Արյունոտ կիրակի (1905)
Արյունոտ կիրակի | |
---|---|
![]() | |
Սպանության ձև | Գործադուլ և զանգվածային կրակոցներ |
Երկիր | ![]() |
Մասն է | Ռուսական հեղափոխություն (1905) |
Ամսաթիվ | հունվարի 9 (22), 1905 |
«Արյունոտ կիրակի» (1905 թվականի հունվարի 9-ը), ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգի բանվորների (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գեորգի Գապոնի գլխավորությամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունքները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։
Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՛ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Արյունոտ կիրակի»-ի լուրը գործադուլային ալիք բարձրացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդում։ Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկիզբը (Ռուսական հեղափոխություն (1905-1907))։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։ ![]() |