Աբովյանի անվան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբովյանի անվան դպրոց, հիմնադրվել է Երևանում, 1832 թ.-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868 թ.-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881 թ.-ին՝ գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական)։ 1843–1848 թթ.-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։ Նրա տեսչության երկրորդ տարում աշակերտների թիվը 90-ից հասնում է 190-ի։ Մեծամասնությունը հայեր էին, կային նաև ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ։

Դասավանդումը ռուսերեն էր։ Գլխավոր առարկաներն էին՝ թվաբանություն, ռուսաց լեզու, կրոն, հայերի համար՝ հայոց լեզու, ադրբեջանցիների համար՝ ադրբեջաներեն։ Պրոգիմնազիայում ավելանում են լատիներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, վայելչագրություն, գիմնազիայում՝ հունարեն, ֆիզիկա և այլն։ Գիմնազիան (արական դասական գիմնազիա) լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոց էր։ Ուներ գիշերօթիկ, գրադարան, արհեստանոց։ 1920 թ.-ի դեկտեմբերին գիմնազիայի հիման վրա ստեղծվում է երկրորդ աստիճանի № 2 դպրոցը, որը 1925 թ.-ից կրում է Աբովյանի անունը։

1973 թ.-ին Աբովյանի անվան դպրոցն ուներ 24 դասարան՝ 711 աշակերտով, 46 ուսուցիչ-ուսուցչուհիներով։ Տարբեր ժամանակներում դպրոցում դասավանդել են Հովհաննես Հովհաննիսյանը, Վրթանես Փափազյանը, Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Վահան Թոթովենցը, Ս. Հակոբյանը, Ա. Շավարշյանը, Ս. Մելիքյանը, Ս. Դեմուրյանը, Ս. Առաբելյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png