Jump to content

Վալախիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալախիան Ռումինիայի քարտեզի վրա

Վալախիա նաև Ուլահ (ռումիներեն՝ Ţara Românească, սկզբում Ţeara Rumînească ինչպես նաև Wallahia), պատմական շրջան Ռումինիայի հարավային մասում։ Գտնվում է Կարպատյան լեռների և Դանուբ գետի միջև։ Վալախիան Օլտ գետով բաժանված է Մունթենիայի (Մեծ Վալախիա) և Օլթենիայի (Փոքր Վալախիա)։

Վալախիաի պատմությունն սկսվում է մ․ թ․ II դարից․ 106-ին գետա–դակիական ցեղերով բնակեցված Վալախիաի տարածքը նվաճել է Հռոմը (տիրել է մինչև 271-ը)։ III դ․ վերջին Վալախիա են ներխուժել գոթերը, IV–VI դդ․՝ հոները և ավարները, VI դ․ երևացել են սլավոնները։ VIII դ․ վերջին –X դ․ Վալախիայի տարածքի նշանակալի մասը մտել է Առաջին Բուլղարական թագավորության կազմի մեջ։ Այդ ժամանակ ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները և արևելա–ռոմանական վլախ կամ վոլոխ ժողովուրդը։ XI – XII դդ․ Վալախիայի վրա են հարձակվել պեչենեգները, պոլովցիները, XIII դ․Վալախիաի տարածքի մի մասը գտնվում էր թաթար–մոնղոլական լծի տակ։ Մոտ 1324-ին Վալախիան դարձել է ինքնուրույն պետություն։ Սակայն XV դ․ հարկատու է դարձել Թուրքիային, իսկ XYI դ․ ամբողջությամբ ընկել նրա տիրապետության տակ։ XVI դ․ վերջին Վալախիայի հոսպոդար Միհայ Քաջի (կառավարել է 1592–1601) օրոք թուրքական զորքերը ջախջախվել են, Վալախիան, Մոլդովան և Տրանսիլվանիան միավորվել են մեկ պետության մեջ։ Շուտով այդ պետությունը քայքայվել է, և ռումինական իշխանությունները վերստին կախման մեջ են ընկել Օսմանյան սուլթանությունից։ XVII դ․ վերջին – XVIII դ․ սկզբին Կ․ Բրինկովեանու հոսպոդարի օրոք մշտական դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Վալախիայի և Ռուսաստանի միջև։ XVIII դ․ Վալախիայում ուժեղացել է պայքարը սոցիալ–տնտեսական և ազգային-քաղաքական ճնշման դեմ, մեծ թափ է ստացել հայդուկային շարժումը։ XIX դ․ 20–50-ական թթ․ Վալախիաում և Մոլդովայում ծավալվել է ազգագրական-ազատագրական շարժումը։ Թեև 1821-ի ապստամբությունը՝ Թ․ Վլադիմիրեսկուի ղեկավարությամբ (Վալախիայի պատմության մեջ ամենախոշոր ապստամբությունը), թուրքերը ճնշել են, սակայն Վալախիայում վերականգնվել է ներքին ինքնավարությունը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը Վալախիային ապահովում էր ինքնավարություն, որի երաշխավոր հանդես եկավ Ռուսաստանը։ 1829–34-ին Վալախիան գտնվում էր Ռուսաստանի կառավարման ներքո։ 1831-ին ընդունվել է Վալախիայի առաջին սահմանադրությունը։ XIX դ․ 40-ական թթ․ Վալախիայի հասարակական կյանքում տարածվել է հեղափոխական-դեմոկրատական հոսանքը, որի ակնառու ներկայացուցիչն էր Ն․ Բըլչեսկուն։ 1848-ին Վալախիայում տեղի է ունեցել բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն, որը ճնշվել է։ 1859-ի հունվարի 24-ին ստեղծված (1858-ի Փարիզի կոնվենցիայի համաձայն) ընտրական ժողովը (կազմված էր հիմնականում կալվածատերերից և վաճառականներից) Վալախիայի տիրակալ է ընտրել Ա․ Կուզային, որը 1859-ի հունվարի 5-ին ընտրվել էր Մոլդովայի գահակալ։ Այսպիսով, ավարտվել է Վալախիայի և Մոլդովայի միավորումը մեկ միասնական պետության մեջ, որը շուտով կոչվեց Ռումինիա (տես Ռումինիա, պատմական ակնարկը)։

Հայերը Վալախիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալախիայի տարածքում հայերը հաստատվել են միջնադարում։ Վալախիայի հայերեն հնագույն անվանումը «Մինթանաց երկիր» ձևով հանդիպում է Մինաս Թոխաթցու «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» երկում (1551)։ Շատ տեղանուններում պահպանվել են հայկական անվանաձևեր [«Արմեանուլ» (Հայի գյուղ)՝ Ռըմնիկուլ Վլչեայի շրջանում, «Արմենի» (Հայեր)՝ Սլոբոզիայի մոտ, «Վալեա արմենիլոր» (Հայերի հովիտ)՝ Դըմբովիցա գավառում ևն]։ Սկսած XIV դարից, նկատելի է նաև հայկական ճարտարապետության և քանդակագործության ազդեցությունը ռումինական հուշարձաններում [Կոզիայի եկեղեցին (1386), Տիսմանայի, Դեալի վանքերը, Տըրգովիշտեի, Գոլեշաի, Վըկըրեշտի եկեղեցիները, Կուրտեա դե Արճեշի տաճարը են]։ 1694-ին իշխան Կոստանդին Բրընկովեանուն Կ․ Պոլսից հրավիրել է հայ քարկոփների՝ կառուցելու իր իշխանական բաղնիքը։

Վալախիայի հայերը կարևոր մասնակցություն են ունեցել երկրի տնտեսական կյանքին, արհեստների և առևտրի զարգացմանը։ Ռումինական պատմաբան Բ․ Հաշդեուի կարծիքով, Ռումինիայի Կուրտեա դե Արճեշ քաղաքը հիմնել են Վասպուրականի Արճեշ քաղաքից եկած հայերը։ Դեպի Վալախիա հայերի նոր գաղթեր են եղել 1453-ին, Կ․ Պոլսի անկումից հետո, 1475-ին (երբ թուրքերը գրավել են Ղրիմը), XVI դ․ վերջին՝ Փոքր Ասիայից (Ջալալինների ասպատակությունների հետևանքով), XVII դ․ սկզբին՝ Աբրաս I-ի արշավանքից հետո ևն։ XVIII դ․ բազմաթիվ հայեր Բուլղարիայից անցել են Վալախիա և Դոբրուջա։

Վալախիայում հայերը տեղացիներին հավասար իրավունքներ են վայելել։ Վալախիայի երբեմնի մայրաքաղաք Տըրգովիշտեում հայերն ունեցել են եկեղեցի, որը չի պահպանվել (XVIII դ․ կառուցել են նորը)։ XV դ․ հայեր են ապրել նաև Բուխարեստում։ Արդեն XVII–XVIII դդ․ հայեր են ապրել Ռըմնիկում։ XVII դ․ հայկական գաղութ է եղել Բրըիլայում, որի հին եկեղեցու տեղում 1868-ին կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին։ 1889-ին Բրըիլայում ապրում էր 50 հայ ընտանիք (XIX դ․ վերջին գործել է հայկական դպրոց, 1903-ից՝ մանկապարտեզ)։ XVIII դ․ Վալախիայում հայերի թիվը հասել է մոտ 3 հզ–ի։ Հետագա գաղթերի հետևանքով Վալախիայի հայկական գաղութն ավելի է ստվարացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Բուխարեստում կար մոտ 12 հզ հայ։ Հայկական ոչ մեծ գաղութներ կան Բրըիլայում, Պիտեշտում, Ֆոկշանում, նաև Կրայովա, Ջուրջու, Տուրնու, Սևերին և այլ քաղաքներում։

1448, 1456-1462 և 1476 թթ. այստեղ իշխել է «հանրահայտ արյունարբուն»՝ Վլադ Դրակուլան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալախիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 229)։