Ռուսաստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Ռուսաստանի պատմություն, Ռուսաստանի պատմության ներկայացումն է հնագույն ժամանակներից սկսած։ Վիքիպեդիայում կան նաև առանձին հոդվածներ Հին Ռուսիայի (882 թվականից մինչև թաթար-մոնղոլական արշավանքները), ԽՍՀՄ (1922-1991) և Ռուսաստանի Դաշնության (սկսած 1991 թվականից) վերաբերյալ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան տերմինը ծագում է արևելյան սլավոններից ամենահայտնի ժողովրդի՝ ռուսների անունից։ Որպես պետական-պաշտոնական անուն սկսել է կիրառվել ավելի ուշ։ Կա վարկած, ըստ որի Կիևյան Ռուսիա անվանումը գալիս է սկանդինավյան ժողովուրդներից՝ շվեդների ցեղախմբերից մեկի՝ ռուս կոչվող մարդկանց անունից և ոչ թե տարածաշրջանի բնիկ ռուս ժողովրդի[1]։ Այս բացատրությունը պատաճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանում իշխած առաջին արքայատոհմը՝ Ռյուրիկովիչների դինաստիան, ուներ շվեդական ծագում։

«Ռոսսիա» (հունարեն՝ Ρωσία) տերմինը որպես Ռուսաստանի հունական անվանում, առաջին անգամ հանդիպում է 10-րդ դարում՝ բյուզանդական կայսր Կոստանդին VII Ծիրանածինի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում[2]։ Իսկ ավելի ուշ «Ռոսսիա» (հին ռուսական տարեգրության մեջ Россія կամ Россіа) տերմինով ամրագրվում է Հյուսիսարևելյան Ռուսիան, այսինքն՝ արևելասլավոնական տարածքները, որոնք չեն մտել միջնադարյան Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ, և միացվել են Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումն օգտագործվում էր մինչև Իվան III իշխանի օրոք (1462 - 1505), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել Իվան IV Ահեղ-ի (1533 - 1584) թագադրոումից՝ 1547 թվականից[3] սկսած։ Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում լատինականացված հունական անվան[4]՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուսենիա։

Ռուսաստանը հանրապետություն է հռչակվել 1917 թվականի սեպտեմբերի 1-ին, թեև փաստացի հանրապետություն է դարձել 1917 թվականի մարտի 3-ին՝ Փետրվարյան հեղափոխության արդյունքում։ 1918 թվականի հունվարի 10-ից անվանվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։

1990 թվականի հունիսի 12-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական պատգամավորների I համագումարում ընդունվել է ՌԴ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։ 1991 թվականի դեկտեմբերի 7-8-ին Բելովեժյան թավուտում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը, որտեղ հայտարարվեց ԽՍՀՄ լուծարման և ԱՊՀ ձևավորման մասին։ Դրանից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, ՌԽՖՍՀ պաշտոնապես վերանվանվեց ՌԴ[5]։ Այդ անվանումը հաստատվեց 1993 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ ուժի մեջ մտավ ՌԴ նոր Սահմանադրությունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են Հյուսիսային Կովկասում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են Անդրկովկասից։ Մ․ թ․ 3-րդ դարում Արևելաեվրոպական հարթավայր են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ գոթերը, 4-րդ դարում՝ հոները, 6-րդ դարի կեսին Արևելաեվրոպական տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ ավարների գլխավորությամբ։ 7-րդ դարում Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելքում առաջացել է Խազարական խաքանությունը, 10-րդ դարում Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա-Վուգյան պետական միավորումը։ Հին սլավոնները ձևավորվել են Արևելյան Եվրոպայի տարածքում։ Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին արևելյան սլավոնների շրջանում առաջատար դիրք են գրավել երկրագործական բարձր մակարդակի հասած միջին մերձդնեպրյան ցեղերը։ Չնայած Արևելյան Եվրոպայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի տարածքում ստրկությունը հայտնի է եղել հնադարյան ժամանակներից, սակայն այն չի դարձել նոր դասակարգային հասարակարգի հիմք։

Ֆեոդալական հարաբերությունների զարգացման բարդ և երկարատև ընթացքը 8-9-րդ դարերի սահմանագծին արդեն հանգեցրել է վաղ ֆեոդալական Հին Ռուսական պետության ստեղծմանը՝ Կիև կենտրոնով։ 988— 989 թվականներին ընդունվել է քրիստոնեություն, որը նպաստել է պետական իշխանության ամրապնդմանը։ Կիևյան Ռուսիան դարձել է հին ռուսական ժողովրդի ձևավորման կենտրոն՝ ռուս, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների ընդհանուր պատմական հայրենիքը։

Հին Ռուսիան 1015-1113 թվականներին

12-րդ դարում Հին Ռուսական պետությունը տրոհվել է․ առանձնացել են Վլադիմիր֊ Սուղդալյան իշխանությունը (Վլադիմիր մայրաքաղաքով), Դալիցիա-Վոլինյան իշխանությունը, Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունը, Ռյազանի իշխանությունը և այլն։ 1236 թվականին սկսվել է թաթար-մոնղոլների արշավանքը Արևելյան Եվրոպա։ Նրանք ավերեցին Կամա-Վոլգյան Բուլղարիան, 1237 թվականին՝ Ռյազանի իշխանությունը, 1237—1238 թվականին՝ Օկայի և Վոլգայի միջագետքը, որտեղ ձևավորվում էր Մոսկվայի իշխանությունը, կոտորեցին և գերեվարեցին բազում մարդկանց։ Ռուսների հերոսական դիմադրությունից թուլացած և նվազած թաթար-մոնղոլները չկարողացան առաջ անցնել Գերմանիայի ու Չեխիայի սահմանից։ Գրեթե նույն ժամանակ Ռուսիան հարձակման ենթարկվեց արևմուտքից․ 1240 թվականին ներխուժեցին շվեդական զավթիչները, 1242 թվականին՝ գերմանացի ասպետները, որոնց ջախջախեցին ռուսական դրուժինաները Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ։

13-րդ դարի կեսին ռուսական հողերում հաստատված մոնղոլ-թաթարական լուծը քայքայեց երկրի տնտեսությունը և կասեցրեց սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը։ Շարունակվում էր Ռուսիայի ֆեոդալական մասնատումը, հին անկախ իշխանությունների (Ռոստովի, Տվերի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և այլնի) ներսում առաջանում էին նոր ուդելային իշխանություններ։

Ռուսական թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում կազմավորվեց Մոսկվայի մեծ իշխանությունը՝ Մոսկվա մայրաքաղաքով, որը գլխավորեց ռուսական հողերի զինված պայքարը մոնղոլ-֊թաթարական լծի դեմ և աստիճանաբար դարձավ ռուսական հողերի միավորման կենտրոն։ Վճռական ճակատամարտում (Կուլիկովյան ճակատամարտ (1380)) միացյալ ռուսական զորքերը Վլադիմիրի և Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի գլխավորությամբ պարտության մատնեցին մոնղոլ-թաթարներին, որից հետո ավելի ամրապնդվեց Մոսկվայի ղեկավար դերը ռուսական հողերի պետական միավորման գործում։

15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին Մոսկվայի մեծ իշխանությունը հիմնականում ավարտեց ռուսական հողերի միավորումը․ 1478 թվականին միացավ Նովգորոդը, 1485 թվականին՝ Տվերը, 1510 թվականին՝ Պսկովը, 1514 թվականին՝ Սմոլենսկը, 1521 թվականին՝ Ռյազանը։ 1480 թվականին թոթափվեց մոնղոլ-թաթարական լուծը։ Ռուս ժողովուրդը կազմավորվեց վյասփչների, կրիվիչների, սլովենների և սևերյանների ցեղերի հնում բնակված տարածքում։ Նրա կազմավորմանը մասնակցեցին նաև ոչ սլավոն, աստիճանաբար ռուսացած այլ ցեղեր, պետության կազմի մեջ մտան Հյուսիսի և Պովոլժիեի շատ ժողովուրդներ, հետագայում ռուսական պետության բազմազգ բնույթն ավելի խորացավ։ Ռուսական պետությունում զարգանում էր պետական իշխանության և կառավարման կենտրոնացումը։ Պետության ամբողջ տարածքում շարունակվում էր դեռևս Մոսկվայի մեծ իշխանությունում սկսված ճորտատիրական հարաբերությունների ձևավորումը։ Խոշոր ֆեոդալները ձգտում էին պահպանել իրենց անկախությունը պետության մեջ և ընդդիմանում էին քաղաքական կարգի կենտրոնացմանը։

Ներքաղաքական պայքարն առավել սրվեց 16-րդ դարի կեսին՝ առաջին ռուսական ցար Իվան IV Վասիլևիչ Ահեղի օրոք, որն իր թագավորության սկզբին ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ պետական իշխանության կենտրոնացման, ազնվականության դիրքերի ամրապնդման նպատակով։ Լուծվեց նաև արտաքին քաղաքական կարևոր հարցերից մեկը՝ վերացվեցին Կսպանի և Աստրախանի թաթարական խանությունները, սկսվեց առաջընթաց դեպի Անդրուրալ և Արևմտյան Սիբիր։ Բալթիկ ծով դուրս գալու համար պատերազմը էլ ավելի սրեց պայքարը իշխանական-բոյարական ընդդիմության և պետական իշխանության միջև։ Օպրիչնինայի միջոցով իշխանությունն ամրապնդելու ցարական իշխանության փորձը մեծ դժգոհություններ առաջացրեց հասարակության տարբեր խավերի շրջանում, երկրի զգալի մասը ամայացավ, բնակիչները հեռացան ծայրամասերը։ Ճորտատիրական ճնշման ուժեղացմանը ժողովրդական զանգվածները պատասխանեցին 17-րդ դարի սկզբի առաջին գյուղացիական պատերազմով՝ Ի․ Բոլոտնիկովի գլխավորությամբ։ Երկրի ներքին բարդ իրավիճակից օգտվեցին 1604 թվականին Ռուսաստան ներխուժած լեհ և շվեդ ֆեոդալները։ Լեհերը գրավեցին Մոսկվան։ Եվ միայն Կ․ Մինինի ու Դ․ Պոժարսկու գլխավորած ժողովրդական աշխարհազորը 1612 թվականին ազատագրեց Մոսկվան։ Սակայն երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան որոշ տարածքներ մնացին Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի տիրապետության տակ։

Ռուսաստանի տարածքային աճը 1547-1725 թվականներին

1613 թվականին Ռուսաստանում հաստատվեց Ռոմանովների դինաստիայի իշխանությունը։ 1654 թվականին Ուկրաինան վերամիավորվեց Ռուսաստանի հետ։ 17-րդ դարից Ռուսաստանը թևակոխեց իր պատմության նոր շրջանը, որը բնութագրվում է բուրժուական հարաբերությունների և ազգային կապերի աստիճանական ձևավորմամբ։ Տեղի էր ունենում քաղաքային արհեստների զանգվածային անցումը մանրապրանքային արտադրության, սկսեց զարգանալ ազնվականական ձեռնարկատիրությունը, երևան եկան պետական մանուֆակտուրաներ, որոնք զենք և մետաղ էին արտադրում պետական կարիքների համար, աճում էր ներքին և արտաքին առևտուրը, ձևավորվում էր համառուսաստանյան շուկան։ Առևտրական կապերի խոշոր կենտրոն դարձավ մայրաքաղաք Մոսկվան։ Ազնվականության հզորացումը նպաստեց ֆեոդալ կալվածատերերի հողային սեփականության ամրապնդմանը և ճորտատիրության հետագա զարգացմանը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացումը 17-րդ դարի կեսին առաջացրեց քաղաքային ապստամբություններ (1648, 1662 թվականների Մոսկվայի, 1650 թվականի Նովգորոդի ապստամբություններ), գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670—1677 թվականներին, 17-րդ դարի վերջի ստրելեցյան ապստամբությունները։

Ընդլայնվեց ժողովրդական զանգվածների վերաբնակեցումը պետության հարավային և արևելյան շրջաններ, ակտիվորեն յուրացվում էր Սիբիրը։ Ռուս երկրագնացները հասան մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը։ Ռուսական պետության մեջ մտան յակուտները, բուրյաթները, խակասները, ալթայցիները, արևմտասիբիրական թաթարները և այլք։ Ազնվականության ուժեղացումը և բոյարության դիրքերի թուլացումը, ապրանքադրամային հարաբերությունների զարգացումը և ֆեոդալական պետության տնտեսական դիրքերի ամրապնդումը պայմանավորեցին անցումը միապետության։

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի վերջին Ռուսաստանում նախադրյալներ էին հասունացել տնտեսության, պետական կարգի և մշակույթի բնագավառներում վերափոխումներ կատարելու համար։ Այդ վերափոխումները իրականացրեց Պետրոս I Մեծի (1682—1725) կառավարությունը։ Հյուսիսային պատերազմի ընթացքում (1700—1721) ստեղծվեցին մշտական բանակ և ռազմածովային նավատորմ։ 1709 թվականին հաղթական մարտեր մղվեցին շվեդական զորքերի դեմ Պոլտավայում և այլուր, ելք նվաճվեց դեպի Բալթիկ ծով, Նևայի վրա կառուցվեց նոր մայրաքաղաք Պետերբուրգը։ 18-րդ դարի 1-ին քառորդում անցկացվեց տեղական և կենտրոնական պետական ապարատի վերակառուցում (վերացվեցին բոյարական դուման և պրիկազները, ստեղծվեցին Սենատ և կոլեգիաներ, երկիրը բաժանվեց նահանգների, հաստատվեց զինվորական և քաղաքացիական ծառայությունների կարգը և այլն)։

1721 թվականին Ռուսաստանը հռչակվեց կայսրություն։ Զգալիորեն զարգացավ արդյունաբերությունը (18-րդ դարի 1-ին քառորդում ավելի քան 200 մանուֆակտուրա, 17-րդ դարում ընդամենը՝ 30)։ Հատկապես արագորեն էր աճում ուրալի լեռնահանքային արդյունաբերությունը։ Աշխուժացավ առևտուրը։

Բարեփոխումներից հիմնականում շահեց ազնվականությունը, որը տիրապետող դիրք ձեռք բերեց պետական կառավարման ամբողջ համակարգում։ Եկեղեցին ենթարկվեց պետությանը (վերացավ պատրիարքությունը, և ստեղծվեց հոգևոր կոլեգիա՝ Սինոդ)։ Մեծ փոփոխություններ կատարվեցին մշակույթի բնագավառում, ստեղծվեցին աշխարհիկ դպրոցներ, ընդլայնվեցին կապերը արևմտաեվրոպական մշակույթի հետ, զարգացավ գրատպությունը, մտցվեց նոր տոմար (1700 թվականից)։

Բարեփոխումներն ու ռազմական նվաճումները, որոնք Ռուսաստանը դարձրին համաշխարհային տերություն, իրագործվում էին ճորտատիրական մեթոդներով, ժողովրդական զանգվածների ֆեոդալական շահագործման ուժեղացումով, որի հետևանքը եղան ժողովրդական ելույթները (1705—1706 թվականների Աստրախանի, 1707—1709 թվականների՝ Բուլավինի ապստամբությունները և այլն), որոնք կառավարությունը դաժանորեն ճնշեց։

Պետրոս I Մեծի մահից հետո ազնվականական խմբավորումների միջև պայքար բորբոքվեց իշխանության համար, որը 18-րդ դարի 2-րդ քառորդում հանգեցրեց մի շարք պալատական հեղաշրջումների։ 18-րդ դարի 2-րդ կեսին Ռուսաստանում արդեն պարզորոշ նշմարվում էին կապիտալիստական զարգացման տարրեր, որոնք արտահայտվում էին ապրանքադրամային հարաբերությունների ծավալմամբ, ազատ վարձու աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների տարածումով։ Կենտրոնական սևահողային նահանգները, որտեղ կոռային աշխատանք էր կատարում կալվածատիրական գյուղացիների 3/4-ը, ավելի ու ավելի մեծ քանակությամբ հացահատիկ էին արտադրում ներքին և արտաքին շուկայի համար։ Կենտրոնական ոչ սևահողային նահանգներում զարգանում էր գյուղացիական արդյունագործությունը։

Եկատերինա II կայսրուհու (1762—1796) կառավարությունը ամրապնդում էր ազնվականական հողատիրությունը պետական հողերի բաշխման միջոցով։ Գյուղացիների դժգոհությունն ու անհնազանդությունը շուտով վերաճեց Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ գյուղացիական պատերազմի Ե․ Պուգաչովի ղեկավարությամբ (1773—1775), որը կառավարությունը դաժանորեն ճնշեց։

18-րդ դարի 2-րդ կեսին ռուսական առաջավոր մտավորականությունը ավելի ու ավելի վճռականորեն հանդես եկավ ճորտատիրության բոլոր դրսևորումների դեմ։ 18-րդ դարի վերջին ռուս առաջին հեղափոխական-հանրապետական Ա․ Ն․ Ռադիշչևը, որպես ճորտատիրության վերացման անհրաժեշտ պայման, առաջ քաշեց հեղափոխությամբ ինքնակալության տապալման պահանջը։ Արտաքին քաղաքական ասպարեզում ցարական կառավարությունը շարունակում էր պայքարը հարավային սահմանների անվտանգության համար՝ հաշվի առնելով նաև ազնվականության ձգտումները հարավի բարեբեր հողերի նկատմամբ և վաճառականության շահերը՝ Սև ծովի վրայով առևտրային ուղիներ ապահովելու համար։

Թուրքիայի դեմ տարած հաղթանակների շնորհիվ վերացավ Ղրիմի խանությունը (1783), Սև ծովի հյուսիսային ափն անցավ Ռուսաստանին, սահման դարձավ Դնեստր գետը։ 18-րդ դարի վերջի ռուս-թուրքական պատերազմներում ի հայտ եկավ Պ․ Ռումյանցե ֊Զադունայսկիի, Ա․ Սուվորովի և Ֆ․ Ուշակովի զորավարական և նավաաորմավարական տաղանդը։ Ամրապնդվեց Ռուսաստանի միջազգային դիրքը։ 18-րդ դարի 70—90-ական թվականներին ռուսական կառավարությունը Ավստրիայի և Պրուսիայի հետ իրականացրեց Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումները։ Ռուսաստանին միացան Աջափնյա Ուկրաինան և ամբողջ Բելառուսիան։

17-18-րդ դարերի հայ ազգային-ազատագրական շարժումը կողմնորոշվեց դեպի Ռուսաստան։ Պատերազմների և դիվանագիտության հետևանքով Ռուսական կայսրության կազմի մեջ մտան 1801 թվականին՝ Արևելյան Վրաստանը և հայկական հողերի մի մասը, 1809 թվականին՝ Ֆինլանդիան (որոշ ինքնավարությամբ), 1812 թվականին՝ Արևմտյան Վրաստանի մի մասը և Բեսարաբիան։

1805, 1806—1807 թվականներին Ռուսաստանը մասնակցեց նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ կոալիցիոն պատերազմներին, որոնք Ռուսաստանի համար վերջացան 1807 թվականի Տիլզիտի հաշտությամբ։

Բորոդինոյի ճակատամարտ (Լույիս Լեժունի նկարը, 1822)

1812 թվականին նապոլեոնյան զորքերը ներխուժեցին Ռուսաստան, սկսվեց Հայրենական պատերազմը։ 1812 թվականի օգոստոսի 26 (սեպտեմբերի 7)-ին Բորոդինոյի մոտ վճռական ճակատամարտում ֆրանսիական բանակը մեծ կորուստներ կրեց և չկարողացավ ճեղքել ռուսական բանակի պաշտպանությունը։ Բանակը պահպանելու և ժամանակ շահելու նպատակով գլխավոր զորահրամանատար Միխայիլ Կուտուզովը շարունակեց նահանջը և թողեց Մոսկվան։ Ռուսական բանակի հմուտ գործողությունների և զավթիչների դեմ ժողովրդական պատերազմի շնորհիվ, ֆրանսիական բանակը շուտով դիմեց փախուստի և գլխովին ջախջախվեց։

1813—1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ ազատագրվեցին Եվրոպայի շատ ժողովուրդներ, բայց Նապոլեոնի դեմ հաղթանակից օգտվեցին եվրոպական երկրների ուժերը։ 1814—1815 թվականների Վիեննայի կոնգրեսից հետո ձևավորվեց հակահեղափոխական Սրբազան դաշինքը ցարական Ռուսաստանի գլխավորությամբ։ Ռուսական կայսրությանը միացավ Լեհական թագավորությունը։ Պատերազմից հետո առաջավոր ազնվականության զինվորական երիտասարդության շրջանում առաջացան խմբակներ, որոնց նպատակն էր երկիրն ազատագրել ինքնակալական, ճորտատիրական լծից։ 1825 թվականիի դեկտեմբերի 14-ին դեկաբրիստների ապստամբությունը սկիզբ դրեց Ռուսաստանում հեղափոխական-ազատագրական շարժման ազնվականական էտապին։ Ապստամբությունը, չնայած ճնշվեց, բայց նշանակալի ազդեցություն գործեց ռուսական ազատագրական շարժման զարգացման վրա։

19-րդ դարի 1-ին կեսը Ռուսաստանի պատմության մեջ բնութագրվում է ֆեոդալ-ճորտատիրական կարգի ճգնաժամով։ ճորտատիրական իրավունքը խանգարում էր ազատ բանվորական ուժի շուկայի ստեղծմանը, սահմանափակում էր ներքին առևտուրը, խոչընդոտում կապիտալիզմի զարգացումը (ճորտական աշխատանքի վրա հիմնված Ուրալի հանքային-գործարանային արդյունաբերությունը կանգ էր առնում)։ Այդուհանդերձ Ռուսական կայսրության արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր թիվը 1800 թվականիցից մինչև 1850 թվականն ավելացել էր 1200-ից մինչև 2800, իսկ բանվորների թիվը 225 հազարից հասել էր 860 հազարի։

19-րդ դարի 2-րդ քառորդում Ռուսաստանում սկսվեց արդյունաբերական հեղաշրջում։ Ընդլայնվեցին առևտրական գործարքներն ու շրջանառությունը խոշորագույն տոնավաճառներում։ Աճեցին քաղաքները, որոնց բնակչությունը 1851 թվականին կազմում էր երկրի ամբողջ բնակչության մոտ 8%-֊ը։ 19-րդ դարի 40—50-ական թվականներին տասնյակ շոգենավեր էին լողում Վոլգայով և Դնեպրով։ 1837 թվականին բացվեց առաջին երկաթուղին՝ Պետերբուրգից Ցարսկոյե սելո, իսկ 1851 թվականին՝ այն ժամանակվա աշխարհում ամենաերկար երկաթուղին՝ Պետերբուրգից Մոսկվա։ Այս տեղաշարժերով հանդերձ ճորտատիրական Ռուսաստանը ետ էր մնում Եվրոպայի առաջավոր երկրներից։

Պարսկաստանի դեմ պատերազմներից հետո՝ 1828 թվականին, Ռուսաստանի կազմի մեջ մտան նաև Արևելյան Հայաստանի մնացած մասերը (Երևանի և Նախիջևանի խանությունները), և կազմվեց (Օրդուբադի գավառի հետ) Հայկական մարզը։

19-րդ դարի կեսերին Ռուսաստանում էլ ավելի սրվեց գյուղացիական հարցը։ Ժողովրդի շահերն արտահայտում էին հեղափոխական-դեմոկրատները, որոնք պաշտպանում էին հեղափոխության միջոցով ճորտատիրական իրավունքի վերացման գաղափարները (Վ․ Բեչինսկի, Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով)։ Արտաքին քաղաքականության բնագավառում ցարիզմի պարտությունները, որոնք պայմանավորված էին ճորտատիրական հարաբերությունների ճգնաժամով, նույնպես նախադրյալ էին ստեղծում ճորտատիրական իրավունքի վերացման համար։

1853—1856 թվականների Ղրիմի պատերազմում չնայած ռուսական զորքերի (Պ․ Նախիմովի, Վ․ Կոռնիլովի և ուրիշների գլխավորությամբ հերոսաբար պաշտպանեցին Սևաստոպոլը) ցուցաբերած արիությանը, Ռուսաստանը պարտվեց, ռուսական բանակի տեխնիկական հետամնացությունը կանխորոշեց Ռուսաստանի պարտությունը, ցարիզմը կանգնեց ճորտատիրության իրավունքի վերացման անհրաժեշտության առաջ։ Երկրում ստեղծվեց հեղափոխական իրադրություն (1859—1861), որն արագացրեց ճորտատիրական իրավունքի վերացումը։

1861 թվականին Ալեքսանդր I-ի կառավարությունն անցկացրեց գյուղացիական ռեֆորմ, որի հետևանքով ամբողջ Ռուսաստանում ազատագրվեց 22,5 միլիոն կալվածատիրական գյուղացի։ Բայց ռեֆորմը պահպանեց կալվածատերերի դասակարգային տիրապետության հիմքը՝ խոշոր հողատիրությունը, ինչպես նաև ճորտատիրության այլ մնացուկներ։ Գյուղացիները ռեֆորմին պատասխանեցին նոր հուզումներով։ Ճորտատիրական իրավունքի վերացումը և նրան հաջորդած բուրժուական ռեֆորմները (զեմստվային (1864), դատական (1864), քաղաքային (1870), ռազմական (1862—1874) և այլն) որոշակի քայլ էին ֆեոդալական միապետությունը բուրժուական միապետության վերածելու ճանապարհին։ Ստեղծվեցին ավելի բարենպաստ պայմաններ արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ կապիտալիստական հարաբերությունների զարգացման համար։

19-րդ դարի 60-ական թվականներին սկսվեց ռուսական ազգային-ազատագրական շարժման բուրժուա-դեմոկրատական շրջանը։ Շարժման գլուխ կանգնեցին հեղափոխական-դեմոկրատներ Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Դոբրոչյուբովը։ 1870-ական թվականների սկզբին նկատվեց հեղափոխական շարժման նոր վերելք։ Ինքնակալության դեմ պայքարը գլխավորեցին հեղափոխական նարոդնիկները։ Առաջացան նաև առաջին բանվորական կազմակերպությունները՝ «Բանվորների հարավռուսաստանյան միությունը» (Օդեսա, 1875), «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (Պետերբուրգ, 18781881 թվականի մարտի 1-ին նարոդնիկները սպանեցին Ալեքսանդր II-ին։

Ալեքսանդր III-ի (1881—1894) կառավարությունը, ձգտելով ամրապնդել ինքնակալությունը և ազնվական կալվածատերերի տիրապետությունը, սկսեց վերանայել անցկացրած ռեֆորմները։ 19-րդ դարի 80-ական թվականներին ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ 1860 թվականից մինչև 1900 թվականը Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքն ավելացավ ավելի քան 7 անգամ։ Ներքին ապրանքաշրջանառության ընդլայնմանը և համաշխարհային շուկայի հետ Ռուսաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը նպաստեց երկաթուղաշինությունը։ Երկաթուղիների երկարությունը 1865 թվականի՝ 38000 կիլոմետրից 1895 թվականին հասավ 37000 կիլոմետրի։ Ձևավորվեց երկու նոր դասակարգ՝ բուրժուազիան և պրոլետարիատը։ 1890 թվականին ամբողջ Ռուսական կայսրությունում արդյունաբերության մեջ և տրանսպորտում բանվորների թիվը կազմեց 1,5 միլիոն։

19-րդ դարի 80-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին ազատագրական շարժման մեջ պայքարի ղեկավար դերն անցավ բանվոր դասակարգին, որի ավանգարդը դարձան Պետերբուրգի և Մոսկվայի բանվորները։ Ռուսաստանում մարքսիզմի տարածման գործում զգալի դեր խաղաց Գ․ Պչեխանովի գլխավորած «Աշխատանքի ազատագրություն» խմբակը (ժնև, 1883)։ 19-րդ դարի 90-ական թվականներին Ռուսաստանում վերելք ապրեց արդյունաբերությունը։ Արագորեն զարգանում էր երկաթուղային շինարարությունը, կառուցվեց ավելի քան 22000 կմ երկաթուղի։ Սև մետալուրգիայի արտադրանքը 1890—1900 թվականներին ավելացավ 320%-֊ով, բամբակի մշակությունը՝ 94% -ով, քարածխի հանույթը աճեց 367,2 միլիոնից (1890) 885,2 միլիոն փութ (1900)։

Ետռեֆորմյան Ռուսաստանում կապիտալիզմի զարգացմանը խանգարող հիմնական հակասությունը ճորտատիրական մնացուկների առկայությունն էր։ 19-րդ դարի վերջին 30 000 կալվածատեր ուներ 70 միլիոն դեսյատին հող, իսկ 10,5 միլիոն գյուղացիական տնտեսություններ՝ 75 միլիոն դեսյատին։ Ճորտատիրական մնացուկները սահմանափակում էին ներքին շուկայի ընդլայնումը և հարկադրում ռուսական կապիտալիզմին շուկա որոնել Ռուսաստանի ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։

19-րդ դարի 60—70-ական թվականներին Ռուսաստանին միացավ Միջին Ասիայի զգալի մասը, ավարտվեց Ռուսաստանի իշխանության ներքո ղազախական հողերի միավորումը, որտեղ պայմաններ ստեղծվեցին ֆեոդալական մասնատվածության վերացման և կապիտալիզմի զարգացման համար։ Ոչ ռուս ժողովուրդները ներգրավվեցին համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 19-րդ դարի 50—60-ական թվականներին պաշտոնապես Ռուսական կայսրության մեջ մտան Պրիամուրիեն և Պրիմորիեն։ 1860 թվականին հիմնադրվեց Վլադիվոստոկը։ 1875 թվականին ռուս-ճապոնական պայմանագրով Սախալին կղզին ամբողջությամբ անցավ Ռուսաստանին, իսկ Կուրիլյան կղզիները զիջվեցին Ճապոնիային։ Ռուս վերաբնակները յուրացրին Նախակովկասի տափաստանները՝ այն վերածելով հողագործության և անասնապահության բերրի շրջանի։ Յուրացվեց նաև Կովկասի սևծովյան ափը, առաջացան նավահանգստային կենտրոններ (Նովոռոսիյսկ, Տուապսե

19-րդ դարում ավարտվեց ռուս բուրժուական ազգի համախմբումը և Ռուսաստանի կազմի մեջ մտնող մի շարք ժողովուրդների ազգային ձևավորումը։ Մեծ նվաճումներ ձեռք բերվեցին գիտության, գրականության, արվեստի բնագավառում։ Ռուս առաջավոր գիտությունը և մշակույթը նպաստեցին Ռուսաստանի մյուս ժողովուրդների մշակույթի զարգացմանը։

Ռուսական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-20-րդ դարերի սահմանագծին Ռուսաստանը, աշխարհի մյուս պետությունների թվում, թևակոխեց կապիտալիզմի բարձրագույն փուլը՝ իմպերիալիզմը։ Հիմնականում չտարբերվելով առավել զարգացած երկրների իմպերիալիզմից, ռուսական իմպերիալիզմը սակայն ուներ մի շարք առանձնահատկություններ, այն կապիտալիզմի նորագույն ձևերի միահյուսումն էր նախամոնոպոլիստական ձևերի հետ (որը տիրապետող էր), իսկ կապիտալիստական հարաբերությունները՝ ճորտատիրության ուժեղ մնացուկների հետ։ Գյուղացիությունը տառապում էր սակավահողությունից, բարձր հարկերից ու վարձավճարներից, մի մասը չուներ ձի, գյուղատնտեսական գործիքներ։ Կապիտալիստների բարձր շահույթների պայմաններում բնակչության ճնշող մասն ապրում էր աղքատության մեջ։ Բանվոր դասակարգը ենթարկվում էր դաժան շահագործման (Եվրոպայում ամենաերկար աշխատանքային օր, ցածր աշխատավարձ, աշխատանքի պահպանության բացակայություն և այլն)։ Կառավարության հովանավորական քաղաքականությունը ռուս բուրժուազիայի նկատմամբ նպաստեց նրա՝ ցարիզմի հետ մերձեցմանը, որի հետևանքով էլ բուրժուազիան դարձավ հակադեմոկրատական և հակահեղափոխական։

20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ժողովրդական հեղափոխության համար հասունացան տնտեսական և սոցիալական նախադրյալներ։ Հեղափոխական շարժման կենտրոնը Արևմտյան Եվրոպայից տեղափոխվեց Ռուսաստան, որը դարձել էր համաշխարհային իմպերիալիզմի հակասությունների հանգուցակետ։ Երկրի հասարակական, տնտեսական զարգացման արմատական պահանջն ինքնակալության վերացումն էր։

Վ. Ի. Լենինը հանրահավաքի ժամանակ

19-րդ դարի 90-ական թվականների կեսին ռուսական ազատագրական շարժման մեջ սկսվեց գիտական սոցիալիզմի գաղափարներով լուսավորված պրոլետարական էտապը։ 1895 թվականին Վ․ Ի․ Լենինը մարքսիստների մի խմբի հետ կազմակերպեց Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը», որը և դարձավ հեղափոխական պրոլետարական կուսակցության սաղմը։ ՌՍԴԲԿ I համագումարը 1898 թվականին պաշտոնապես հռչակեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կազմավորումը։ Նոր տիպի պրոլետարական կուսակցության ստեղծման պայքարում վճռական դեր խաղաց «Իսկրա» թերթը։

1903 թվականին կուսակցության II համագումարը հիմնադրեց բոլշևիկյան կուսակցությունը և ընդունեց ՌՍԴԲԿ ծրագիր։ Բոլշևիկյան կուսակցության ստեղծումը շրջադարձային կետ հանդիսացավ ռուսական, ինչպես նաև միջազգային բանվորական շարժման մեջ։ Բոլշևիկների կուսակցությունը Ռուսաստանի աշխատավոր ժողովրդին մատնանշեց ինքնակալության տապալման հեղափոխական ուղին, երկրի ամբողջ հասարակական, քաղաքական կարգի նորոգման և հետագա սոցիալիստական հեղափոխության անցման համար։ Ռուսաստանը դարձավ լենինիզմի հայրենիք։ Այս բոլորը որակական փոփոխություններ մտցրեց նաև երկրի մյուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման մեջ։

1904—1905 թվականներիի ռուս-ճապոնական պատերազմն արագացրեց հեղափոխական ճգնաժամի հասունացումը։ Պատերազմում ցարիզմի պարտությունն ավելի սրեց իրավիճակը երկրում։ 1905—1907 թվականների բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը բանվոր դասակարգը մասնակցեց մարքսիստական կուսակցության ղեկավարությամբ։ Համադեմոկրատական շարժման առաջատարի՝ պրոլետարիատի հերոսական պայքարը սասանեց ինքնակալության հիմքերը։ Չնայած 1905—1907 թվականների հեղափոխությունը Ռուսաստանում պարտվեց, սակայն այն հանդիսացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության գլխավոր փորձը։

Ռուսաստանը, որը 19-րդ դարի սկզբում եվրոպական հենարան էր, 20-րդ դարի սկզբում դարձավ «ազատագրական» շարժման առաջատարը ամբողջ աշխարհում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ռուսական իմպերիալիզմը հասավ զարգացման բարձր աստիճանի։ Արտադրողական ուժերի մակարդակով Ռուսաստանը հավասարվեց Ֆրանսիային, Ճապոնիային, բայց ետ էր մնում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից։

Իմպերիալիզմի դարաշրջանի Ռուսաստանի զարգացման ամենագլխավոր արդյունքը եղավ սոցիալիստական հեղափոխության տնտեսական և քաղաքական նախադրյալների հասունացումը։ Երկրում ծայրահեղորեն սրվեցին դասակարգային հակասությունները։ Աճում և ամրապնդվում էր հեղափոխության շարժիչ ուժը՝ բանվոր դասակարգը։ 1913 թվականին հաշվվում էր ֆաբրիկա-գործարանային և երկաթուղային ավելի քան 4 միլիոն բանվոր։ Բոլշևիկյան կուսակցության ղեկավարությամբ բանվորությունը ձեռք էր բերել մեծ հեղափոխականություն։ Բանվոր դասակարգի դաշնակիցը բազմամիլիոն աշխատավոր գյուղացիությունն էր։

Փետրվարյան հեղափոխությունն սկսած առաջին սպան՝ Տիմոֆեյ Կիրպիչնիկովը

Առաջին համաշխարհային պատերազմը (1914—1918), որում ռուս բուրժուազիան Անտանտի մյուս երկրների բուրժուազիայի հետ դաշնակցած հետամուտ էր իր իմպերիալիստական նպատակներին, երկրում հեղափոխության հասունացման հզոր խթան հանդիսացավ։ 1916 թվականին առաջացած հեղափոխական իրադրությունը հանգեցրեց 1917 թվականի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, որի հետևանքով տապալվեց ինքնակալությունը։ Ցարիզմի տապալումը չփոխեց երկրի ժողովուրդների ծանր վիճակը։ Սակայն այն բեկում առաջացրեց երկրի պատմության մեջ։ Ռուսաստանը դարձավ բուրժուա-դեմոկրատական հանրապետություն։

Ցարիզմի տապալումից հետո բուրժուադեմոկրատական հեղափոխության տնտեսական խնդիրները չիրականացան։ Ցուրահատուկ պայմանների հետևանքով երկրում հաստատվեց երկիշխանություն։ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների կողքին, որոնք ստեղծվել էին 1917 թվականի փետրվար-մարտին և հանդիսանում էին բանվորների ու գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի մարմին, մարտի 2(15)-ին կազմվեց բուրժուական դիկտատուրայի մարմինը՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։ Հեղափոխության հետագա զարգացումն անխուսափելի էր։ 1917 թվականի մարտին Վ․ Ի․ Լենինի ղեկավարած բոլշևիկյան կուսակցությունը, որը դուրս էր եկել ընդհատակից և աշնանն արդեն դարձել էր ռուսական պրոլետարիատի մասսայական կուսակցություն, մշակեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից՝ սոցիալիստականին անցնելու պայքարի կոնկրետ, տեսականորեն հիմնավորված ծրագիր։

1917 թվականի աշնանը հասունացել էին բոլոր պայմանները սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար։ Բոլշևիկների կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել աշխատավոր ժողովրդի մեծ մասին։ Այն մեկ միասնական հեղափոխական հոսանքի մեջ միավորեց բանվոր դասակարգի սոցիալիստական, խաղաղության համար համադեմոկրատական, հողի համար գյուղացիա-դեմոկրատական, ազգային իրավահավասարության համար ոչ ռուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։ Հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը Ռուսաստանի պրոլետարիատն էր։

1917 թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ռուսաստանում տապալվեց կապիտալիստների և կալվածատերերի իշխանությունը, հաստատվեց պրոլետարիատի դիկտատուրա, լիկվիդացվեց կապիտալիզմը, վերացավ սոցիալական և ազգային ճնշումը։ Ռուսական պրոլետարիատը ճնշվող և շահագործվող դասակարգից դարձավ տիրապետող դասակարգ, իսկ նրա կոմունիստական կուսակցությունը՝ կառավարող կուսակցություն։ Սովետների համառուսաաոանյան II համագումարը հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին հռչակեց ամբողջ իշխանության անցումը Սովետներին, ընտրեց Համառուսաստանյան Կենտգործկոմ և կազմեց Ռուսաստանի Սովետական Հանրապետության կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺԿՒՕ՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ)` պատմության մեջ առաջին բանվորա-գյուղացիական կառավարությունը։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնում սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո` 1917—1918 թվականներին, ամբողջ երկրով սկսվեց խորհրդային իշխանության հաղթական երթը, խորհրդային իշխանություն հաստատվեց Ուրալում, Պովոլժիեում, Դոնում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և այլ շրջաններում։ Ռուսաստանի հանրապետության մեջ մտավ նախահեղափոխական Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքը։

Խորհուրդների համառուսաստանյան II համագումարը, Համառուսաստանյան ԿԴԿ և ԺԿԽ հրապարակեցին մի շարք կարևոր հեղափոխական փաստաթղթեր՝ Դեկրետ հողի մասին, Դեկրետ հաշտության մասին, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան և այլն։ Հողի մասին դեկրետով Ռուսաստանի բազմամիլիոն գյուղացիությունն ստացավ 150 միլիոն հա հողատարածություն։ Հաշտության դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը դիմեց բոլոր պատերազմող կողմերին՝ հաշտության բանակցություններ սկսելու մասին։ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան հռչակեց Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարությունն ու սուվերենությունը, նրանց ինքնորոշման իրավունքը։

Խորհրդային իշխանության հետագա ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ 1918 թվականի հունվարի 10-18 (23-31)-ին կայացած Խորհուրդների համառուսաստանյան III համագումարը, որն ընդունեց Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան, այն հետագայում մտավ ՌԽՖՍՀ 1918 թվականի Սահմանադրության մեջ, և «Ռուսաստանի հանրապետության ֆեդերալ հիմունքների մասին» որոշումը, որով Ռուսաստանը հռչակվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽՖՍՀ)։ 1918 թվականի մարտի 3-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ կնքեց հաշտություն Գերմանիայի հետ։

Դուրս գալով իմպերիալիստական պատերազմից՝ ՌԽՖՍՀ բոլոր ուժերը կենտրոնացրեց սոցիալիստական հեղափոխության կազմակերպական-տնտեսական, ստեղծագործական խնդիրների վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո խորհրդային պետությանը որպես սեփականություն անցան բանկերը, պետական գործարանները, երկաթուղիները։ 1917 թվականի նոյեմբերից սկսվեց մոնոպոլիստական ձենարկությունների, տրանսպորտի, մասնավոր բանկերի ազգայնացումը։ 1918 թվականի հունիսի 28-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ ընդունեց դեկրետ խոշոր արդյունաբերության ազգայնացման մասին։ Խորհրդային իշխանությունը ձեռնամուխ եղավ պատերազմի հետևանքով քայքայված ժողտնտեսության վերականգնմանը։ Ռուսաստանի սոցիալիստական տնտեսության հիմքերի շինարարության պլանը և սոցիալիստական վերափոխման կոնկրետ ուղիներն ու մեթոդները մշակեց Վ․ Ի․ Լենինը։

1918 թվականի գարնանը Պետրոգրադում, Մոսկվայում, բոլոր կենտրոնական արդյունաբերական նահանգներում սով սկսվեց։ ՌԽՖՍՀ ԺԿԽ հարկադրված երկրում պարենային դիկտատուրա մտցրեց, հացի սպեկուլյացիայով զբաղվողներն անխնա պատժվում էին։ Կուլակներից հացի ավելցուկը բռնագրավելու համար 1918 թվականի մայիսին ստեղծվեցին Պետրոգրադի, Մոսկվայի, Տուլայի, Իվանովովոզնեսենսկի բանվորների զինված պարենային ջոկատներ։ Հունիսին սկսեցին կազմակերպվել չքավորական կոմիտեները, որոնք մեծ դեր խաղացին գյուղում սոցիալիստական հեղափոխության ծավալման և խորացման գործում։

Խորհուրդների համառուսաստանյան V համագումարը 1918 թվականի հուլիսին ընդունեց խորհրդային առաջին՝ ՌԽՖՍՀ սահմանադրությունը, որը օրինակ դարձավ խորհրդային մյուս հանրապետությունների (Ուկրաինա, Բելառուսիա) սահմանադրությունների համար։

1918 թվականի ամռանը սկսվեց քաղաքացիական պատերազմը և օտարերկրյա ռազմական ինտերվենցիան։ ՌԽՖՍՀ շրջապատվեց թշնամական ռազմաճակատների օղակով։ Հակահեղափոխական ուժերը ցարական գեներալներ Ա․ Կոլչակի, Ա․ Դենիկինի, Պ․ Վրանգելի գլխավորությամբ, հենվելով Անտանտի ֆինանսական, ռազմաքաղաքական օգնության վրա, կարողացան ստեղծել սպիտակգվարդիական բանակներ։ Նրանք գրավեցին Հյուսիսային Կովկասը, Դոնը, Սիբիրը, Ուրալը, Պովոլժիեի մի մասը։ Հյուսիսում անգլո-ամերիկյան զորքերը օկուպացրին Մուրմանսկը և Արխանգելսկը։ Հեռավոր Արևելք և Սիբիր ներխուժեցին ամերիկյան, անգլիական, ֆրանսիական և ճապոնական զորքերը։ Գերմանական զորքերն օկուպացրին Բելառուսիան, Ուկրաինան, Ղրիմը, ՌԽՖՍՀ տարածքի մեծ մասն ընկավ սպիտակգվարդիականների և ինտերվենտների ձեռքը։

Կենտրոնական Ռուսաստանը կտրվեց սննդամթերքի, վառելիքի և հումքի հիմնական բազաներից։ Կոմունիստական կուսակցությունը ոտքի հանեց պրոլետարիատին և աշխատավոր գյուղացիությանը՝ օտարերկրյա զավթիչների և սպիտակգվարդիականների դեմ պայքարի համար։ Ստեղծվեց կանոնավոր կարմիր բանակ։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության ռազմական, նյութական և հոգևոր մեծ լարվածության շնորհիվ, երկրի մյուս ժողովուրդների օգնությամբ, ինտերվենտները ու ներքին հակահեղափոխության ուժերը ջախջախվեցին, ՌԽՖՍՀ ոչ միայն պաշտպանեց իր պետական անկախությունը, այլև օգնեց եղբայրական հանրապետություններին թշնամու դեմ նրանց ընդհանուր պայքարում։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում կարմիր բանակն օգնեց հայ ժողովրդին 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում սովետական կարգեր հաստատելու և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակելու գործում։

Ռուս ժողովուրդը օգնություն ցույց տվեց ՌԽՖՍՀ կազմի մեջ մտած մյուս ժողովուրդներին իրենց պետականության կազմավորման գործում։ ՌԽՖՍՀ կազմում ստեղծվեցին․ Բաշկիրիական ԻԽՍՀ (1919, մարտի 23), Թաթարական ԻԽՍՀ (1920-ի մայիսի 27), Կարելական աշխատանքային կոմունան (1920, հունիսի 8, 1923 թվականի հուլիսի 25-ից՝ Կարելական ԻԽՍՀ), Չուվաշական ԻՄ (1920, հունիսի 24), Կիրգիզական ԻԽՍՀ (1920, օգոստոսի 26, 1925 թվականից՝ Ղազախական ԻԽՍՀ), Վոտյան (Ուդմուրտական) ԻՄ (1920, նոյեմբերի 4), Մարիական ԻՄ (1920, նոյեմբերի 4), Կալմիկական ԻՄ (1920, նոյեմբերի 4), Լեռնային ԻԽՍՀ (1921, հունվարի 20, վերակազմվել է 1924 թվականի հուլիսին), Դաղաոանի ԻԽՍՀ (1921, հունվարի 20), Կոմի (զիռյանների) ԻՄ (1921, օգոստոսի 22), Կաբարդական ԻՄ (1921, սեպտեմբերի 1, 1922 թվականիի հունվարի 16-ին վերակազմվել է Կաբարդա-Բալկարական ԻՄ-ի), Ղրիմի ԻԽՍՀ (1921, հոկտեմբերի 18), Բուրյաթ-Մոնղոլական ԻՄ (1922, հունվարի 9, 1923 թվականիի մայիսի 30-ից՝ ԻԽՍՀ), Ցակուտական ԻԽՍՀ (1922, ապրիլի 27), Օյրոթական ԻՄ (1922, նունիսի 1), Չերքեզական (Ադըղեական) ԻՄ (1922, հուլիսի 27), Չեչենական ԻՄ (1922, նոյեմբերի 30), Կարաչաևո—Չերքեզական ԻՄ (1922, հունվարի 12)։

Ազգային պետական շինարարության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ 1919 թվականի մարտին կուսակցության VIII համագումարում ընդունված ՌԿ(բ) կ ծրագիրը և 1921-ի մարտին ՌԿ(բ) կ X համագումարում ընդունված ազգային հարցում կուսակցության հերթական խնդիրների մասին որոշումը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց մշակութային հեղափոխությունը։ Արդեն 1917—1921 թվականներին ժողովրդական կրթության համակարգում կատարվեցին հեղափոխական վերափոխումներ։ Գիտությունն ի սպաս դրվեց սոցիալիստական հասարակարգի կերտմանը։ ՌԽՖՍՀ ներքին վիճակը պատերազմից հետո ծանր էր։ Վառելիքի և հումքի բացակայության պատճառով չէր գործում ձեռնարկությունների մեծ մասը։ Ֆաբրիկա-գործարանային արդյունաբերությունը 1913 թվականի համեմատությամբ 1921 թվականին 4,6 անգամ պակաս արտադրանք տվեց։ Երկաթուղային տրանսպորտը կազմալուծված էր և զգալի չափով քայքայված։1921 թվականին գյուղատնտեսական արտադրանքը կազմում էր նախապատերազմյան մակարդակի մոտ 50%-ը։

1920 թվականի դեկտեմբերին Խորհուրդների համառուսաստանյան VIII Համագումարը հավանություն տվեց Ժողտնտեսության վերականգնման ուղղությամբ ՌԽՖՍՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին և հաստատեց Ռուսաստանի Էլեկտրիֆիկացման լենինյան պլանը։ 1921 թվականի մարտին ՌԿ(բ) կ X համագումարն ընդունեց պատմական որոշում՝ Վ․ Ի․ Լենինի մշակած նոր տնտեսական քաղաքականությանը՝ նէպին անցնելու մասին։ Այդ քաղաքականությունը պայմաններ ստեղծեց ժողտնտեսության և սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի կառուցման համար։ ժողտնտեսության վերականգնումը կատարվում էր դժվարին պայմաններում։ 1921 թվականի ամռան երաշտի հետևանքով համատարած սով սկսվեց։ Երաշտն ընդգրկեց գյուղատնտեսական ցանքսերի 1/3-ը։ Չնայած ներքին դժվարություններին՝ ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց խորհրդային մյուս հանրապետություններին ժողտնտեսության վերականգնման գործում։

Մինչև ԽՍՀՄ կազմավորվելը ՌԽՖՍՀ փաստորեն կատարում էր համաֆեդերատիվ կառավարության դեր։ Խորհրդային բոլոր հանրապետությունները (Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ, Վրացական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ) իրենց ներկայացուցիչներն ունեին ՌԽՖՍՀ ԿԳԿ-ում և ԺԿԽ-ում և մասնակցում էին ՌԽՖՍՀ Խորհուրդների համագումարների աշխատանքներին։ Հանրապետությունները լիազորում էին ՌԽՖՍՀ կառավարությանը՝ ներկայացնել նրանց շահերն արտասահմանում։

ՌԽՖՍՀ (1922)

1922 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ Խորհուրդների I համագումարում հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումը։ 1924—1925 թվականներին կատարվեց Միջին Ասիայի հանրապետությունների (Թուրքմենիայի, Բուխարայի, Խորեզմի) ազգային պետական բաժանումը, որի հետևանքով ստեղծվեցին Ուզբեկական ԽՍՀ, Թուրքմենական ԽՍՀ, Տաջիկական ԻԽՍՀ (Ուզբեկական ԽՍՀ կազմում), ՌԽՖՍՀ կազմում Կարակիրգիզական ԻՄ (1925 թվականի մայիսի 25-ից՝ Կիրգիզական ԻՄ) և Կարակալպակյան ԻՄ (Ղազախական ԽՍՀ կազմում)։ Հյուսիսի ժողովուրդների տնտեսական և մշակութային մակարդակի բարձրացման նպատակով 1924 թվականի հունիսի 20-ին ստեղծվեց Հյուսիսի ծայրամասերի ժողովուրդներին աջակցող կոմիտե (Հյուսիսային կոմիտե)։ 1925 թվականի ապրիլի 21-ին կազմավորվեց Չուվաշական ԻԽՍՀ, 1924 թվականի հուլիսի 7-ին՝ Ինգուշական ԻՄ և Հյուսիս-Օսեթական ԻՄ, 1925 թվականի հունվարի 2-ին՝ Լեռնային Բադախշանի ԻՄ, 1926 թվականի փետրվարի 1-ին՝ Կիրգիզական ԻՄ վերակազմվեց Կիրգիզական ԻԽՍՀ-ի, 1925 թվականի սկզբին ՌԽՖՍՀ-ի մեջ նահանգներից բացի մտան 9 ինքնավար հանրապետություն և 15 ինքնավար մարզ։

1925 թվականի մայիսի 11-ին Խորհուրդների համառուսաստանյան XII համագումարն ընդունեց ՌԽՖՍՀ նոր սահմանադրություն։ ՌԽՖՍՀ իշխանության բարձրագույն մարմիններից հանվեցին և ԽՍՀՄ-ին տրվեցին արտաքին գործերի, երկաթուղիների, տրանսպորտի և կապի, ռազմական գործի, արտաքին առևտրի գերատեսչությունները, ինչպես նաև դրամական և վարկային իրավասությունները։

ՌԽՖՍՀ ժողտնտեսությունը 1925 թվական 27-ին հասավ նախապատերազմյան մակարդակին։ 1925 թվականի վերջին արդյունաբերության մեջ սոցիալիստական սեկտորը կազմեց 81%։ Իրականանում էր Վ․ Ի․ Լենինի մշակած կոոպերատիվ պլանը։ Իրականացնելով սոցիալիզմի կառուցման լենինյան պլանը՝ կոմունիստական կուսակցությունը 1925 թվականին ՀամԿ(բ) կ XIV համագումարում վերցրեց ինդուստրացման, իսկ 1927 թվականին՝ XV համագումարում՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման կուրս, որոնց անցկացման գործում ՌԽՖՍՀ կատարեց որոշիչ և առաջատար դեր։ ՌԽՖՍՀ 1929—1932 թվականների ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը և սոցիալ-մշակութային շինարարությունը դարձան միութենական հնգամյակի կարևոր բաղադրամասը։ I հնգամյակի ընթացքում ՌԽՖՍՀ-ում շարք մտավ 1100 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։ Ռուսական բանվոր դասակարգը ցույց տվեց աշխատանքային սխրանքների բազմաթիվ օրինակներ։

1929—1932 թվականներին սկսվեց գյուղացիության զանգվածային մուտքը կոլտնտեսությունները։ Համատարած կոլեկտիվացման հետևանքով կուլակությունը որպես դասակարգ վերացավ։ Առաջին հնգամյակի ընթացքում կառուցվեց սոցիալիզմի տնտեսական հիմքը։ Ռուսաստանյան ֆեդերացիան ագրարային երկրից վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի։ Արդյունաբերության մեջ սոցիալիստական համակարգը դարձավ միակը, իսկ գյուղատնտեսության մեջ՝ տիրապետող։

II հնգամյակում (1933—1937) հիմնականում ավարտվեց ժողտնտեսության բոլոր ոլորտների տեխնիկական վերակառուցումը։ ՌԽՖՍՀ-ում շարք մտան 2900 արդյունաբերական նոր խոշոր ձեռնարկություններ։ ՌԽՖՍՀ արդյունաբերական արտադրանքը 1913 թվականի համեմատությամբ ավելացավ ավելի քան 6 անգամ։ Ամբողջովին ամրապնդվեց կոլտնտեսային կարգը։ 1937 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կոլտնտեսությունների մեջ միավորվեց գյուղացիական տնտեսությունների 92,6 տոկոսը, ցանքատարածությունների 99,4 տոկոսը։ ՌԽՖՍՀ դարձավ ԽՍՀՄ հիմնական հացահատիկային բազան։ Սոցիալիստական շինարարության տարիներին ՌԽՖՍՀ տնտեսական, քաղաքական և մշակութային մեծ օգնություն ցույց տվեց միութենական հանրապետություններին, փոխադարձ օգնություն ստանալով նրանցից։

1930-ական թվականներին ՌԽՖՍՀ-ում, ինչպես և ամբողջ երկրում, հիմնականում կառուցվեց սոցիալիստական հասարակարգ։ ժողտնտեսության սոցիալիստական վերափոխությունը պահանջում էր գիտության, տեխնիկայի, արվեստի արագ զարգացում։ Կարճ ժամկետում բոլոր մասնագիտությունների գծով պատրաստվեցին մեծ թվով ինժեներներ։ 1920 և հատկապես 1930-ական թվականներին ստեղծվում և զարգանում էր սովետական նոր բազմազգ գրականությունը։ ՌԽՖՍՀ շատ ժողովուրդներ իրենց գիրը ստեղծեցին խորհրդային իշխանության օրոք։ Սոցիալիստական ռեալիզմի ուղիով զարգացավ և ռուսական արվեստը։ Սոցիալիստական շինարարության ընթացքում հաջողությամբ իրականացավ մշակութային հեղափոխությունը, իրագործվեց ՌԽՖՍՀ հետագա ազգային-պետական շինարարությունը։

1931 թվականի սկզբին ՌԽՖՍՀ-ի մեջ մտնում էին 14 երկրամաս և մարզ, 11 ինքնավար հանրապետություն, 14 ինքնավար մարզ, 2085 շրջան։ Կազմվեցին Մորդվական ԻՄ (1930, հունվարի 10), Խակասական ԻՄ (1930, հոկտեմբերի 20), Հյուսիսի փոքր ժողովուրդների 8 ազգային օկրուգներ (1930, դեկտեմբեր)։ Կարակալպակյան (1932, մարտի 20), Մորդվական (1934, դեկտեմբերի 20) և Ուդմուրտական (Վոտյան, 1934, դեկտեմբերի 28) ԻՄ-երը վերակազմվեցին ինքնավար հանրապետությունների։ 1934 թվականի մայիսի 7-ին ստեղծվեց Հրեական ԻՄ, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Կոմի, Մարիական, Հյուսիս-Օսեթական, Կաբարդա-Բալկարական և Չեչենա-Ինգուշական ինքնավար հանրապետությունները։

Սոցիալիստական շինարարության ընթացքում վերացավ ՌԽՖՍՀ ժողովուրդների տնտեսության և մշակույթի զարգացման փաստական անհավասարությունը։ Ռուս ժողովրդի օգնությամբ 1930-ական թվականներին ազգային բոլոր հանրապետություններում և մարզերում արմատական փոփոխություններ կատարվեցին տնտեսության և մշակույթի բնագավառներում։ Թաթարական ԻԽՍՀ համախառն արտադրանքը 1937 թվականին 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,2, Բաշկիրական ԻԽՍՀ-ում՝ 7,3, Ուդմուրտական ԻԽՍՀ-ում՝ 12, Ցակուտական ԻԽՍՀ-ում՝ 15, Դաղստանի ԻԽՍՀ-ում՝ 7 անգամ։ Սոցիալիստական շինարարության շնորհիվ ՌԽՖՍՀ ժողովուրդները՝ ռուսները, թաթարները, բաշկիրները, չուվաշները, չեչենները, կաբարդացիները, մորդվաները, մարիները, ուդմուրտները, կոմիները, յակուտները և ուրիշներ համախմբվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Հանրապետության ժողտնտեսության սոցիալիստական վերափոխման ընթացքում բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության սոցիալական բնույթի փոփոխման շնորհիվ ստեղծվեց խորհրդային ժողովրդի բարոյաքաղաքական միասնությունը։

Խորհուրդների համառուսաստանյան XVII արտակարգ համագումարը 1937 թվականի հունվարի 21-ին հաստատեց ՌՍՖՍՀ նոր սահմանադրությունը, որը մշակվել էր ԽՍՀՄ սահմանադրության (ընդունվել էր 1936 թվականի դեկտեմբերի 5-ին) համապատասխան։ ՌԽՖՍՀ-ից դուրս եկան և որպես միութենական հանրապետություններ ԽՍՀՄ-ի մեջ մտան Ղազախական և Կիրգիզական ԻԽՍՀ-ները։

ԽՍՀՄ և Ֆինլանդիայի միջև 1940 թվականին կնքված պայմանագրով, որով ավարտվեց խորհրդա-ֆիննական 1939—1940 թվականների պատերազմը, հաստատվեց ՌԽՖՍՀ հյուսիսարևմտյան մարզերի անվտանգությունն ապահովող նոր սահմանագիծ։ Կարելական պարանոցը Վիբորգ քաղաքով մտավ Լենինգրադի մարզի մեջ։ Հեղափոխական վերափոխությունների շնորհիվ 1940 թվականի կեսին ՌԽՖՍՀ հյուսիս-արևմուտքում առաջացան Լատվիական, Լիտվական, Էստոնական ԽՍՀ-ները, որոնք իրենց խնդրանքով 1940 թվականի օգոստոսին մտան ԽՍՀՄ կազմի մեջ։

1940 թվականին ժողտնտեսության զարգացման գործում ՌԽՖՍՀ ձեռք բերեց մեծ նվաճումներ։ Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 1940 թվականին, 1913 թվականի համեմատությամբ, ավելացավ 8,7 անգամ, երկաթուղիների երկարությունը 39000 կիլոմետրից հասավ 59000 կիլոմետրի։ ԽՍՀՄ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ ՌԽՖՍՀ-ին բաժին էր ընկնում թուջի արտադրության 35%-ը, պողպատի՝ ավելի քան 50%-ը, քարածխի հանույթի՝ 44%-ը։

3-րդ հնգամյակի 3,5 տարում ՌԽՖՍՀ-ում շարք մտան 1700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ ՌԽՖՍՀ արդյունաբերությունը նշանակալի դեր խաղաց ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման գործում։

1941-1942 թվականների ռազմական գործողությունների քարտեզը

1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը ֆաշիստական Գերմանիայի դեմ։ Մինչև 1941 թվականի աշուն թշնամուն հաջողվեց գրավել Բելառուսիան, Մերձբալթիկան, Ուկրաինայի զգալի մասը, շրջապատեց Լենինգրադը, դուրս եկավ Մոսկվայի, Դոնի Ռոստովի մատույցները։ Սմոլենսկի, մերձմոսկովյան դաշտերում, Լենինգրադի, Տուլայի մոտ, Սևաստոպոլում թշնամու դեմ մղվեցին ծանր մարտեր։ Մոսկվայի ճակատամարտում թշնամին կրեց երկրորդ համաշխարհային պատերազմում (1939—1945) առաջին խոշոր պարտությունը։ Օկուպացված տարածքներում սկսվեց զանգվածային պարտիզանական շարժում։

1942 թվականի աշնանը նոր հարձակման հետևանքով թշնամին հասավ մինչև Վոլգա և գրավեց Հյուսիսային Կովկասի մի մասը։ Թշնամու ջախջախումը Ստալինգրադի մոտ, Հյուսիսային Կովկասում, Կուրսկի մոտ արմատական բեկում մտցրեց Հայրենական մեծ պատերազմի և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ Սկսվեց ֆաշիստական բանակների վտարումը ԽՍՀՄ սահմաններից։ 1945 թվականի մայիսի 8-ին ֆաշիստական Գերմանիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։

Ռուսաստանի բանվոր դասակարգը, գյուղացիությունը, մտավորականությունը՝ ՍՄԿԿ գլխավորությամբ վճռական ներդրում կատարեցին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մարտի դաշտում ցուցաբերած հերոսության համար ՌԽՖՍՀ-ից ավելի քան 2373 հազար զինվոր պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության 11000 հերոսներից 7000 ռուսներ են (1945 թվականի տվյալներով)։ Ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարի ծանրությունը հիմնականում ընկավ ռուս ժողովրդի ուսերին։ ԽՍՀՄ Զինված ուժերում ռուսական զինվորներն ու սպաները կազմում էին մեծ մասը։ Ֆաշիզմի դեմ պայքարում ռուս ժողովուրդը, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պաշտպանեց սոցիալիզմի նվաճումները։

Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ին անցան և ՌԽՖՍՀ-ի կազմի մեջ մտան Ֆինլանդիայի հետ 1944 թվականի հաշտության պայմանագրով՝ Պեչենգայի մարզը, 1945 թվականի Ղրիմի կոնֆերանսի որոշումով՝ Հարավային Սախալինը և Կուրիլյան կղզիները, 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ՝ Արևելյան Պրուսիայի հյուսիսային մասը (ներկայիս Կալինինգրադի մարզը

ՌԽՖՍՀ օկուպացված տարածքներում թշնամին ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեց 12150 արդյունաբերական ձեռնարկություն, 13000 կմ երկաթուղի, կողոպտեց և քայքայեց ավելի քան 52800 կոլտնտեսություն, 860 սովետական տնտեսություն, 1330 ՄՏԿ-ներ։ Գերմանիա քշվեց 16 միլիոն անասուն, այրվեց և ավերվեց 2977 հազար շենք (11 միլիոն մարդ մնաց անօթևան)։ ՌԽՖՍՀ-ի ուղղակի վնասը կազմեց 249 միլիարդ ռուբլի (1940-ական թվականների գներով)։

1950-ական թվականների սկզբին ՌԽՖՍՀ-ում վերականգնվեց պատերազմի հետևանքով քայքայված արդյունաբերությունը։ Փլատակներից բարձրացվեց 3700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։ Խորհրդային կառավարության որոշմամբ առաջին հերթին վերականգնվեցին հնագույն ռուսական 15 քաղաքները՝ Սմոլենսկը, Վյազման, Պսկովը, Նովգորոդը, Կալինինը, Օրյոլը, Բրյանսկը, Կուրսկը, Վորոնեժը, Դոնի Ռոստովը, Նովոռոսիյսկը, Սևաստոպոլը և այլն։ ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց Ուկրաինային, Բելառուսիային, Մոլդավիային, Մերձբալթյան հանրապետություններին նրանց տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

1950-ական թվականներին շարունակվեց ՌԽՖՍՀ սոցիալիստական տնտեսության վերելքը, բարելավվեց ժողովրդի նյութական վիճակը, բարձրացավ ՌԽՖՍՀ ժողովուրդների մշակութային մակարդակը։ 1954 թվականի մայիսի 29-ին, Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի կապակցությամբ, ՌԽՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին անցավ Ղրիմը։ ՌԽՖՍՀ-ում, ինչպես և ամբողջ ԽՍՀՄ-ում, լիովին և վերջնականապես հաղթանակեց սոցիալիզմը։

Ռուսաստանյան ֆեդերացիան և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները 1960-ական թվականներին թևակոխեցին զարգացած սոցիալիզմի փուլը։ Սկսվեց կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը։ 1967 թվականին ՌԽՖՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի համեմատությամբ աճեց 74 անգամ և 1940 թվականի մակարդակը գերազանցեց 8,5 անգամ։ 1967 թվականին 3 օրվա ընթացքում ՌԽՖՍՀ արդյունաբերությունը այնքան արտադրանք էր տալիս, որքան նախահեղափոխական Ռուսաստանը մեկ տարում։ Սոցիալիզմը արմատապես փոխեց Ռուսաստանի դեմքը, այն դարձավ ԽՍՀՄ խոշորագույն ինդուստրիալ հանրապետությունը։

1960—1980-ական թվականներին շարունակվեց հանրապետության ժողտնտեսության ինտենսիվ զարգացումը։ Վոլգայի, Կամայի, Օբի, Ենիսեյի, Անգարայի, Իրտիշի վրա կառուցվեցին աշխարհի խոշորագույն ՀԷԿ-երը։ Սկսվեց Տյումենի մարզի նավթի արդյունահանումը։ Նավթային շրջաններից անցկացվեց նավթագազամուղ։ Վոլգայի վրա ստեղծվեց խոշորագույն ավտոմոբիլային գործարան (Տոլյատի), Կամայի վրա հիմնադրվեց ավտոմոբիլային կոմբինատ (Նաբերեժնիե Չելնի), կառուցվեց Բայկալ-Ամուր մայրուղին (ԲԱՄ), յուրացվում էին Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնական հարստությունները։ ՌԽՖՍՀ գյուղատնտեսությունը վերածվել է մեքենայական տեխնիկայով հագեցած սոցիալիստական խոշոր արտադրության։

ՌԽՖՍՀ ցանքատարածությունների ավելացման գործում շոշափելի նշանակություն ունեցավ խամ ու խոպան հողերի յուրացումը (1954—1960 թվականներին յուրացվեց 16,3 միլիոն հա)։ Հանրապետության գյուղատնտեսության արագ զարգացման համար մեծ նշանակություն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1974 թվականի ՌԽՖՍՀ ոչսևահողային գոտու գյուղատնտեսության հետագա զարգացման միջոցառումների, ինչպես նաև ՌԽՖՍՀ սևահողային գոտու զարգացման մասին որոշումները։ Զարգացած սոցիալիստական հասարակարգի ժամանակաշրջանում, ղեկավարվելով ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներով, ՌԽՖՍՀ աշխատավորներն իրենց հերոսական աշխատանքով ծանրակշիռ ներդրում են կատարել կոմունիստական շինարարության ընդհանուր գործում։ ՌԽՖՍՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1967), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Online Etymology Dictionary". Etymonline.com. Retrieved 2 November 2011.
  2. Соловьёв А. В. Византийское имя России. — Византийский временник. — 1957. — С. 134–155.
  3. Хорошкевич А. Л. Символы русской государственности. -М. :Изд-во МГУ,1993. ISBN 5-211-02521-0 — C.40
  4. Milner-Gulland، R. R. (1997). The Russians: The People of Europe.
  5. Այդ անվանումն օգտագործվում էր նաև խորհրդային ժամանակաշրջանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История России Орлов А. С., 1997
  • Платонов С. Ф., Полный курс лекций по русской истории, Петроград: 1917.
  • В. О. Ключевский. Курс русской истории [1], [2], [3]
  • Н. И. Костомаров. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей [4], [5]
  • Митрополит Макарий (Булгаков). История русской церкви [6]
  • С. Ф. Платонов. Полный курс лекций по русской истории [7]
  • С. М. Соловьёв. История России с древнейших времён [8] [9], [10]
  • В. Н. Татищев. История Российская [11]
  • «Россия — священная наша держава»։ прошлое с нами. Учебное пособие в 5 книгах. Горожанин А. В., Рыбников В. В., Ипполитов Г. М., Ефремов В. Я., Алексушин Г.В. Самара, 2003—2005.
  • «Русь — Россия — СССР — Россия: этапы большого пу-ти». Учебное пособие в 2-х т. Т.1. От Руси изначальной к году 1917։ «Из мрачной глу-бины веков ты поднималась исполином…». Горожанин А. В., Рыбников В. В., Ипполитов Г. М., Ефремов В. Я., Алексушин Г.В., Самара, 2004—2006.
  • М. Д. Хмыров. Алфавитно-справочный перечень государей российских и замечательнейших особ их крови. [12]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png