Տիլզիտի հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիլզիտի հաշտություն, պայմագրեր Ֆրանսիայի և Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պրուսիայի միջև. կնքվել են Տիլզիտում (այժմ՝ ք. Սովետսկ, Կալինինգրադի մարզում) հուլիսի 7-ին (հունիսի 25) և հուլիսի 9-ին, 1806-07-ին պատերազմում 4-րդ կոալիցիայի (Ռուսաստան, Պրուսիա) դեմ նապոլեոնյան Ֆրանսիայից տարած հաղթանակից հետո։

Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ Էլբա գետի ձախափնյան հողերն անցնում էին նորաստեղծ Վեստֆալյան թագավորությանը, Կոտբուսի շրջանը՝ Սաքսոնիային, Դանցինգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։ Պրուսիայից անջատված լեհական Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհական հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։ Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալախիայից և Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից Անգլիայի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին՝ Շվեդիայի դեմ պայքարում։

Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան տարածքային զիջումներից բացի, պարտավորվում էր կրճատել բանակը մինչև 40 հազար մարդ, վճարել 100 միլիոն ֆրանկ ռազմատուգանք և միանալ Ցամաքային բլոկադային։

Տիլզիտի հաշտությունը չվերացրեց ռուս-ֆրանսիական սուր հակասությունները, որոնք հանգեցրին 1812-ի պատերազմին, որի սկսվելով Տիլզիտի հաշտությունը կորցրեց իր ուժը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Քիլիմջյան, Տիլզիտի հաշտություն 1807։ ՀՍՀ, հ. 12։