիա չորս գործողութիւնով, Աղ. Երիցեան, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1894։
- Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում, 1895։
- Патриарх всех армян Нерсес V-й и князь Михаил Семенович и княгиня Елизавета Ксавериевна Воронцовы, в их частной переписке: [С приложением и с фото-типиями: 1) патриарха Нерсеса, 2) кн. М. С. Воронцова и 3) Е. К. Воронцовой] / А. Д. Ерицов. Тифлис: Скоропеч. М. Мартиросянца, 1898.
- Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի, 1898։
- Пребывание Императора Николая I в Эчмиадзине и в Тифлисе по данным армянского археолога / М. Я. Алавердянц, Երիցյան Ալեքսանդր Դավթի, С.-Петербург, Тип. Т-ва п. ф. "Электро-Тип. Н. Я. Стойковой", 1909:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Մայիլյան, Ալեքսանդր Երիցյանը հայ տպագրության պատմության մասին, Հայագիտական հանդես, Երևան, 2006, № 2(4), էջ 95-101։
- Ա.Ֆ.Մայիլյան, Ալեքսանդր Երիցյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության մասին, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2003, № 3, էջ 150-156։
- Համբարյան Ա. Ս., Ալեքսանդր Երիցյան, ՊԲՀ, 1960, № 1:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ерицов Александр Давидович
- 1 2 Համբարյան, Ա. Ս. (1960). Ալեքսանդր Երիցյան. ՊԲՀ. էջեր էջ՝ 186.
- 1 2 3 4 5 Մայիլյան, Ա.Ֆ. (2003). Ալեքսանդր Երիցյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության մասին. Երևան. էջեր էջեր՝ 150-156. ISBN Լրաբեր հասարակական գիտությունների,.
{{cite book}}: Check|isbn=value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Երիցյան» հոդվածին։ |
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1902 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խոջիվանքի գերեզմանատանը թաղվածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ լրագրողներ
- Հայ հնագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայագետներ
