Կարապետյան դպրոց
Կարապետյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1830 |
Հիմնադրիր | Կարապետ Բագրատունի |
Աշակերտներ | 240 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Ախալցխա |
Կարապետյան դպրոց, հիմնվել է 1830 թվականին, Ախալցխայում, Կարապետ Բագրատունու նախաձեռնությամբ և միջոցներով։ Արական հոգևոր դպրոց էր։ Պահվում էր հիմնադրի կտակած միջոցներով, եկեղեցու հասույթներով և մասնավոր նվիրատվություններով։ Շենքի հարմարություններով և նյութական պայմաններով Հարավային Կովկասի ապահովված հայկական դպրոցներից էր։ 1846 թվականին ուներ մեկ նախապատրաստական և երեք հիմնական դասարաններ։ 1877 թվականին միջնակարգ դպրոց էր (10 ուսուցիչ, 193 աշակերտ)։ 1885 թվականին փակվել է, վերաբացվել մեկ տարի հետո՝ որպես երկդասյա երկսեռ ծխական դպրոց։ 1888-1889 ուսումնական տարում ունեցել է 328 աշակերտ։
Ավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, ռուսաց պատմություն, Ռուսաստանի աշխարհագրություն, բնագիտություն, թվաբանություն, գեղագրություն, գծագրություն (նկարչություն), երգեցողություն, ձայնագրություն։
1896 թվականին նորից է փակվել և վերաբացվել 1905 թվականին։ 1907-1908 թվականների ուսումնական տարում ունեցել է 382, 1908-1909 թվականներին՝ 317 աշակերտ։ 1911-1920 թվականներին գործել է որպես 5-ամյա դպրոց։ 1914 թվականին աշակերտների թիվը իջել է 240-ի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 309)։ |