Ռազմատուգանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմատուգանք կամ ռեպարացիա (< լատիներեն reparatio-վերականգնում), վնասահատուցում, պատերազմից հետո պարտված երկրի կառավարության կողմից հաղթողին վճարվող տուրքն է, պատերազմի ընթացքում տարածքի բնակչության կողմից տուժումների և վնասների համար։

Հատուցման ծավալն ու բնույթը պետք է համապատասխանի նյութական վնասին (համաչափության սկզբունք)։ Առաջին անգամ որոշվել է գանձել 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագրով ու վերսալյան համակարգի այլ պայմանագրերով, որտեղ արձանագրվել է Գերմանիայի ու նրա դաշնակիցների պատասխանատվությունը՝ պատերազմի հետևանքով Անտանտի երկրների բնակչությանը պատճառած վնասի համար։ Իրականում այդ պայմանագրերում Ռեպարացիան քողարկված ռազմատուգանք էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայից ու նրա դաշնակիցներից գանձվող Ռեպարացիայի ձևերը որոշվել են Ղրիմի (1945) և Պոտսդամի կոնֆերանսներում (1945) կայացված համաձայնությամբ։ ԽՍՀՄ ռեպարացիոն պահանջները բավարարվում էին Գերմանիայի արևելյան գոտու, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում և արևելյան Ավստրիայում գտնվող Գերմանիայի ակտիվների հաշվին։ Լեհաստանի Ռեպարացիան բավարարվում էր ԽՍՀՄ բաժնից, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, մյուս պետությունների ռեպարացիոն պահանջները՝ արևմտյան գոտիների հաշվին։ ԽՍՀՄ Ռեպրացիայի որոշ բաժին պետք է ստանար Գերմանիայի արևմտյան գոտիներից։ ԼԺՀ-ի հետ կնքված համաձայնագրով ԽՍՀՄ դադարեց (1954) ԳԴՀ-ից Ռեպարացիան գանձել։ Արևմտյան գոտիներից ԽՍՀՄ-ի օգտին Ռեպարացիան գանձելու մասին որոշումը արևմտյան երկրները չկատարեցին։ 1947 թվականին կնքված հաշտության պայմանագրերով նախատեսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակիցներից Ռեպարացիան գանձելիս նկատի ունենալ հետևյալ սկզբունքները՝ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը, պատերազմի հետևանքով պատճառած վնասների մասնակի հատուցումը։

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 86 թվականին, Հռոմը և Պոնտոսի թագավորությունը կնքում են Դարդանյան պայմանագիրը, ըստ որի Միտրիդաթ Զ արքան լքում է Փոքր Ասիայում գրավված տարածքները, տրամադրում է 80 նավ և 3000 տալանտ որպես կոնտրիբուցիա հաղթող կողմին։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Դ-ն Մուավիյա խալիֆայի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի սահմանները մնացել են սովորական, բայց արաբները պարտավոր են մուծել Բյուզանդիային ամենամյան կոնտրիբուցիա։

Նոր ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ժառանգության համար պատերազմ (1701 - 1714)։ 1712 թվականին Ժակ Քասարը վերցրել էր Սուրինամից 800 հազար լիվրա արժեքավորությամբ կոնտրիբուցիա, հաջորդ տարում Կուրասաոյից՝ 115 հազար պիաստր։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյոյան պայմանագիրը Բուլղարիայի և Անտանտյի միչև։ Հաստատված է եղել 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի-սյուր-Սեն Փարիզի արվարձանում։ Բուլղարիան պարտավորված էր եղել մուծել Անտանտյի երկրներին 2,25 միլիարդ ֆրանկ ոսկով (407 միլիոն դոլար) կամ ազգային սեփականության ¼ տոկոսը։