Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակավոր կառավարության կնիքը

Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն (ռուս.՝ Временное правительство России), Ռուսաստանի Հանրապետության ժամանակավոր գերագույն գործադիր–կարգադրիչ և օրենսդիր մարմինը Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների միջև ընկած ժամանակահատվածում (գոյատևել է 1917-ի մարտի 2(15)-ից մինչև հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ը)։

Ժամանակավոր կառավարության իշխանության տեղական մարմիններն էին նահանգային և գավառային կոմիսարները, Անդրկովկասում՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ)։ Ժամանակավոր կառավարությունը ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտեի և բանվորների ու զինվորների դեպուտատների Պետրոգրադի խորհրդի գործկոմի մենշևիկա–էսեռական ղեկավարների համաձայնությամբ։

Մայիսի 5(18)-ին կազմվեց 1-ին կոալիցիոն կառավարությունը (նախագահ՝ Գեորգի Լվով), հուլիսի 24 (օգոստոսի 6)-ին՝ 2-րդը (նախագահ՝ Ալեքսանդր Կերենսկի), սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 8)-ին՝ 3-րդը (մինիստր–նախագահ՝ Ալեքսանդր Կերենսկի)։ 1917-ի աշնանը երկրում ուժեղացավ տնտեսական քայքայումը, կառավարությունը շարունակում էր անսահման քանակությամբ թղթադրամ թողարկել (մարտի սկզբին շրջանառության մեջ կար 9,9 մլրդ ռուբլի, իսկ սեպտեմբերի սկզբին՝ 15,4 մլրդ ռուբլի)։ Պետական պարտքը 1917-ի հոկտեմբերին հասավ 50 մլրդ ռուբլու։ Կառավարող կուսակցություններում (կադետներ, էսէռներ, մենշևիկներ) սրվեցին տարաձայնություններն ու երկպառակությունները։

Բոլշևիկյան կուսակցությունը Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, զանգվածներին հանեց սոցիալիստական հեղափոխության։ Հոկտեմբերյան զինված ապստամբության ժամանակ, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8)-ի գիշերվա ժամը 21:00-ին, Ձմեռային պալատում, ժամանակավոր կառավարությունը ձերբակալվեց (բացառությամբ Կերենսկու, ով մայրաքաղաքից փախել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան)։ Հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին Սովետների համառուսաստանյան II համագումարը հռչակեց ամբողջ իշխանության անցումը Սովետներին և ստեղծեց առաջին սովետական կառավարությունը Լենինի գլխավորությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենին., Երկեր, հ. 24, 25:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 274