Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Գետաբեկ-Սոգութլու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-թաթարական ընդհարումներ 1905-1906թթ. Գետաբեկ-Սոգութլու
Թվական Նոյեմբերի 17 19051906
Վայր Ցարական Ռուսաստան, Ելիզավետպոլի նահանգ,
Գետաբեկ-Սոգութլու
Պատճառ Հայերի բնաջնջում և թալան
Արդյունք Գետաբեկ գյուղի հայերի ջարդեր և տեղահանություն,
Սոգութլու գյուղի արական սեռի թուրքերի ջարդեր և կանանց ու երեխաների փախուստ
Հակառակորդներ
Հայեր Թուրքեր
Հրամանատարներ
Փիփեցի Թավաքալյան Համբարձում
բանանցեցի Մակիչ
Ոստիկանապետի պաշտոնակատար Ալիև,
Միսկինլի գյուղի տանուտեր Մահմեդ
Ռազմական կորուստներ
Գետաբեկի հայ բնակչության մի մասի կոտորած, հայերի ունեցվածքի թալան և ոչնչացում Սոգութլու գյուղի արական սեռի ներկայացուցիչների ոչնչացում, Սոգութլուի կորուստ

Հայ-թաթարական ընդհարումներ 1905-1906թթ. Գետաբեկ-Սոգութլու, հայ-թաթարական (թուրքական) զինված հակամարտություն Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Գետաբեկ-Սոգութլու բնակավայրերի տարածքում, որը տեղի է ունեցել 1905-1906 թվականներին։ Այն ուղեկցվել է խաղաղ բնակչության ջարդերով և ունեցվածքի թալանով։ Հանդիսանում է 1905 թվականին Բաքվի‎, Երևանի‎, Թիֆլիսի‎, Ելիզավետպոլի նահանգներում‎ սկսված հայ-թաթարական ընդհարումների մաս[1]:

Գետաբեկի ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկը Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ այն գյուղերից մեկն էր, որն ամբողջությամբ թալանվել, ավերվել ու հրկիզվել էր մերձակա գյուղերի թուրք բնակչության կողմից: Ընդհարումները սկսվում են 1905 թվականի նոյեմբերի 17-ին, երբ թուրքաբնակ Փարաքենդ գյուղի բնակիչները հրդեհում են գետաբեկի բնակիչ անտառապահ Աբբաս Հաջիևի 60 սայլ խոտը՝ տեղի հայերի վրա հարձակվելու պատրվակ ստեղծելու համար: Մի քանի օր անց Ֆրեզևկա ռուսական գյուղի քահանան հայտնում է Սլավյանկայում գտնվող նորանշանակ պրիստավ (ոստիկանապետ) Ալ. Ի. Շեպիլլոյին, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել Գետաբեկի վրա: Նոյեմբերի 22-ին Սոգութլու, Միսկինլի և այլ գյուղերի թուրքերը շրջապատում են Գետաբեկը ու հանքերի շուկան: Այդ ժամանակ արդեն հայերի խանութները փակված էին, իսկ ժողովուրդը՝ հավաքված եկեղեցու մոտ: Շուկայի մոտ թուրքերի թվաքանակը կազմում էր շուրջ 500 հոգի[1][2]:

Գյուղի փոքրաթիվ երիտասարդությունը ինքնապաշտպանության նպատակով դիրքեր է զբաղեցում շուկայի և գերեզմանատան միջև՝ պաշտպանելով այդ երկու ուղղությունները շուրջ 1 օր: Սակայն թուրքերի թվաքանակը անընդհատ ավելանում էր՝ դժվարացնելով հայերի ինքնապաշտպանությունը: Գերեզմանատանը դիրքավորված հայ երիտասարդները, տեսնելով որ երկու տեղը միաժամանակ այլևս անհնար է պաշտպանել, տեղափոխվում են դեպի գյուղ: Երիտասարդ հայերի հեռանալուց հետո թուրքերը ներխուժում են շուկայի տարածք՝ թալանելով ու ավերելով շրջակայքում գտնվող ամեն ինչ: Ժամ առ ժամ նոր զինյալ ուժեր ստացող թուրքերին, ի վերջո, հաջողվում է կոտրել շրջապատման մեջ հայտնված և որևէ տեղից օգնություն չստացող հայերի պաշտպանությունն ու մտնել գյուղ: Բնակչության մի մասին հաջողվում է փախչել գյուղից ու ոտքով հասնել Չարդախլու: Գյուղում մնացած բոլոր հայերը սպանվում են[1][3]:

Պրիստավ Ալ. Ի. Շեպիլլոյի տվյալներով՝ տներում ողջակիզվում են շուրջ 50 հայեր՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ: Թուրքերն ավերում ու կողոպտում են նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին[Ն 1][1][4][5][6][7][8][9][10]:

Ջարդից փրկված հայերը ճանապարհին էլ ենթարկվում են թուրքերի հարձակումներին: Սարսափելով թուրքերից՝ գետաբեկցի հայերին չեն օգնում Սլավյանկա ռուսական գյուղի բնակիչները, որոնք հրաժարվում են ոտքով դեպի Չարդախլու փախչող գյուղացիներին սայլեր տրամադրել[1][3]:

Ըստ «Արարատ» թերթի հրապարակման՝ Գետաբեկի ողբերգական իրադարձությունների կազմակերպիչներն ու ամենագործուն մասնակիցներն էին պրիստավի պաշտոնակատար Ալիևն ու Միսկինլի գյուղի տանուտեր Մահմեդը[1][9]:

Սոգութլուի ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկի հայերի ջարդերից որոշ ժամանակ անց, երբ գետաբեկցի, բադեցի, չարդախլվեցի հայերը տեսնում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ջարդերի կազմակերպիչներին և մասնակիցներին պատժելու համար, որոշում են վրեժ լուծել գոնե առավել վայրագ թուրքերից: Հայտնի էր, որն Սոգութլու գյուղում էին թուրքերը կենտրոնացրել գետաբակցի հայերից խլված ողջ թալանը[1][3]:

1905 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը հայերի արշավախումբը, մոտենալով Սոգութլու գյուղի մատույցներին, կարևոր դիրքեր է զբաղեցնում: Օժանդակ խմբերը դիրքեր են զբաղեցնում շրջակա ձորերում: 1906 թվականի հունվարի 1-ի վաղ առավոտյան խմբապետի շեփորի ազդանշանից հետո հարյուրավոր կամավորներ հարձակվում և շրջապատում են թուրքբնակ Սոգութլու գյուղը: Թուրքերը դիմում են ինքնապաշտպանության: Հայկական արշավախմբի խմբապետը առաջ է նետվում և մտնում գյուղ: Վերջինիս հետևից գյուղ են մտնում ղազախեցի Բեգլարը, բանանցեցի Մակիչը, փիփեցի Թավաքալյան Համբարձումը, ախալքալաքցի Պետրոսը, վանեցի ղասաբ Գրիգորը, վանեցի Կարապետ Մելքոնյանը, մշեցի Վարդանը՝ յուրաքանչյուրն իրենց զորախմբերով: Մեկ ժամվա ընթացքում Սոգութլուն հայտնվում է հայերի վերահսկողության ներքո: Թուրքերը, թողնելով իրենց բոլոր իրերը, ընտանի կենդանիները, փախչում են գյուղից: Գյուղի գրավման գործողության ընթացքում սպանվում են Սոգութլուի գրեթե բոլոր արական սեռի չափահաս ներկայացուցիչները: Կանայք, ծերերն ու երեխաները չեն սպանվում: Երեք ժամից հետո Սոգութլուն և հարակից տարածքները ամբողջությամբ հայերի հսկողության ներքո են հայտնվում[1][11][12]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալ. Շեպիլլոն հեղինակել է երկու կարևոր փաստաթուղթ. մեկը 1905 թվականի դեկտեմբերի 7-ին Գանձակի գեներալ-նահանգապետին ուղղված զեկուցագիրն է, 2-րդը “Тифлисский Листок” թերթի խմբագրությանը ուղարկված նամակը (Զեկուցագիրը տպագրվել է «Մշակ» թերթի 1906 թվականի հունվարի 22-ի համարում, իսկ նամակը՝ ”Тифлисский Листок”-ի 1906 թվականի մայիսի 28-ի համարում (թարգմանաբար արտատպվել է՝ «Մշակի» 1906 թվականի մայիսի 30-ի համարում): Երկու փաստաթղթերն էլ վերահրատարակել է Քաջբերունին 1910 թվականին. (տե՛ս նրա՝ «Բադա գյուղի աւերումը» հոդվածաշարը. «Արարատ», 1910, յունիս, էջ 528-532, յուլիս, էջ 651-654): Ի դեպ, Ալ. Շեպիլլոն պրիստավ էր նշանակվել ջարդի նախօրեին՝ նոյեմբերի 14-ին և երեք օր անց արդեն Գետաբեկում էր: Սակայն պրիստավի պաշտոնակատար Ալիևի գործադրած գործողությունների պատճառով չի կարողանում անցնել անմիջական պարտականությունների կատարմանը և, թեև փորձում է վերահսկել իրավիճակը, սակայն ի վիճակի չի լինում ազդել դեպքերի հետագա զարգացման վրա: Գետաբեկի կողոպուտի ու ավերման մասին է նաև պղնձաձուլական գործարանի կառավարիչ, հանքային ինժեներ ու դեպքերի ականատես Ադոլֆ Էրնի վկայությունը («Մշակ», 1906, N 59, փետրվարի 3, էջ 2: Նաև՝ N 69, մարտի 17, էջ 3):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ: Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
  2. «Նոր-Դար», 1889, N 174, էջ 3:
  3. 3,0 3,1 3,2 Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում, Երևան, 1907, էջ 349-350:
  4. «Մշակ», 1906 թ. հունվարի 22:
  5. ”Тифлисский Листок”, 1906 թվականի մայիսի 28:
  6. «Բադա գյուղի աւերումը» հոդվածաշարը. «Արարատ», 1910, յունիս, էջ 528-532, յուլիս, էջ 651-654:
  7. «Մշակ», 1906, N 59, փետրվարի 3, էջ 2:
  8. «Մշակ», 1906, N 69, մարտի 17, էջ 3:
  9. 9,0 9,1 «Արարատ», 1910, յունիս, էջ 531:
  10. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278:
  11. Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992, էջ 352-353:
  12. «Մշակ», 1906, N 24: