Սարմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարմատներ (լատ.՝ Sarmatae), մ․թ․ա․ III - մ․թ․ IV դարերում Տոբոլ և Դանուբ գետերի միջև ընկած տափաստաններում սփռված իրանալեզու ցեղերի ընդհանուր անվանումը։ Սարմատների վաղ ժամանակաշրջանի պատմությունն առնչվում է սավրոմատներին, որոնց միջավայրում էլ, հավանաբար, ձևավորվել են սարմատների ցեղային խոշոր միավորումները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց տնտեսությունը հիմնվել է վաչկատուն անասնապահության վրա։ Հողագործությամբ զբաղվել են նախկինում հողագործ բնակչություն ունեցած վայրերում հիմնավորված սարմատները։ Նոր արոտավայրեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև առևտրի ու կողոպուտների նպատակով քաղաքներին ու հողագործական շրջաններին մոտենալու ձգտմամբ, նրանք սկսել են շարժվել և բնակություն հաստատել արևմուտքում։ Մ․թ․ա․ III-II դարերից նրանց մի մասը յուրացրել է նախակովկասյան հարթավայրերը, մյուսները հաստատվել են Հյուսիսային Մերձսևծովյան տափաստաններում (Սարմատիա)։

Պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ II դարի վերջին սարմատները, իբրև սկյութների դաշնակիցներ, պայքարել են Պոնտոսի թագավորության դեմ, մասնակցել են Բոսպորի թագավորության ներքին պատերազմներին՝ աստիճանաբար բնակեցնելով դրա քաղաքները։ Մ․թ․ա․ I դարի սկզբին նրանց դաշնակցել են Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին՝ ընդդեմ Հռոմի։ Սարմատների արևելյան խումբը տնտեսապես և քաղաքականապես կապված է եղել Միջին Ասիայի պետությունների, հատկապես՝ Խորեզմի հետ։ Մ․թ․ I դարում նրանք արշավել են Անդրկովկաս, հայտնվել են Դանուբ գետի ափերին և բնակություն հաստատել Հռոմեական կայսրության սահմանների մոտ։ I-II դարերում նրանց մեջ հզորացել են հատկապես ալանները։ III դարում Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններում սարմատների տիրապետությունը խարխլել են գոթերը, իսկ IV դարում նրանց ջախջախել են հոները։ Նրանց մի մասը գոթերի և հոների հետ մասնակցել է ժողովուրդների մեծ գաղթին։ Նրանց առանձին խմբեր (մասնավորապես՝ ալանները) հասել են Իսպանիա և թափանցել Հյուսիսային Աֆրիկա։

Մեր երկրի հարավում պահպանված սարմատների խմբերը վաղ միջնադարում խառնվել են այլ ժողովուրդների (սլավոնական, հյուսիսկովկասյան), մեծ մասամբ՝ թյուրքալեզու ցեղերի հետ։ Օսերի լեզվում պահպանվել է սարմատների լեզվի հիմքը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց վաղ ժամանակաշրջանի (մ․թ․ա․ VII - III դարեր) մշակույթին բնորոշ է կենդանական կամ «գազանային ոճի» տարբերակը․ հագուստը, զենքերը, ամանները և կենցաղային այլ առարկաներ զարդարվել են կենդանիների հարթ, փորագիր, բարձրաքանդակ, ծավալային ոճավորված կերպարանքներով (ոսկի, բրոնզ, ոսկոր, եղջյուր, քար)։ Ավելի ուշ, նրանք մեծ վարպետության են հասել մետաղների դրվագման (տորևտիկոս) և ոսկերչական արվեստի մեջ․ «գազանային ոճի» պատկերներին (գլխավորապես՝ լարված պայքարում միահյուսված գիշատիչների ու հրեշների խիստ ծռմռված մարմիններ) զուգահեռ, տարածված են եղել թևավոր ոգիների, մարդակերպ աստվածությունների և բուսական մոտիվները։ Մ․թ․ա․ III դարում երևան գալով՝ II - IV դարերում ծաղկման է հասել սարմատներին բնորոշ «բազմագույն ոճը», հագուստը, մետաղյա արտադրանքը զարդարվել են գույնզգույն քարերով, ուլունքներով, մարգարիտներով և այլն։ Կենդանակերպ մոտիվները աստիճանաբար զիջել են երկրաչափական նախշերին։ Սարմատական ժամանակաշրջանի վերջում (III - IV դարեր) «բազմագույն ոճը» դարձել է ավելի ճոխ, իսկ իրերը՝ կոպիտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png