Միխայիլ Կուտուզով
Կուտուզով Միխայիլ Իլլարիոնովիչ (սեպտեմբերի 5 (16), 1745, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 16 (28), 1813, Բոլեսլավեց, Լեհաստան), ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ (1812 թվական)։ Միխայիլ Կուտուզովը ականավոր զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի աշակերտն էր: Մասնակցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, աչքի է ընկել 1790 թվականի դեկտեմբերի Իզմայիլի բերդի գրավման ժամանակ: 1805 թվականի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատարը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1792-1794 թվականներին ղեկավարել է Կոստանդնուպոլսի ռուսական արտակարգ դեսպանությունը։ 1805 թվականի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատար։ Աուստերլիցի ճակատամարտից հետո Կուտուզովին հաջողվել է ռուսական բանակը զերծ պահել թշնամու գերազանցող ուժերի ջախջախիչ հարվածից։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմում նշանակվել է (1811 թվականին) մոլդավական բանակի գլխավոր հրամանատար։ Հունիսին Ահմեդ փաշայի 60 հազարանոց բանակը հարձակվել է Ռուսչուկի վրա, բայց Կուտուզովն իր 15 հազարանոց զորքով հետ է մղել հարվածը, ապա նոյեմբերի 23-ին Սլոբոձեայի մերձակայքում շրջապատել ու պարտության է մատնել: Հոկտեմբերին սկսված հաշտության բանակցությունները Կուտուզովի դիվանագիտական հմտության շնորհիվ ավարտվել են 1812 թվականի մայիսի 16-ի Բուխարեստի պայմանագրով, որով Բեսարաբիան անցել է Ռուսաստանին:
1812 թվականի հունիսին ֆրանսիական բանակը Նապոլեոնի գլխավորությամբ ներխուժել է Ռուսաստան: Օգոստոսի 8-ին, երբ արդեն ռուսական զորքերը հանձնել էին Սմոլենսկը, ռուսաց Ալեքսանդր կայսրը Կուտուզովին նշանակել է գլխավոր հրամանատար: 1812 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվայից 124 կմ արևմուտք գտնվող Բորոդինո գյուղի մոտ տեղի է ունեցել վճռորոշ ճակատամարտ (տևել է 15 ժամ, գործի են դրել ավելի քան 1200 հրանոթ): Բորոդինոյի ճակատամարտում ֆրանսիացիները կորցրել են 58 հազար մարդ, այդ թվում՝ 47 գեներալ, ռուսները՝ 44 հազար մարդ, այդ թվում՝ 23 գեներալ: Ֆրանսիայի կայսրը հետագայում վկայել է, որ իր ճակատամարտերից «Մոսկվայի մոտ ճակատամարտում դրսևորվեց առավել քաջություն, անձնվիրություն, սակայն ձեռք բերվեց նվազագույն հաջողություն»: Մեծ կորուստները և անհրաժեշտ պահեստազորի պակասը Կուտուզովին հարկադրել են նահանջել դեպի Մոսկվա։ Ֆրանսիացիները զինուժի առավելություն ունեին: Ժամանակ շահելու և բանակը համալրելու նպատակով Կուտուզովը որոշել է Մոսկվան հանձնել: Մոսկվան հրդեհվել ու կողոպտվել է: Ծավալվել է պարտիզանական շարժում: Կուտուզովն այդ ընթացքում համալրել է բանակը և, անցնելով հակահարձակման, Տարուտինայի մատույցներում ջախջախիչ հարված հասցրել Հովակիմ Մյուրատի կորպուսին, իսկ Բերեզինայի ափին՝ ֆրանսիական հիմնական ուժերին:
1813 թվականին շարունակվել է նապոլեոնյան բանակի մնացորդների ջախջախումը Լեհաստանի և Պրուսիայի տարածքում: Գարնան սկզբին ռուսական բանակի առաջապահ հեծելազորային գունդը հասել է Էլբա գետը: Ապրիլի 28-ին Կուտուզովը վախճանվել է: Նրան փոխարինել է Պյոտր Վիտգենշտեյնը, ապա Միխայիլ Բարկլայ դը Տոլին։
Կուտուզովը պարգևատրվել է Գեորգիևյան I աստիճանի մարտական բարձրագույն շքանշանով (1812 թվականին)։ Ստացել է կոմսի (1811 թվականին), պայծառափայլ իշխանի և Սմոլենսկի իշխանի (1812 թվականին) տիտղոսներ։ Ժամանակակիցներն ընդգծել են Կուտուզովի բացառիկ խելքը, զորավարի և դիվանագետի փայլուն տաղանդը, հայրենիքին անսահման նվիրվածությունը։
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում սահմանվել են Կուտուզովի I, II (1942 թվականին) և III (1943 թվականին) աստիճանի շքանշաններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուխարեստի հաշտության պայմանագրեր (1812, 1913, 1918)
- Բորոդինոյի ճակատամարտ (1812)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Кутузов Михаил Илларионович / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ ![]() |
|